ՄիջազգայինՔաղաքական

Ռուբէն Մելքոնեան. «Սա Մեծ Մերձաւոր Արեւելքի վերաձեւման եւ վերափոխման փուլերից մէկն է, սակայն ոչ վերջինը»

«ԱԼԻՔ» – Սիրիայում ծաւլւող իրադարձութիւնները շարունակում են մնալ հայկական փորձագիտական շրջանակների տեսադաշտի կիզակէտում:

ԵՊՀ արեւելագետութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանն անդրադառնալով Սիրայում ընթացող գործընթացներին, նշել է որ դրանք Մեծ Մերձաւոր Արեւելքի վերաձեւման եւ վերափոխման փուլերից մէկն է, սակայն ոչ վերջինը:

«Սիրիայում Ասադի իշխանութեան տապալումից եւ թուրքամէտ զինւած խմբաւորումների սրընթաց յաղթանակից յետոյ կարելի է փաստել եւ կանխատեսել հետեւեալը.

1. Սա Մեծ Մերձաւոր Արեւելքի վերաձեւման եւ վերափոխման փուլերից մէկն է, սակայն ոչ վերջինը:

2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողութիւնների եւ ուժերի յարաբերակցութեան փոփոխութեան ամրագրումն է գործնական հարթութիւնում եւ ռէալ քաղաքական գետնի վրայ:

3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռեակողմ կրկին Թուրքիայի ռէալ յաղթանակն ու ձեռքբերումն է՝ նաեւ ի հաշիւ միւս երկուսի:

4. Սա Թուրքիայի դերի, հեղինակութեան աճն է եւ դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցութեան թուլացումը, որն ունի մօտ ապագայում էլ աւելի նւազելու ու զրոյանալու միտում:

5. Թուրքիայի յայտարարութիւններում ակնյայտ են յղումները պատմութեան տարբեր փուլերին եւ իրավիճակներին, որոնք յստակ քաղաքականութեան շնորհիւ ներկայումս դառնում են իրողութիւններ:

6. Ռուսաստանի եւ Իրանի յայտարարութիւնները, սպառնալիքները եւ իրական գործողութիւններն ու քայլերը հետզհետէ էլ աւելի են հեռանում իրարից՝ վերածւելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանութեան, իսկ սպասւող «հիմնաւորումները», թէ Ասադի բանակը չկռւեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրեայ պատերազմից յետոյ հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը եւ մենք ոչինչ չէինք կարող անել» ձեւակերպմանը:

7. Իրադարձութիւնները ցոյց կտան, թէ նոր Սիրիան կը լինի Թուրքիայի ուղղակի եւ ուժեղ ազդեցութեան տակ երկիր, թէ՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտայայտման միջոցով եւ ժողովրդի կամքով» դէ իւրէ կը միանան Թուրքիային որպէս նահանգներ:

8. Էրդողանը կերտեց իր եւս մէկ լրջագոյն յաղթանակը եւ դա նրան կապահովի նախագահի պաշտօնում կրկին ընտրւելու ռէալ շանս, եթէ առողջական վիճակը եւ մարդու վերահսկողութեան տակ չգտնւող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան:

9. Էրդողանը նաեւ սրանով գործնական քայլ արեց դէպի 1920 թ. Քեմալ Աթաթուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտէզ, որի համաձայն Հալէպը եւ այլ սիրիական տարածքներ պէտք է լինեն Թուրքիայի կազմում:

Փորձեմ ներկայացնել այս ամէնի ազդեցութիւնը Հայաստանի եւ հայերի վրայ.

1. Ասադի Սիրիայի անկումը վստահաբար ոգեւորութիւն կառաջացնի Ադրբեջանում՝ թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ եւ կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնութեան մէջ մանաւանդ միւս երկու խաղացողների՝ Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակութեան անկման ֆոնին:

2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարէն այլ՝ յստակ թուրքամէտ պետութիւն է ձեւաւորւելու:

3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսւում է անորոշութեան փուլ, որը կարող է յանգեցնել արտագաղթի եւս մէկ ալիքի: Իշխանութեան տիրացած թուրքամէտ ահաբեկչական խմբաւորումները որոշակի փոխել են մարտավարութիւնը եւ հռետորաբանութիւնը, ուստի քրիստոնեաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրւել, սակայն հետագայում տարաբնոյթ սցենարներ բացառւած չեն:

4. Յստակ է, որ նախկին Սիրիան այլեւս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխութիւն եւս կարելի է կանխատեսել, ինչպէս նաեւ Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում. օրինակ՝ Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած յուշարձանների, յիշատակի վայրերի քանդում:

5. Չի կարելի բացառել նաեւ, որ հայերի մի խումբ կը շարունակի ապրել Սիրիայում եւ կրկին թուրքական սցենարով նրանց վրայ կը կառուցւի նոր իշխանութիւնների «հանդուրժողականութեան» մասին պատրանքը»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է Մելքոնեանը:

Related Articles

Back to top button