Միջազգային ԶԼՄ-ներն են մեկնաբանում. «Հալէպի անկումը՝ Թալիբներից ու պանթուրքիստներից բացի էլ ումերի է ուրախացնում»
«Իրան-Իրաք-Սիրիա» երկաթուղային միջանցքի դէմ նորից է գլուխ բարձրացնում թուրքական ԴԱԷՇ-ը
![](/wp-content/uploads/2024/12/5723-780x470.jpg)
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հալէպն ահաբեկիչներից մաքրելուց ութ տարի անց, այսօր Սիրիայի այդ շրջանը կրկին կատաղի մարտերի թատերաբեմ է դարձել, ինչի հետեւանքով ահաբեկիչներին յաջողւել է վերականգնել վերահսկողութիւնը Հալէպի վրայ:
Որոշ փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Սիրիայում հերթական քաղաքացիական պատերազմն այլ պատճառ չունի, քան Իսրայէլի ու Թուրքիայի մեղսակցութիւնն ահաբեկիչներին աջակցելու հարցում: Թուրքիայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների ծայրայեղականների ուրախութիւնը այդ փաստի վկայութիւնն է։
Միւս կողմից, որոշ մեկնաբաներ կարծում են, որ Սիրիայում իրանական եւ ռուսական ուժերի ներկայութեան նւազեցումն ահաբեկիչներին կրկին ոտքի կանգնելու քաջութիւն է տւել։
Անցած չորեքշաբթի սիրիական ահաբեկչական խմբաւորումները «Հէյաթ Թահրիր ալ Շամի» գլխաւորութեամբ անակնկալ գրոհի դիմեցին սիրիական բանակի դէմ։ Ահաբեկիչները յայտարարել են, որ իբր այս գործողութիւնն իրականացւել է ի պատասխան սիրիական բանակի կողմից վերջերս Իդլիբում ապստամբների վերահսկողութեան տակ գտնւող տարածքների հրետակոծմանը:
The Guardian-ը յիշեցնելով «Ալ Ղայիդա»-ից մնացած խմբաւորումների ակտիւանալաու մասին նշել է, որ ընդամէնը երեք օր պահանջւեց, որպէսզի մարտերը հասնեն Հալէպ, եւ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները հաստատւեն շրջակայ տարածքներում:
«Միաժամանակ համացանցում հրապարակւել են չհաստատւած պատկերներ ու տեսանիւթեր, որոնք յայտնում են Հալէպի փողոցներում զրահատեխնիկայի ու զինւած ապստամբների առկայութեան մասին։ Այժմ խօսւում է այն մասին, որ Հալէպի զգալի մասն անցել է ահաբեկիչների վերահսկողութեան տակ, իսկ նրանք դեռ փորձում են առաջ շարժւել»,- գրել է թերթը։
Թալիբները մի պահ ուրախացան ահաբեկիչների յաղթանակով
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հիւսիս-արեւմտեան շրջաններում ահաբեկիչների առաջխաղացման լուրերով Սիրիայի պանթուրքիստական խմբաւորումներից մի քանիսը եւ թալիբների լրատւամիջոցներն չթագցրեցին իրենց ուրախութիւնը: Թէեւ Թալիբները պաշտօնապէս հերքեցին, սակայն Al Jazeera-ի փոխանցմամբ՝ տեղեկատւական դաշտում իւրաքանչիւր հրապարակում կարող է իր տրամաբանական ազդեցութիւնը թողնել իրավիճակի վրայ, ուստի հերքման մասին լուրերը եւս կարեւոր են նրանով, որ համարժէք տրամաբանութեան մասին են յիշեցնում: Al Jazeera-ն գրում է, որ թալիբները շնորհաւորել են մուսուլմաններին ու սիրիացի ժողովրդին Հալէպի «ազատագրման» կապակցութեամբ։ Իհարկէ, Աֆղանստանի իսլամական էմիրութեան խօսնակը հերքել է այս լուրը։
Մերձաւոր Արեւելքի եւ Ուկրաինայի պատերազմներն՝ առիթ Թուրքիայի համար
