Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարաւորութիւն կը տրւի Արցախն ամբողջութեամբ օկուպացնել»
«ԱԼԻՔ» – 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ ՀՀ իշխանութիւնն Ադրբեջանին զիջեց/յանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին, ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողութեան տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցւածքային աշխատանքներ սկսեցին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Նախ մեկնարկեց դէպի Շուշի ճանապարհը, որից մէկ տարի անց արդէն երկրորդ` դէպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաեւ թունելներով:
Երկրորդ խոշոր ուղղութիւնը` դէպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը եւս թունելներով էր կառուցւում:
Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողութեան տակ անցած հայկական շրջանները միմեանց կապելու եւ հայկական Արցախը օղակի մէջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել:
2023 թւականի սեպտեմբերի ռազմական գործողութիւններից յետոյ, վերոնշեալ ուղղութիւններով ենթակառուցւածքային աշխատանքներում լուրջ փոփոխութիւններ մտցւեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիւութիւնը կա´մ կտրուկ ընկաւ, կա´մ նոյնիսկ դադարեց:
Իհարկէ, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը եւս յստակ ցոյց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նոյնիսկ կապիտուլիացիայից յետոյ այն աստիճան ամբիցիոզ չէին որքան 22 թ.-ի աշնանից յետոյ:
Աւելի պարզ ասած, ակնյայտօրէն, պատերազմից անմիջապէս յետոյ, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարաւորութիւն կը տրւի Արցախն ամբողջութեամբ օկուպացնել, հակառակ դէպքում որոշ մեգապրոյեկտներ լրիւ այլ կերպ կը պլանաւորւէին ու կիրացւէին:
Հայաստանի կառավարչի յայտնի յայտարարութիւններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերեալ, ինչպէս նաեւ` դրան յաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխութիւնների բերեցին, որի հետեւանքով նաեւ միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղաւ:
Հետեւանքը` յանձնւած ու հայաթափւած Արցախն է:
Յ. Գ. – Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հագոյցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղութեամբ տեղաշարժերն էր ապահովում: Մինչեւ 2023 թւականն այս հատւածը ամենաակտիւ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նւազել է»,- գրել է նա: