ՍփիւռքՔաղաքական

Մինչեւ աշխարհը չիմանայ եւ ճնշում չգործադրի իշխանութիւնների վրայ, խնդիրը լուծում չի ստանայ. ինչ է կատարւում Երուսաղէմում

«ԱԼԻՔ» – Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը պատմական սեփականութիւնը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրւում է, որ այն կուտակւել է 1994 թւականից։ Եթէ դատարանը մերժի պատրիարքութեան վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կը բռնագանձի եւ աճուրդի կը հանի Հայոց եկեղեցու ունեցւածքը: Հայկական ներկայութիւնը Երուսաղէմում վտանգւած է: News.am-ը այս թեմայով զրուցել է Երուսաղէմի հայոց պատրիարքարանի հոգեւորական Տ. Էմմանուէլ վրդ. Աթաջանեանի հետ:

«Հայկական համայնքը առաջին դարից ի վեր  ներկայութիւն է ունեցել Սուրբ երկրում՝ Երուսաղէմում: Տարբեր իշխանութիւններ են եղել, Հռոմէական իշխանութիւն, բիւզանդական իշխանութիւն: Իսրայէլը էստեղ եկել է 1948 թւականից, Իսրայէլը 1967-ից վերցրեց Երուսաղէմը եւ այստեղ կայ արեւմտեան եւ արեւելեան Երուսաղէմ: Արեւտեան Երուսաղէմը դա հրէական կողմն է, արեւելեան Երուսաղէմը արաբական կողմն է: Արեւմտեան Երուսաղէմում մենք ունենք կալւածքներ, որոնք մեր պատրիարքն է դեռ 100 տարի առաջ գնել, միաբանութիւնը օժանդակեց պատրիարքին, որովհետեւ նրա նպատակն էր հոգեւոր գրականութիւն տպագրել: Փառք Աստծոյ, որ բազում կալւածքներ մինչեւ հիմա այդպէս մնացել են: Օրինակ Թորգոմ պատրիարքը կարողացաւ այդ կալւածքները եւ սրբավայրերը  կարգի մէջ պահել եւ ապահովել, որպէսզի վանքը լինի ինքնաբաւ, բայց դրանից առաջւայ Եղիշէ պատրիաքրը շատ հաւատարիմ չի եղել վանքին եւ նրա օրօք շատ կալւածքներ են վաճառել եւ հայերի ձեռքից գնացել: Այդ տենդենցը մինչեւ հիմա ուզում են այսպէս ասած փաթաթել մեզ վրայ որովհետեւ Նուրհան պատրիարքն էլ տկարութիւն է ցուցաբերել, մի պարետ նշանակեց Երէցեան ազգանունով, որը տկարութիւն էր թոյլ տւել, պատրիարքին համոզել էր, որ պայմանագրերը, որ ստորագրեն լաւ պէտք է լինի, բայց իրականութեան մէջ մենք գիտենք թէ դրա հետեւը ինչ է կանգնած եղել:

Սուրբ երկրում կայ ստատուս քւօ եւ այդ ստատուս քւօն պէտք է պահենք, եթէ չպահենք միւս քրիստոնէական եկեղեցիներն էլ պիտի տուժեն: Նախեւառաջ հայերը կը տկարանան եւ իրենց ներկայութիւնը այստեղ կը դադարի ինչպէս վրացիների ներկայութիւնն է դադարել 18-րդ դարից ի վեր: Եթէ մենք էլ տկարանանք, Սուրբ երկիրը կը թողնենք ու կը գնանք: Ստեղծւած խնդիրը միայն եկեղեցու խնդիրը չէ, այլ ամբողջ ազգի»,-ասաց նա:

 Հարցին, թէ արդեօք կուտակւած ու չվճարւած հարկեր կան, որոնք եկղեցին չի վճարել, թէ դա ընդամէնը առիթ է ճնշումներ գործադրելու, Աթաջանեանը նշում է, որ դա ընդամէնը առիթ է, քանի որ եկեղեցին զուրկ է տուրքերից:

«Սրանք ասում են, որ պէտք է հարկեր վճարէք, բայց եկեղեցին իր առաքելութիւնը ունի՝ աղքատներին օգնելու, գիր-գրականութիւն տպելու, անվճար կրթութիւն տալու եւ այլն: Հիմա էս կառավարութիւնը այս մեթոդն է օգտագործում, որպէսզի մեզ մի տեղից բռնի, որ յանցաւոր հանի եւ այլեւայլ մեղադրանքներ ներկայացնի: Բայց սրանք փուչ են, սա է ամբողջ խնդիրը իրականութեան մէջ»,- ասաց նա:

 Հոգեւորականը նշում է, որ հիմա դատական պրոցեսներ յարուցելով ցանկանում են ապացուցել, իբր եթէ հարկերը չեն վճարել, ապա պէտք է այս կամ այն կալւածը վերցնել հայերից:

«Մինչեւ աշխարհը չիմանայ եւ ճնշում չգործադրի այս իշխանութիւնների վրայ, խնդիրը ոչ մի լուծում էլ չի ստանայ: Այս պետութիւնը մեզ պէտք է յարգի եւ ստատուս քւօն չպէտք է խախտւի, եկեղեցին տուրքեր չի վճարում»,-ասաց նա:

Յիշեցնենք, որ Երուսաղէմի հայոց պատրիարք Ամէն. Տ. Նուրհան արք. Մանուկեանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուին արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով: Ինչպէս յայտնում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ Աղան Գոգչեանը, նամակում պատրիարք հայրը յորդորել է վարչապետին միջամտել եւ դադարեցնել պատրիարքութեան դէմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողութիւնները, վերսկսել իր նշանակած կառավարական յանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Related Articles

Back to top button