«ԱԼԻՔ» – Ամերիկեան NBC հեռուստաալիքին տւած բացառիկ հարցազրոյցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը սկզբունքօրէն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցութիւնների։ Նա միաժամանակ զգուշացրել է Իրանի վրայ ցանկացած յարձակման մասին եւ կտրականապէս մերժել ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների ընտրապայքարի ընթացքում միջադէպերին մասնակից լինելու սարքած գործն ու մեղադրանքները:
Թեհրանում կատարւած այս հարցազրոյցում Հանրապետութեան նախագահը պատասխանելով միջուկային խնդրին վերաբերող հարցին, թէ արդեօք Իրանը պատրաստ է ուղիղ բանակցութիւններ վարել ԱՄՆ-ի հետ, յայտարարել է. «Թէեւ մեզ անհանգստացնում է ԱՄՆ-ի եւ եւրոպական երկրների ստանձնած պարտաւորութիւնների անկատար թողնելու անցեալը, այնուամենայնիւ ընդունում ենք հաւասար երկխօսութեան սկզբունքը հաշւի առնելով մեր արժանապատւութիւնն ու ընկալման կարողութիւնը, եւ ոչ մի կերպ չենք ընդունելու մեզ հետ ուժի լեզւով խօսելու փորձերին»։
Նա յաւելել է. «Եթէ իսկապէս խաղաղութիւն են ուզում, ապա ինչո՞ւ են մեզ ամէն օր սպառնում նոր պատժամիջոցներով: Կամ ինչո՞ւ են մարդ ուղարկում հասարակութեան մէջ՝ անմեղ քաղաքացիների սպանելու համար: Եթէ իսկապէս խաղաղութիւնն է նպատակը, ապա ինչի՞ համար են այս քայլերի դիմում»:
Իր հարցազրոյցում Փեզեշքիանը յայտարարել է Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի հետ դէմ առ դէմ հանդիպելու՝ սկզբունքային մօտեցումներով Իրանի պատրաստակամութեան մասին, միաժամանակ յիշեցնելով, որ Միացեալ Նահանգները նախկինում չի կատարել իր պարտաւորութիւնները եւ նոյնիսկ փորձել է տապալել Իրանի համակարգը։ «Մեր խնդիրը երկխօսութիւն ունենալ կամ չունենալու մէջ չէ: Խանդիրը երկխօսութեան ու բանակցութիւնների արդիւնքում ծնւած պարտաւորութիւնների մէջ է, որ պէտք է յարգւի»:
Հանրապետութեան նախագահը նշել է նաեւ, որ երբ Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ բանակցում էր մեծ տէրութիւնների հետ, հաւատարիմ մնաց ստանձնած բոլոր պարտաւորութիւնների կատարմանը: «Սակայն, ցաւօք, միւս կողմն էր, որ չկատարեց իր խոստումներն ու անկատար թողեց ստանձնած պարտաւորութիւնները»,- յիշեցրել է նա։
Հարցազրոյցի մէկ այլ բաժնում Փեզեշքիանը նշել է, որ Իրանը երբեւէ չի ձգտել պատերազմի մէջ մտնել, բայց պատրաստ է պաշտպանւել, եթէ իր միջուկային կենտրոնների դէմ յարձակում լինի: «Պատերազմով թող ոչ մէկը մեզ չվախեցնի: Բայց չենք ձգտում պատերազմով խնդիր լուծել»,- ասել է նախագահը։
Հանրապետութեան նախագահը «ինչ-որ պատրւակ՝ «ռումբ» ստեղծելու համար» ակնարկին պատասխանելով նշել է, որ դա Իրանի թշնամիներին էր պէտք, նման մեղադրանքներով Թեհրանի խնդիրը լարւած օրակարգով թէժ ներկայացնելու համար, եւ յաւելել, որ դա ոչ միայն ճիշտ չէր, այլեւ ժամանակ շահեց տարածաշրջանը անկայուն դարձրած եւ խաղաղ բնակչութեանը սպանդի ենթարկած կողմերի համար:
«Պատրա՞ստ էք ուղիղ բանակցութիւններ վարել Վաշինգտոնի եւ նախագահ Թրամփի հետ» հարցին պատասխանելով նախագահն ընդգծել է. «Մեր խնդիրը երկխօսութեան մէջ չէ: «5+1»-ի հետ երկար տեւած բանակցութիւններում մենք հաւատարիմ մնացինք ստանձնած բոլոր պարտաւորութիւններին, այն դէպքում, երբ միւս կողմն անտեսեց այն։ Մենք վստահ չենք, որ նոյնը չի կրկնւի նաեւ այս անգամ: Տրամաբանական անվստահութիւն կայ Իրանի Գերագոյն առաջնորդի մօտ բանակցութիւնների նկատմամաբ: Այն, որ եթէ բանակցենք, ու նորից դրժեն խոստումներն ու պայմանաւորւածութիւնը»:
Հարցին, թէ Իրանը որքան ժամանակ կարող է դիմանալ այս պատժամիջոցներին, կամ կայ արդեօք այդ առումով սահմանագիծ, նախագահը պատասխանել է. «Մենք մեր բնականոն կեանքով ենք ապրում, չնայած այն բոլոր ճնշումներին, որ մեր դէմ են գործադրում նրանք։ Մենք որոշակի վնասներ ենք կրել պատժամիջոցներից, բայց նաեւ մեծ ձեռքբերումներ ենք ունեցել այս պատժամիջոցների ու ճնշումների հետեւանքով։ Ինչքան մեծացնեն այս ճնշումը, այդքան ելքեր փնտրելու մեր ունակութիւնն ենք բարձրացնելու»:
Նախագահը պատասխանել է նաեւ հասարակական եւ տնտեսական բնոյթի այլ հարցերի, իսկ վերջում ի պատասխան «Կա՞յ որեւէ բան, որը կը ցանկանայիք ասել, բայց այդ մասին որեւէ հարց չի տրւել» նշել է. «Իրանի համար ցանկալի կը լնէր, որ աշխարհին լսելի դառնայ մեր ձայնը, այն, որ մենք՝ իրանցիներս, երբէք որեւէ պատերազմի սկսողը չենք եղել: Առնւազն անցած 250 տարիների ընթացքում Իրանի պատմութեան մէջ չէք կարող գտնել դրւագ, երբ Իրանը յարձակում գործած լինի կամ ներխուժած լինի որեւէ երկրի տարածք: Մենք յարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնը: Իսկ Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնները վերահաստատում են մեր շեշտադրումը, որ Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի։ Ով էլ որ այնտեղ իշխելու լինի, պէտք է իր ժողովրդի համար աշխատի։ Եթէ գոհ է այդ ժողովուրդը, գոհ ենք նաեւ մենք»:
Նա յաւելել է, որ եթէ Իրանը ներկայութիւն է ունեցել ինչ-որ վայրում, եւ եթէ այնտեղ ինչ-որ գործողութիւն է իրականացրել, իրականացւել է այդ երկրի կառավարութեան խնդրանքով: «Մենք կռւել ենք ԴԱԷՇ-ի եւ ահաբեկչութեան դէմ, եւ երբեւէ չենք հովանաւորել ահաբեկչպութեանն ու նման յանցաւոր խմբերին»,- նշել է նախագահը եւ յաւելել. «Եթէ բացենք աչքերն ու նայենք իրականութեանը, կը տեսնենք, որ Սիոնիստական ռեժիմն է, որ տարածաշրջանն անապահով է դարձրել եւ առանց վարանելու յայտարարում, որ թոյլ չեն տայ տարածաշրջանում խաղաղութիւն լինի: Իսրայէլն ասում է, որ պատրաստ է յարձակւել Իրանի վրայ, սա այն դէպքում, երբ մենք զսպւածութիւն ենք ցուցաբերում նրանց կողմից Իրանում կատարւած ահաբեկչութիւնների դէմ»:
Նոյն կապակցութեամբ ԻՌՆԱ-ն յիշեցրել է, որ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն աւելի վաղ ԱՄՆ-ում հրապարակւող «Foreign Affairs» ամսագրում հրապարակւած յօդւածում յայտարարել էր, որ «Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է բանակցութիւնների, այդ թւում Միացեալ Նահանգների հետ»: