Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որի գերագոյն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգութեան եւ բարգաւաճման ապահովումն է, չի կարող դէմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղութեանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ու հերթական նոր զիջումները որեւէ առնչութիւն չունեն իրական եւ կայուն խաղաղութեան գործընթացի հետ։

Տեւական եւ կայուն խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է, որպէսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, յարգի հայկական կողմի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ՝ կարգաւորման ենթակայ հարցերի ողջ փաթեթով։

Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ու համաձայնեցւած փաստաթուղթը չի յստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինւած ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագայ ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրւած Արցախի եւ արցախահայութեան իրաւունքներին, այդ թւում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտւած իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։

Բանակցւած փաստաթուղթն, ըստ էութեան, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վաւերացում։

Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացւող նոր նախապայմանները, մասնաւորապէս՝ միջանցքի տրամադրման, սահմանադրութեան փոփոխութեան, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործած անձանց» արտայանձնման, միջազգային դատական ատեաններից ՀՀ հայցերը յետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերեալ հնչող պահանջներն ուղղակիօրէն խարխլում են Հայաստանի ինքնիշխանութիւնը։

Ակնյայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էութեան, նպատակադրւում է փակել Արցախի հարցը, ձգտում է դէ իւրէ ամրագրել ցեղասպանութեամբ, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարաւորութիւնը։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստօրէն դատապարտում է գաղտնի բանակցութիւնների արդիւնքում Հայաստանին եւ հայ ժողովրդին պարտադրւող նոր զիջումները եւ յայտարարում, որ չի ընդունելու որեւէ փաստաթուղթ, որը ստորագրւել է Հայաստանի պետական շահերի հաշւին։

ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանութեան, անվտանգութեան ապահովման, ինչպէս նաեւ թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրութեան փոփոխութիւնը թոյլ չտալու հարցում։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

15.03.2025, Երեւան

Related Articles

Back to top button