Վահէ Յովհաննիսեան. «Միակ պատասխանն Ալիեւին՝ Երեւանում բարձրացնել փոփոխութիւնների դրօշը»
Ստեփանակերտում Ադրբեջանի դրօշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգութիւնն էր։ Մեծ հաշւով այդ դրօշը բարձրացւել է մեր տների, մեր երեխաների օրօրոցների, մեր եկեղեցիների վրայ՝ ամենուր։ Եւ այդպէս է լինելու, քանի դեռ Երեւանում չի իջեցւել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՒՈՒԹԵԱՆ դրօշը։
Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց յետոյ Երեւանում իշխանութիւն չի փոխւում, չի գտնւում գոնէ մէկը, ով հրաժարական կը տայ։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետութիւն եւ երկրորդ ժողովուրդ չկայ։ Այստեղ է հիմնական խնդիրը։
Կա՞յ մի բան, որի տապալման դէպքում Նիկոլը հրաժարական կը տայ. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտութիւններ ու անհաշիւ զոհեր, Արցախի յանձնում, ու նա մնում է իշխանութեան։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա՛ մ իր իշխանութիւնը չպէտք է լինի, կա՛մ մենք։ Բայց այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգոյ»-ով։ Ալիեւին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրայ։ Սա ենք մենք՝ գոնէ այսօր։
Մենք ունենք ԱՄՕԹԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ, եւ մեր խնդիրն է՝ ամէն կերպ տարանջատւել դրանից։ Իշխանութեան նեղ խմբից, նրանց «մեծարգոյ» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պէտք է տարանջատւել ու չխաբել մեզ, թէ այն, ինչ կատարւում է, նորմալ է։ Սա մարդկութեան պատմութեան մէջ ամենաաննորմալ երեւոյթներից է։ Պէտք է տարանջատւել ամէն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանայ՝ մինչեւ իր նւազագոյն չափերը։ Սա պէտք է անել նաեւ ներքին հաշտեցման եւ պետական լայն համակարգի հետ երկխօսութեան ճանապարհով։ Սա պէտք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քւոտաւորում, ապագայ իշխանութեան մէջ երազած պաշտօնի մոտիւացիա, փայի կռիւ։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրօշներ են շատ վայրերում բարձրացւել ու ժամանակների փոփոխութեան արդիւնքում իջեցւել։ Բաքու-Երեւան- Բրիւսէլ- Մոսկւա համատեղ օպերացիայի արդիւնքում դատարկւած Արցախում դրօշ բարձրացնելով՝ Ալիեւը մատնում է հէնց դա։ Երեւանում արժանապատւութեան եւ գրագիտութեան դրօշի բարձրացումով արցախահայութեան իրաւունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գոյքային, հոգեւոր ժառանգութեան եւ այլն, բարձրացւելու են ու լուծւելու։ Ու դա չի լինելու ռեւանշիստական կամ ռազմատենչ իշխանութիւն, նոր պատերազմի պահանջ՝ ամենեւին։ Հին իրականութիւնն այլեւս չկայ, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։
Իսկ եթէ մենք չիջեցնենք ամօթի ու անարժանապատւութեան դրօշը Երեւանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կը բացենք ալիեւեան նոր դրօշների համար։ Սա պէտք է շատ յստակ հասկանալ եւ բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգութիւնը չի կատարւել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացւում էր բուն ողբերգութիւնը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրայեղ սխալ, եւ դրանք եղել են մի կողմից՝ ամենաստւերային պայմանաւորւածութիւնների եւ միւս կողմից՝ աններելի անգործութեան ամիսներ։ Սրա մասին պէտք է խօսել, որքան էլ ցաւոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման։
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր