Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը

«ԱԼԻՔ» – Վատիկանի Սուրբ Աթոռի Հայրապետական Գրիգորեան համալսարանում ընթացել է «Քրիստոնէութիւնը Ադրբեջանում. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագէտների, պատմագէտների եւ, առհասարակ, մտահոգ հանրութեան շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղւանական են ներկայացւել յատկապէս հայկական յուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թւում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը եւ այլն։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Յովհաննիսեանի հետ։ Զրուցակիցը նախ տարօրինակ է համարում գիտաժողովի խորագիրը՝ հարցադրելով, թէ՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջան պետութիւնը քրիստոնէութեան հետ միջնադարում։

«Դրանք այն կեղծ թէզերն են, որոնք շրջանառութեան մէջ են դրւել 1960-ական թւականներին, այսպէս կոչւած, ադրբեջանական ժողովրդի ծագման աղւանական կոնցեպցիայով, երբ Կովկասեան Աղվանքի էթնիկ խմբերը համարւեցին ադրբեջանական ժողովրդի նախնիները, եւ այդ ամէնը տարածւեց նաեւ Կուրի աջ ափի մշակութային ժառանգութեան վրայ: Այսինքն, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Սիւնիք եւ Վասպուրականի Նախիջեւան գաւառները համարւեցին աղւանական, արդիւնքում՝ այնտեղ գտնւող ողջ մշակութային ժառանգութիւնը համարւեց աղւանական։ Սա այդ քաղաքականութեան շարունակութիւնն է, որն աւելի մեծ թափ է ստացել Արցախի հայաթափումից եւ ամբողջական զաւթումից յետոյ»,- ասաց Լեռնիկ Յովհաննսիեանը։

Նա ցաւով է նկատում, որ այդ ամէնը տեղի է ունենում հէնց Վատիկանում։ Նրա խօսքով՝ աւելի քան երկու տասնամեակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականութեան մէջ եւ նոյնիսկ պետական մակարդակով ֆինանսաւորում է ուդիական համայնքին։

«Ասեմ նաեւ, երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը, Այսրկովկասի պատմութեան, մշակոյթի, ազգագրութեան, հնագիտական խնդիրներով զբաղւող որեւէ լուրջ գիտնականի անուն չկայ, մասնակցութիւն չեն ունեցել, իսկ օտարերկրեայ մասնագէտների մեծ մասն էլ, որոնք ելոյթ են ունեցել, խօսել են ընդհանուր դաւանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թէզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպէս կոչւած, մասնագէտները եւ մէկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականութիւնը եւ, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաեւ օգտագործելով օտարերկրեայ մասնագէտներին, ցոյց տալ իր յաւակնութիւնները Կուրի աջափնեայ մշակութային ողջ ժառանգութեան նկատմամբ»,- փաստեց Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետը՝ յաւելելով, որ Ադրբեջանում քրիստոնէութեան ի՞նչ հանդուրժողականութեան մասին է խօսքը, երբ Արցախի Հանրապետութեան տարածքում այսօր ոչնչացւում են ոչ միայն նոր կառուցւած եկեղեցիներ, այլ նաեւ հին՝ 19-րդ դարում կառուցւածը, երբ ամբողջ միջնադարեան մեր վիմագիր արձանագրութիւնները սպառնալիքի տակ են։

«Ի՞նչ ընդհանուր կրօնական հանդուրժողականութեան մասին է խօսքը, եւ այն ամէնը, ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ, համապատասխան կառոյցները պէտք է հետեւութիւն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երեւոյթներից մէկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրոյթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականութեան մէջ»,-նշեց Լեռնիկ Յովհաննիսեանը՝ յաւելելով․

«Նաեւ ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երեւոյթը: Դատապարտելի է նաեւ օտարերկրեայ այն մասնագէտների մասնակցութիւնը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականութիւնը, որն արւում է տարիներ շարունակ, եւ միջազգային հանրութիւնը պատշաճ ուշադրութիւն չի դարձնում այս ամէնին։

Մենք նաեւ յայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարւում է մշակութային ցեղասպանութիւն, եւ աշխարհը կրկին լուռ է: Այդ նոյն քրիստոնէական հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը, որը դարերով ստեղծւել է եւ պահպանւել է Արցախում, այսօր գտնւում է ոչնչացման, իւրացման վտանգի տակ: Այս ամէնն ուղղակի զայրոյթ է առաջացնում, եւ, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել այն վանդալիզմի եւ մշակութային ցեղասպանութեան քաղաքականութիւնից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

ՀԵՐՄԻՆԷ ԶԷՅՆԱԼԵԱՆ

Related Articles

Back to top button