Ուկրաինայի հարցով ԱՄՆ գլխաւոր բանակցողը Թրամփի եւ Պուտինի միջեւ յաջող զրոյց է կանխատեսում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հարցով զբաղւող գլխաւոր բանակցող Սթիւ Ուիթքոֆը ABC News-ին տւած հարցազրոյցում կանխատեսել է, որ Թրամփը երկուշաբթի օրը յաջող հեռախօսազրոյց կունենայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ յայտարարելով, որ իր կարծիքով, այդ խօսակցութիւնը «մեծապէս կօգնի որոշելու, թէ որտեղ ենք մենք գտնւում եւ ինչպէս ենք աւարտելու այս բանակցութիւնները»։
«Ես հաւատում եմ, որ նախագահը յաջող հեռախօսազրոյց կունենայ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք ճանաչում են միմեանց։ Նախագահը լի է վճռականութեամբ այս հարցում ինչ-որ բանի հասնելու: Եթէ նա չկարողանայ դա անել, ապա ոչ ոք չի կարողանայ»,- յայտարարել է Ուիթքոֆը։
Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատւիրակութիւնները հինգշաբթի օրը Թուրքիայում հանդիպել են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղւած առաջին ուղիղ բանակցութիւններն անցկացնելու համար։ Ուկրաինական աղբիւրն այս բանակցութիւններից յետոյ ABC News-ին յայտնել է, որ ռուսաստանեան կողմն անիրատեսական պահանջներ է ներկայացրել։ Մէկ շաբաթ առաջ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը Մոսկւայի մասին ասել էր. «Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում»։
Հարցին, թէ արդեօք նա համաձայն է Վենսի գնահատականին, Ուիթքոֆն ասել է, որ իր կարծիքով, «սա շատ բարդ հակամարտութիւն է, որը չպէտք է տեղի ունենար»։
«Կարծում եմ, որ նման բանակցութիւններում մարդիկ որոշակի դիրքորոշում են որդեգրում,- ասել է Ուիթքոֆը։ – Այստեղ խնդիրը սահմանները նեղացնելն է… սա, գիտէք, մեծ հեռաւորութիւն է կողմերի միջեւ։ Եւ կարծում եմ՝ ինչ-որ չափով մեզ դա յաջողւել է։ Ինչ-որ չափով իւրաքանչիւր կողմ… գիտէք, պնդում է իր դիրքորոշումները։ Եւ կարծում եմ, որ երկուշաբթին մեծապէս կօգնի որոշելու, թէ որտեղ ենք մենք գտնւում եւ ինչպէս կաւարտենք այս բանակցութիւնները»։
Աւելի վաղ ԱՄՆ նախագահը յայտնել էր, որ այսօր՝ մայիսի 19-ին հեռախօսազրոյց կունենայ Պուտինի հետ, որից յետոյ կը զրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների» հետ։