Նորից շարունակում են հարւածել բանակի հիմքերին

«Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մօտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական եւ քաղաքական ներկայութիւնը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմէջ թուլացւում են հէնց օրւայ իշխանութիւնների ձեռքով։
Հայաստանի զինւած ուժերի ու ազգային անվտանգութեան համակարգի ներկայ վիճակը, ինչպէս երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում եւ ռազմավարական վերակառուցում ու վերակազմաւորում։ Առաջիկայում Հայաստանն էլ աւելի լուրջ խնդիրներ կունենայ, եթէ այս տեսանկիւնից հետեւութիւններ չարւեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացւող վերջին փոփոխութիւններն ու առաջարկները ոչ միայն ուղղւած չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգւում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։
Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրէնսդրական նախաձեռնութիւնը՝ պարտադիր զինծառայութեան ժամկէտը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով եւ ծառայել աւելի կարճ ժամկէտ, ոչ միայն խախտում է հաւասարութեան սկզբունքը, այլ փաստացի ձեւաւորում է խոշոր բեւեռացում. մի կողմում կը լինեն նրանք, ովքեր կարող են վճարել եւ ազատւել ծառայութիւնից կամ ծառայութեան անցնել «հեշտացւած» տարբերակով, միւս կողմում նրանք, ովքեր ստիպւած են իրենց ուսերին կրել ծառայութեան ողջ բեռը։ Այս մոդելը խորապէս անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանութեան գաղափարին եւ էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թէ ազգային միասնութեան խորհրդանիշի։ Դեռ չենք խօսում այն մասին, որ, օրինակ՝ մէկ ամիս ծառայութիւնը որակական առումով որեւէ արդիւնք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացւեն բանակային պայմաններին, ինքնին մէկ ամսից աւելի ժամանակ է պէտք։
Միւս կողմից՝ կայ տեսակէտ, որ առանց այդ էլ հարուստները կաշառքով ազատում էին իրենց զաւակներին ծառայութիւնից, ու էլի աղքատների յոյսին էր մնում բանակը: Այո, հնարաւոր է՝ կայ նման բան: Բայց ստացւում է, որ փոխանակ պայքարեն այս ոլորտում կոռուպցիայի դէմ (ինչպէս խոստացել էին այս իշխանութիւնները), գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Ու եթէ հիմա գուցէ շատ դէպքերում կարող են վախենալ կաշառք տալ ու վերցնել, ապա օրէնքի ընդունումից յետոյ սոցիալական բեւեռացումը կը դրւի օրինական հիմքերի վրայ: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման առաջարկը արւում է մի իրավիճակում, երբ բանակը այս տարիների ընթացքում որոշակի բարոյալքման է ենթարկւել՝ պայմանաւորւած իշխանութիւնների կողմից զինւած ուժերի յատուկ թիրախաւորմամբ, կադրային սխալներով, անարդիւնաւէտ կառավարմամբ, ոչ մարտունակ շերտերի գերակայութեամբ եւ զինծառայողների անվտանգութեան հետ կապւած բազմաթիւ միջադէպերով։
Ամէն ամիս պարբերաբար յայտնւում են լուրեր ծառայութեան ընթացքում վնասւածքներ ստացած կամ մահացած զինւորների մասին՝ ոչ թէ մարտական գործողութիւնների, այլ ներքին կարգապահութեան բացակայութեան, բախումների, անպատասխանատու հրամանատարութեան կամ բժշկական անփութութեան հետեւանքով։ Այս պատկերը վկայում է, որ համակարգը խոր ճգնաժամի մէջ է։
Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թէ ինչպէս է պետական քաղաքականութիւնը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդիւնաւէտութեան բարելաւմանն ուղղւած խորքային բարեփոխումներից եւ փոխարէնը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպէս «սոցիալական ինժիներութիւն»՝ բանակի գաղափարական եւ կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացայայտօրէն վտանգաւոր է, քանի որ Հայաստանի համար, հաշւի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պէտք է լինի հանրային համախմբւածութեան յենասիւնը։ Եթէ այդ յենասիւնը փոխարինւում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայութիւնը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգութեան համակարգը կը կորցնի իր համախմբող եւ համազգային բնոյթը։ Այսինքն, այն դէպքում, երբ հասարակութիւնը զգում է, որ պետութիւնն ինքն է թերագնահատում ծառայութեան արժէքը, ապա այդ նոյն հասարակութիւնը չի կարող ցուցաբերել պատրաստակամութիւն՝ անհրաժեշտ պահին անձնազոհութեան կամ դիմադրութեան համար։
Յատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ այս օրէնսդրական նախաձեռնութիւնը չի ուղեկցւում լայն հանրային քննարկմամբ։ Սա ցոյց է տալիս, որ պաշտպանական ոլորտում որոշումները կայացւում են ոչ թէ համաժողովրդական ներգրաւմամբ, այլ ներքին կաբինետային պայմանաւորւածութիւններով, որոնք չեն արտացոլում լայն հանրութեան կամքը։ Այս իրավիճակը հանգեցնում է վստահութեան ճգնաժամի խորացման՝ յատկապէս այն պարագայում, երբ հասարակութիւնն արդէն իսկ կասկածում է պետական համակարգի թափանցիկութեանն ու արդարութեանը։
Որքան էլ Հայաստանը ձգտի միջազգային հարթակներում պաշտպանութեան շուրջ համաձայնութիւններ ձեռք բերել, խորացնել փոխգործակցութիւնը, որոշակի սպառազինութիւններ ներկրել ու փորձի փոխանակում իրականացնել, միեւնոյնն է, եթէ բանակի ներքին կառուցակարգը չհզօրացւի, պաշտպանունակութեան մակարդակի բարելաւում չենք կարող ակնկալել։ Այն պետութիւնը, որն ի վիճակի չէ իր պաշտպանութեան համար գործուն մեխանիզմներ ձեւաւորել, իհարկէ, չի կարող ակնկալել, որ ուրիշներն իր համար կարող են այդպիսի մեխանիզմներ ստեղծել։
Վարւող անվտանգային քաղաքականութեան վերանայումը, հանրային վերահսկողութեան ուժեղացումը եւ ռազմավարական մտածողութեան վերադարձը պէտք է դառնան օրակարգային հարց, քանի դեռ ուշ չէ։ Բանակը միայն սպառազինութեամբ չէ, որ հզօրութիւն է ապահովում. այն պետութեան ողնաշարն է, իսկ առանց առողջ ողնաշարի պետութիւնը անկայուն կառոյց է՝ խոցելի բոլոր կողմերից։
«Փաստ»