«ՀՀ իշխանութիւնները ինչքան կռանում են ադրբեջանցիների կօշիկների մօտ, այնքան պահանջները շատանում են»
Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը եւ Աննա Գրիգորեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթը եւ պատասխանել են լրագրողների հարցերին:
«Սրանք այն երկու կաղ, կոյր, խուլ եւ խելքից պակաս փղերն են, որոնց վրայ նրանք կառուցում են իրենց թէզերը»,- ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի այն պնդմանը, թէ Հայաստանի տնտնեսութիւնում առաջընթաց կայ, իսկ Հայաստանը երբեք այնքան անվտանգ չի եղել, ինչքան հիմա։
Պատգամաւորը նշել է, որ 2025 թւականի բիւջէի նպատակներն անիրատեսական են նոյնիսկ այն կառավարութեան կողմից վերանայելուց եւ աճը նախնական տարբերակից 10%-ով նւազեցնելուց յետոյ, իսկ պետական պարտքը հասցրել են աստղաբաշխական չափերի։
«Գործող կառավարութիւնը միայն պարտքի սպասարկման վրայ աւելի շատ փող է տալիս, քան Առողջապահութեան, Արդարադատութեան, ԱԳ նախարարութիւններին, բոլոր մարզպետարաններին։ Երեք օրում Գիւմրու բիւջէից աւելի շատ փողեր ենք դուրս տալիս պարտքի սպասարկման համար, իսկ արդիւնքում ունենք ընդամնէը 5% տնտեսական աճ, չնայած խոստացել էին առնւազը 7%»,- ասել է Արթուր Խաչատրեանը։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանն էլ նշել է. «Ինչպէս տեսնում ենք՝ խաղաղութեան պայմանագիր չկայ, աւելին հերթական առաջադրւած պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երեւի անհնար կը լինէր պատկերացնել, որ նման պահանջներ կը հնչեն ՀՀ-ի նկատմամբ»։
Պատգամաւորն անթուլատրելի է համարել, որ հայ ժողովուրդը եւ պատգամաւորները տեղեակ չեն թէ ինչ է բանակցւում Բաքւի հետ։
Գրիգորեանն աբսուրդային է համարել, որ քննարկման թեմա է դարձւում Յովիկ Աղազարեանի (ԱԺ պատգամաւոր, որը նախօրէին հեռացւեց ՔՊ շարքերից-ԽՄԲ.) թեման եւ անդրադարձ չկայ Ադրբեջանի յայտարարութեանը, որ ադրբեջանցիները պէտք է գան Հայաստան՝ յիշեցնելով, որ իշխանութիւններն ընդդիմութեան համար խոչընդոտներ էին ստեղծում արցախցիների վերադարձի հարցով քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում եւ յայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։
Արթուր Խաչատրեանն էլ նկատել է, որ իշխանութիւններն անընդհատ յայտարարում էին, թէ խաղաղութեան պայմանագրում 16 կէտ կայ, բայց նախորդ օրը Արարատ Միրզոյեանը յայտարարել է 17-րդ կէտի մասին եւ նշել է, թէ գործող իշխանութիւններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կօշիկների մօտ, այնքան պահանջները շատանում են։
Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետեւողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորեանն ասել է. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթաւորւած իրողութիւններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրութիւններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանօթանալու՝ ասելով թէ նախատեսւած չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնւազը 2 տարի վարչապետի սեղանին է դրւած բոլոր մանրամասնութիւններով, վատնումներով եւ բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մօտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կայ,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կայ, բայց որեւէ բացայայտում չկայ, ինչու, որովհետեւ կամ այն առնւազը տանում է Նիկոլ Փաշինեանի վրայ եւ ինքը չի ուզում որպէսզի այն բացայայտւի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրայ, ում Փաշինեանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։