Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Դեսպան Կոպիրկին. «Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թոյլ չեն տայ Արեւմուտքում գտնւող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար»

«ԱԼԻՔ» Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հարցազրոյցը «168 ժամ»-ի հետ:

 

Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային յարաբերութիւնների առջեւ ծառացած առանցքային մարտահրաւէրները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանութիւնից երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման համար: Սպասւո՞ւմ է արդեօք ռազմական համագործակցութեան երկկողմ պայմանագրի վերանայում:

– Կը սկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձաւոր դաշնակիցն է եւ առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել եւ թարմացնել՝ յարմարեցնելով տարածաշրջանում եւ աշխարհում արագ փոփոխւող իրողութիւններին:

Հայ-ռուսական յարաբերութիւնները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխաւորն այն է, որ Մոսկւան եւ Երեւանը փոխադարձաբար ձգտում են յաղթահարել առաջացող բոլոր դժւարութիւնները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց եւ վստահելի երկխօսութեան միջոցով։

Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմեանց։ Յունւարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը Մոսկւայում արդիւնաւէտ եւ օգտակար բանակցութիւններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրոյց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատւիենկոյի հետ. Արդիւնքում՝ յունիսի սկզբին նախատեսւում է վերջինիս այցը Երեւան: Ակտիւօրէն շարունակւում են միջգերատեսչական շփումները։

Ռուսաստանում յանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցութեան համակողմանի ամրապնդմամբ, ինչպէս նաեւ համատեղ պաշտպանութեան ոլորտում բոլոր պարտաւորութիւններին՝ ինչպէս երկկողմ ձեւաչափով, այնպէս էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը:

Ինչ վերաբերում է մարտահրաւէրներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացայայտ ու կոպտօրէն փորձում են «միմեանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրւում տարբեր քաղաքական մանիպուլիացիաներ, տեղեկատւական գործողութիւններ, պարզապէս բացայայտ ստեր եւ զրպարտութիւն։ Թէ ով է կանգնած դրա հետեւում՝ քաջ յայտնի է, ինչպէս նաեւ նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտութիւնը» տեսնելու մոլուցքը։ Յոյսը դնում ենք հայ ժողովրդի իմաստութեան վրայ, որը շատ լաւ հասկանում է, թէ ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։

 

Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկէտ շահերը Հարաւային Կովկասի տարածաշրջանում:

– Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարաւային Կովկասից: Բաւական է նայել քարտէզին՝ համոզւելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետեւաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասեան պետութիւնների հետ մեր կապերի ծաւալը, աշխարհագրութիւնը, պատմութիւնը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղութեան եւ կայունութեան, նրա տնտեսական բարգաւաճման, տրանսպորտային ներուժի բացայայտման կենսական անհրաժեշտութիւնը: Այդ ամէնի տրամաբանական հետեւանքն է Ռուսաստանի շահագրգռւածութիւնը Հայաստանի յուսալիօրէն պաշտպանւած եւ տնտեսապէս ամուր պետականութեան նկատմամբ։

Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման աւարտը, պատրաստակամութիւն է յայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը եւ լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձեւերով ու ծաւալներով, որոնք պահանջւած կը լինեն հէնց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապւած հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, մարդասիրական խնդիրներ եւ այլ հարցեր:

 

Համագործակցութեան ի՞նչ ձեւաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարաւո՞ր է արդեօք անվտանգութեան նոր ձեւաչափ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցութեամբ:

– Ոչինչ յօրինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ է բարձր մակարդակի փոխգործակցութեան ձեւաչափ, որի գործունէութեան արդիւնքում կուտակւել է 2020-2022 թւականների համապարփակ յայտարարութիւնների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թւականի յունւարին ստեղծւել է Հարաւային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահութեամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտայայտել է իր տեսակէտը, որ Հարաւային Կովկասի ճակատագիրը եւ ապագան պէտք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարեւանները: Անդրկովկասի բարգաւաճման եւ կայունութեան բանալին ներառական երկխօսութիւնն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը եւ արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մէջ ներքաշելու փորձերի չէզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիւօրէն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցութեան հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, միւս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդէն երկու նիստ է գումարւել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռեւս հետեւում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցութիւնների սեղանի շուրջ։ Յաջորդ հանդիպումները պէտք է կայանան Երեւանում եւ Բաքւում՝ կողմերի կողմից որոշւած հերթականութեամբ։ Այդ նոյն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարաւոր է քննարկել նաեւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերը։

Այս հարթակի շրջանակներում փոխգործակցութիւնը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան եւ Իրան ձեւաչափով շփումներով՝ տնտեսական եւ տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականութեան համակարգման հարցերի եւ մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կը լրացնեն, այլ ոչ թէ կը փոխարինեն երկկողմ պայմանաւորւածութիւններն ու աշխատանքն արդէն իսկ կայացած տարածաշրջանային ձեւաչափերի շրջանակներում։

 

Ի՞նչ դեր ունի Արեւմուտքը տարածաշրջանում Մոսկւայի տեսանկիւնից, եւ ինչպէ՞ս է դա ազդում Ռուսաստանի քաղաքականութեան վրայ: Որքանո՞վ է Ռուսաստանը լուրջ ընդունում Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնները ԵՄի եւ ԱՄՆի հետ կապերի ընդլայնման մասին:

– Նախեւառաջ կցանկանայի զգուշացնել կարծրատիպային կարծիքների տարածումից, թէ Ռուսաստանը, ըստ սահմանման, դէմ է արեւմտեան երկրների ցանկացած ակտիւութեանը եւ ներկայութեանը: Ամենեւին էլ ոչ։ Մեզ համար սկզբունքօրէն կարեւոր է, թէ ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարաւային Կովկաս։

Ցաւօք, մենք վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիւացող արեւմտեան պետութիւնների բարի նպատակներով հռչակագրերի հետեւում թաքնւած են ոչ բարի մտադրութիւններ։ Ի դէպ, նրանց պաշտօնական ներկայացուցիչներն իրենք են «մեղայականով ներկայացել» Ուկրաինայում Յատուկ ռազմական գործողութեան մեկնարկից անմիջապէս յետոյ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ-ի եւ նրա անդամ պետութիւնների պաշտօնատար անձինք «նետել են դիմակները» եւ սկսել են բացայայտ յայտարարել, որ մտադիր են հասնել Հարաւային Կովկասում Ռուսաստանի, ինչպէս նաեւ Իրանի եւ Չինաստանի «չարորակ» ազդեցութեան նւազեցմանը: Դրա հետ է կապւած նրանց նպատակասլացութիւնը՝ ոչնչացնել Երեւանի եւ Մոսկւայի դաշնակցային կապը՝ հայ գործընկերներին «յարաբերութիւնների դիւերսիֆիկացման» հարցում օգնելու պատրւակով։

Հայաստանը, որպէս ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրաւունքները՝ զարգացնելու յարաբերութիւններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մէկտեղ, մենք ողջամտօրէն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թոյլ չեն տայ Արեւմուտքում գտնւող ռուսատեաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպէս նաեւ չեն խաթարի իրենց մասնակցութիւնը եւրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին:

Related Articles

Back to top button