ՌԴ ԱԳՆ. «Գերմանիան խոյս է տալիս Լենինգրադի շրջափակումը ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանութիւն ճանաչելուց»
«ԱԼԻՔ» – «Գերմանիայի իշխանութիւնները հետեւողականօրէն եւ նպատակաուղղւած կերպով խոյս են տալիս համաշխարհային հանրութեան համար ակնյայտ պատմական փաստի ճանաչումից, այն է՝ Լենինգրադի շրջափակումից եւ մարդկութեան դէմ այլ յանցագործութիւններից՝ կատարւած ԽՍՀՄ-ում պատերազմի տարիներին նացիստների կողմից, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ իրենց վայրագութեան աստիճանով աննախադէպ ցեղասպանութեան ակտեր Խորհրդային Միութեան ժողովուրդների դէմ»։ Ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ այս մասին նշւել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանութիւնում։
«Պաշտօնական Բեռլինը վախենում է անգամ բարձրաձայն արտաբերել ճշմարտութիւնը եւ փորձում է ամէն անգամ թաքնւել «ահաւոր չարագործութիւնների» եւ «տառապանքների» մասին ձեւակերպումների հետեւում։ Մենք այդ ամէնն արդէն լսել ենք եւ քանիցս կարդացել։ Եթէ Գերմանիայի ԱԳՆ-ն յոյս ունի այդ կերպ պարզապէս լռութեան մատնել Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանութեան ճանաչման հարցը, ապա շտապենք հաւաստիացնել մեր գերմանացի ընդդիմախօսներին, որ դա անել նրանց չի յաջողւի։ Մեր երկրի համար պատմական արդարութեան վերականգնումը գերմանական նացիզմի խորհրդային զոհերի հանդէպ սկզբունքային խնդիր է»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
Նրա խօսքով՝ գերմանական կողմը, մեկնաբանելով Լենինգրադի շրջափական մասին հարցերը, «անընդհատ վկայակոչում է Գերմանիայի կառավարութեան այսպէս կոչւած հումանիտար ժեստը, որի շրջանակում 2019 թ. նրանց յատկացւել է 10 մլն. եւրօ բուժսարքաւորումների արդիականացման համար Սանկտ Պետերբուրգի հիւանդանոցներից մէկում։
«Այդ որոշումն ինքնին, թւում է, թէ չի կարող առարկութիւններ առաջացնել, եթէ միայն չյիշենք այն մասին, թէ ինչ համատեքստում է այն ընդունւել Գերմանիայի իշխանութիւնների կողմից։ Այն պահին, երբ գերմանական կողմը երկար մտորումներից յետոյ որոշեց կատարել նշւած «հումանիտար ժեստը», Մոսկւան արդէն տարիներ շարունակ կոչ էր անում եւ շարունակում է կոչ անել Բեռլինին տարածել Լենինգրադի շրջափակման որոշ մասնակիցների հանդէպ իր իրականացրած փոխհատուցման վճարները բոլոր այլ լենինգրադցիների վրայ՝ անկախ նրանց ապրելու վայրից եւ էթնիկ պատկանելութիւնից։ Չէ՞ որ այսօրւայ դրութեամբ նման վճարումներ ստանում են բացառապէս հրէական ծագում ունեցող լենինգրադցիները։ Կարծում ենք, որ սա բացայայտ խտրականութիւն է շրջափակման միւս զոհերի նկատմամբ, որոնք հրաշքով ողջ են մնացել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Բանն այստեղ փողը չէ, այլ, ինչպէս եւ ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանութեան ճանաչման հարցում, պատմական եւ մարդկային արդարութեան վերականգնման անհրաժեշտութիւնը։ Ինչո՞ւ է գերմանական պետութիւնը կարծում, թէ շրջափակումը յաղթահարած հրեաներին վճարներ հասնում են, իսկ ռուսներին, բելառուսներին, ուկրաինացիներին, թաթարներին կամ վրացիներին՝ ոչ։ Ռուսաստանը չի ընդունում Բեռլինի փաստարկները, չի նահանջի իր պահանջներից եւ կը փորձի հասնել դրանց իրականացմանը գերմանական կողմից»,- աւելացրել է Զախարովան։