Մերձաւոր Արեւելքում եւ Ուկրաինայում հակամարտութիւնների պատճառով որոշ արտասահմանեան լրատւամիջոցներ հաղորդում են, որ սիրիական ահաբեկչական խմբաւորումները հնարաւորութիւններ են փնտրում։ Սիրիային ու «Հեզբօլլահ»-ին Իրանի աջակցութեան վերաբերեալ The New York Times-ը գրել է. «Իրանը երկար ժամանակ է, ինչ Սիրիայի տարածքից աջակցում է Լիբանանի «Հեզբօլլահ»-ին: Այն յայտնի է որպէս դիմադրութեան առանցք: «Իրանը եւ «Հեզբօլլահ»-ը կենսական նշանակութիւն ունեն Բաշշար Ասադի համար, յատկապէս Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում»,- նշել է յօդւածագիրը:
The New York Times-ը պնդում է, որ Գազայում ու Լիբանանում շարունակւող պատերազմի պատճառով Իրանն ու տարածաշրջանում նրա միւս վստահւած ուժերը չեն կարողանում ամբողջ ուժերով կենտրոնանալ Սիրիայի վրայ։ Ամերիկեան այս թերթը անդրադարձել է նաեւ Իրանի եւ Ռուսաստանի իրավիճակին. «Իսրայէլն ամիսներ շարունակ յարձակւել է Սիրիայի վրայ եւ թիրախաւորել այս երկրում իրանցի հրամանատարներին ու մարտիկներին, կամ խոցել՝ Լիբանան տեղափոխւող սպառազինութեան շարասիւնները: Մինչդեռ պրն. Ասադի միւս կարեւոր ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ներգրաււած է Ուկրաինայի պատերազմի մէջ»։
CNN-ը եւս վերջին իրադարձութիւնների մասին իր հրապարակումներում նշել է. «Այս գրոհի համար ընտրւած ժամանակը եւս կարեւոր է, քանի որ Սիրիայի գլխաւոր հովանաւոր Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրայ, իսկ նրա միւս գլխաւոր դաշնակիցը՝ Իրանը, Իսրայէլի կողմից նրա վրայ յարձակումները պատասխանելու վրայ»:
CNN-ի մեկնաբանի կարծիքով՝ նման հաշւարկների համար պէտք է լաւագոյնս տիրապետել պետական գաղտնիք համարւող տեղեկատւութեանը, ինչը ժամանակի հետ բեմում յայտնւած զինւած խմբաւորումների գործը հաւաքագրւել է գործին միջամուխ երկրների յատուկ ծառայութիւնների կողմից:
Իսրայէլական Yediot Aharonot թերթը վերջերս նշեց. «Անկսակած անմիջական կապ կայ Սիրիայում զինեալների կողմից Հալէպի դէմ անսպասելի յարձակման եւ Լիբանանում հրադադարի միջեւ»: Թերթը յիշեցնելով Իսրայէլի վարչապետի յայտարարութիւնը, որ զինադադարը առիթ է տալու կենտրոնանալ Իրանի վրայ. «Իսրայէլի ռազմաօդային ուժերի կրկնակի յարձակումները, կարծես, հիմք ու հնարաւորութիւն են տւել գրոհայիններին՝ ազատ տեղաշարժւելու եւ համախմբւել գրոհի կազմակերպման համար»,- գրել է թերթը:
Այնուամենայնիւ փաստ է, որ ընտրւած շրջանը, որի դէմ ռազմական գործողութիւն է իրականացւում ահաբեկչական խմբաւորումների կողմից աշխարհագրօրէն համարւում է Սիրիայի կառավարութեան հիմնական յենակէտը երկրի հիւսիսում, որը պէտք է հետեւի զինւած քրդերի տեղաշարժին՝ արեւելքից, իսկ արեւմուտքից՝ Իդլիբում տեղակայւած ահաբեկչական խմբաւորումներին: Հալէպ նահանգը սահմանակից է նաեւ Թուրքիային, ինչը կենտրոնական կառավարութեան համար կարեւոր է վերահսկել իր սահմանը այն երկրի հետ, որի հետ նաեւ ուղիղ հակամարտութեան մէջ է։ Հալէպը նաեւ սիրիական ռազմական եւ ռազմաօդային ուժերի բազաների շտաբն է:
Սիրիան Հալէպից մինչեւ Դամասկոս լայնամասշտաբ հիբրիդային պատերազմի մարտադաշտ
Իրանցի մեդիափորձագէտ Հասան Բաւէյրն իր վերջին հրապարակումներից մէկում նշել է, որ Սիրիայում վերջին հակամարտութիւնը լարւածութեան նոր վտանգներ են պարունակում հիբրիդային պատերազմի ասպարէզում. «Յատկապէս Հալէպի վրայ ահաբեկչական յարձակումները, Համայի անկման մասին լուրերը եւ Դամասկոսում տեղի ունեցած իբր՝ անկարգութիւնների մասին լուրերը համակցւած պատերազմի արդիւնաւէտ օգտագործման օրինակ են»: Նա յաւելել է, որ Հալէպի վրայ յարձակումը հոգեբանական խորը ազդեցութիւն է ունեցել Սիրիայի հասարակութեան վրայ:
«Այս յարձակումները հիմնականում ուղղւած են խուճապ ստեղծելուն եւ հասարակութեան վստահութիւնը նւազեցնելու անվտանգութիւնն ապահովելու (կառավարութեան) կարողութեան նկատմամբ»,- նշւած է գրառման մէջ:
Նրա կարծիքով՝ ռազմավարական Համա քաղաքի անկման մասին լուրերով աւելի հասկանալի դարձաւ լրատւամիջոցների ուժը հասարակական կարծիք ձեւաւորելու գործում։
«Դամասկոսում անկարգութիւնների մասին կեղծ լուրերի նպատակաուղղւած լայն տարածումը վկայում է այս ճգնաժամի եւս մէկ վտանգաւոր փուլի մասին, որն աւելի քան երբեւէ օգտագործում է անկայունութիւն առաջացնող գործիքներ, իսկ սա իրեղէն գոյն է ստանում ահաբեկչամէտ լրատւամիջոցների արսենալն ի գործ դնելու փորձով, որոնք փորձում են կասեցնել կենտրոնական կառավարութեան ազդեցութիւնը ստեղծելով ներքին ճգնաժամ, միաժամանակ թուլացնելով արտաքին սպաժնալիքներին արձագանգելու կարողութիւնը»,- գրել է Հասան Բաւէյրը:
Յատկանշական է, որ լրատւամիջոցները որպէս հզօր միջոց ու զէնք օգտագործելը եւս մէկ անգամ ցոյց է տալիս տարածաշրջանային զարգացումներում հիբրիդային պատերազմի մեթոդների առաւելութիւնը դասականի նկատմամբ։
Ասեկոսեների լայն տարածումը, նոյնիսկ եթէ դրանք անհիմն են, կարող են բարոյալքել իշխանութեան կողմնակիցներին եւ ամրապնդել ապստամբների դիրքերը։
Տարանցիկ ուղիների հակամարտութիւնը
Իրանի մշակած տարանցիկ երթուղին Իրաքից Սիրիա եւ Միջերկրական ծովով արեւելքն արեւմուտքին կապող նախագիծն է: Այն յաւակնում է դառնալ Չինաստան-Արեւմտեան Ասիա-Միջերկրական ծով երթուղին, իսկ այնտեղից՝ Եւրոպա միջանցքի մի մասը: Դրանով Իրանը յաւակնում է դառնալ Արեւելքը նախագծին կապող հիմնական օղակը: Իրանը նոյն նախագծի շրջանակներում պատրաստւում էր երկաթուղային գծերը միացնել Լաթաքիա նահանգին, իսկ այնտեղից Տարտուսին, որով զարգանալու են, յատկապէս, տարածաշրջանի առեւտրային գօտիները:
Իրանի նախագիծը կարող է լաւագոյն տարբերակը լինել չինական ապրանքների Եւրոպա արտահանման համար այն ժամանակ, երբ եւրոպական ցամաքային ուղիները փակ են Ռուսաստանի հետ ծագած խնդիրների բերումով: Այսպիսով Իրանն ու Սիրիան յայտնւելու են կարեւոր դերում, քանի որ արեւելքից՝ Եւրոպա ապրանքաշրջանառութեան հետ միասին, Իրան-Իրաք-Սիրիա առանցքով տարանցիկ ուղիների նշանակութիւնը կը մեծանայ եւ տարածաշրջանին կայունութիւն հաղորդելով իր ազդեցութիւնը կունենայ նաեւ այդ երկրների տնտեսական զարգացման վրայ։
Իրանը Իրաքում ու Սիրիայում իր համար սահմանած ռազմավարական շահերից ելնելով փորձում է աւարտին հասցնել այս միջանցքը եւ մեծացնել առեւտրային համագործակցութիւնն իր դաշնակիցների ու գործընկեր երկրների հետ։
Թէեւ Իրանն ու Սիրիան որոշել են զարգացնել երկաթուղային ենթակառուցւածքը, սակայն կան որոշ խոչընդոտներ, որոնք բարդացրել են տարանցիկ ուղիները Միջերկրական ծովին միացնելու աշխատանքները:
Որպէսզի Իրանի երկաթուղային ցանցը միանայ Սիրիային, այն պէտք է անցնի Իրաքի ցամաքային ուղիներով, սակայն իրաքցիներն այս հարցում առանձնապէս ոգեւորւած չեն: Իսկ այդ խափանումն ունեցել է ե՛ւ ներքին, ե՛ւ միջազգային պատճառներ: Հիմնականում Իրաքում կառավարութիւնների խարխլութեան ու քաղաքական հոսանքների անհամաձայնութիւնների պատճառով չի ընկալւել այս ոլորտում համաձայնութեան հասնելու անհրաժեշտութիւնը: Իսկ Իրաքի իշխանութիւնները փորձում են իրենց ճաշակով առաջ տանել այս նախագիծը։
Որոշ փորձագէտներ կարծում են, որ խնդիրն ունի միջազգային կողմ նաեւ: Նրանց կարծիքով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործադրած ճնշումների բերումով Իրաքի կառավարութիւնը ձգձում է Իրանի նախագծած երկաթուղային ճանապարհն աւարտին հասցնելու աշխատանքները:
Ամերիկան, որը փորձում է ընդլայնել իր ազդեցութեան շրջանակն ու օկուպացումը արեւմտեան Իրաքի Անբար նահանգում, որն Իրաքը Սիրիային կապող առանցքն է, Իրանի միջանցքի կառուցումը համարում է լուրջ սպառնալիք տարածաշրջանում իր շահերի համար եւ փորձում է այն հեռացնել երկու երկրների իշխանութիւնների օրակարգից: Միւս կողմից, ահաբեկչական խմբաւորումների առկայութեան փաստն է, որոնց Իրաքում եւ Սիրիայում աւելի քան մէկ տասնամեակ է, ինչ մեծ անապահովութեան ու աւերածութիւնների պատճառ են դարձել, յատկապէս, Իրանի միջանցքով նախանշւած շրաջաններում, ինչն ապագայում եւս մնալու է որպէս գլխաւոր մարտահրաւէրներից մէկը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ վերջին տարիներին Իրանը, Իրաքը եւ Սիրիան անարգել օգտւել են միմեանց ճանապարհային երթուղիներից եւ զարգացրել տարածաշրջանային ապարանքաշրջանառութիւնը: Փաաստ է, որ շահախնդիր բոլոր երկրները հասկանում են, որ երկաթուղային երթուղիների կառուցմամբ գործընթացը անհամեմատ մատչելի գներով իրականացւելու է հեշտութեամբ:
Փորձագէտների կարծիքով՝ Իրանի առաջարկած տարանցիկ ուղին դէպի Միջերկրական ծով ռազմավարական մեծ նշանակութեամբ նախագիծ է, որն ունի տարածաշրջանի այլ երկրների ձեռամբ մշակած մրցակից նախագծեր եւս: Այս առումով իւրաքանչիւր կողմ գիտակցում է, որ ցանկացած կողմ, ում յաջողւելու է այն զրոյից հասցնել 100-ի, ի զօրու է լինելու Արեւմտեան Ասիայում իր հաւասարումները թելադրել:
«Հիւսիս-Հարաւ» երթուղու երկայնքով Իրանի առաջարկած լրացուցիչ միջանցքի կառուցումը կարող է Իրանը վերածել տարածաշրջանի առեւտրային յանգոյցի եւ տապալել Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-Իսրայէլ նախագիծը։