Վարդան Ոսկանեան. «Սիրիայում ամէն ինչ դեռ նոր է սկսւում»
«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը շարունակում է հետեւել եւ մեկնաբանել իրավիճակը Սիրիայում: Ըստ նրա՝ տեղի ունեցող գլխաւոր իրադարձութիւնների միայն սկիզբն է:
«Եթէ թւում է թէ Սիրիայում ամէն ինչ աւարտւել է, ապա դա կոպտագոյն սխալ է: Սիրիայում ամէն ինչ դեռեւս նոր է սկսւում, եւ այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թէ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։
Արդէն իսկ ակտիւ բախումներ են ընթանում քրդական եւ թուրքամէտ ուժերի միջեւ, ըստ ադրբեջանական աղբիւրների՝ նաեւ թուրքական օդուժի ուղղակի ներգրաւմամբ։
Իսրայէլում ակտիւօրէն աշխատում են Գոլանի բարձունքերից հիւսիս Սիրիայի տարածքում դրուզների ինչ-որ ինքնավար միաւորի ստեղծման կամ այդ տարածքն Իսրայէլին փաստացիօրէն կցելու ուղղութեամբ։
Նեթանիահուն իր ելոյթում յատուկ առանձնացնում է սիրիացի քրդերին, իսկ իսրայէլական ԶԼՄ-ները խօսում են քրդական ուժերին իսրայէլական հնարաւոր աջակցութեան մասին։
Ռուսաստանը ձգտելու է առնւազն պահպանել իր ծովային ռազմակայանը Տարտուսում, իսկ Իրանը՝ ապահովել ցամաքային կապը Լիբանանի հետ Սիրիայում ձեւաւորւելիք նոր իրողութիւնների պայմաններում։
Ինչպէս ցանկացած այլ նմանատիպ կազմաւորում, «Թահրիր ալ-Շամը» եւս արդէն հանգիստ կարող է փոխել իր աջակցին, յատկապէս, եթէ գտնւեն Էրդողանից աւելի հարուստ «հովանաւորներ», իսկ այդպիսիք արաբական աշխարհում կան։
Սիրիայում նոր ձեւաւորւելիք իշխանութիւնն էլ առայժմ «հանելուկային» է, որովհետեւ միմեանց կոտորելու պատրաստ տարբեր խմբաւորումները «միասնական» էին, քանի դեռ կար ընդհանուր թշնամի՝ ի դէմս Բաշշար Ասադի, մինչդեռ այժմ ոչ միայն նա չկայ, այլ նաեւ սկսւելու է իշխանութիւնը կիսելու «հրապուրիչ» գործընթացը»,- գրել է նա:
Նշենք, որ Վարդան Ոսկանեանն աւելի վաղ սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել էր Սիրիայի անկմանը եւ դրանից բխող Հայաստանի համար նոր մարտահրաւէրներին:
«Դամասկոսն ընկաւ սիրիական պետութեան ու բանակի անփառունակ եւ թուլամորթ պահւածքի հետեւանքով:
Ահաբեկչական բնոյթի «Թահրիր ալ Շամ» կազմակերպութիւնը հերթական օրինակն է, թէ ինչպէս աւելի փոքր, բայց գերկազմակերպւած եւ մարտնչելու կամք ունեցող խումբը յաղթում է իրենից հզօր հակառակորդին։
Մերձաւոր Արեւելքն այլեւս այն չէ, ինչ երէկ էր, քանի որ էրդողանական վարչախումբն էլ աւելի ինքնավստահ եւ լկտի է գործելու։
Սա Հայաստանի համար նոր եւ վտանգաւոր մարտահրաւէր է, բայց ոչ ամենեւին յուսահատութեան պատճառ, քանի որ ցանկացած մարտահրաւէրին զուգահեռ բացւում են նաեւ հնարաւորութիւններ։
Դամասկոսի անկումն էլ աւելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ միւս կողմից թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցութիւնը։ Քրդերը ստանալու են հնարաւորութիւն աւելի ազատ գործելու՝ նոյն այդ էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի եւ այլ տիրոյթներում չի բացառւում ամերիկաթուրքական շահերի բախումը եւ այլն։
Մերձաւոր Արեւելքը յաւերժական պայքարի տարածք է, եւ այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետութիւնները, որոնք ունեն կամք եւ իմաստնութիւն պատրաստ լինելու այդ պայքարին եւ դրանում ի վերջոյ յաղթելու»,- գրել էր նա: