ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինական զօրքերի դուրս բերում 4 շրջաններից, Ուկրաինայի տարածքում այլ երկրների զօրքերի տեղակայման արգելք եւ այլն

Հրապարակւել է ռուսաստանեան կարգաւորման յուշագրի ամբողջական տեքստը

«ԱԼԻՔ» – Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալութիւնը բացայայտել է ռուսական զինադադարի յուշագրի ամբողջական բովանդակութիւնը, որը ներկայացւել է յունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցութիւններում։ Հաղորդում է Tert.am-ը:

Ռուսաստանի կողմից հրադադարի երկու տարբերակ է առաջարկւել:

Առաջինը ենթադրում է ուկրաինական ուժերի դուրսբերում Դոնբասից, ինչպէս նաեւ Զապորոժիէի եւ Խերսոնի շրջանների տարածքներից: Նրանք պէտք է դուրս բերւեն ռուսական սահմաններից կողմերի համաձայնեցւած հեռաւորութեան վրայ։

Երկրորդը (կոչւում է «փաթեթային առաջարկ») նախատեսում է զօրքերի վերատեղակայման արգելք, մոբիլիզացիայի եւ Կիեւին օտարերկրեայ ռազմական օգնութեան մատակարարման դադարեցում, զօրացրման սկիզբ եւ երրորդ երկրների ռազմական ներկայութեան բացառում։ Պէտք է երաշխաւորւած լինի նաեւ Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների դէմ ուղղւած «դիւերսիոն եւ քայքայիչ գործողութիւններից»։

Բացի այդ, պէտք է ստեղծւի հրադադարի ռեժիմի մշտադիտարկման եւ վերահսկողութեան երկկողմ կենտրոն։ Կողմերը պէտք է իրականացնեն «քաղբանտարկեալների» փոխադարձ համաներում եւ ազատ արձակեն կալանաւորւած քաղաքացիական անձանց։ Բացի այդ, Ուկրաինայում պէտք է հանւի ռազմական դրութիւնը, իսկ իշխանութիւնները պէտք է նշանակեն Գերագոյն Ռադայի նախագահի ու պատգամաւորների ընտրութիւնների ժամկէտները։ Ընտրութիւնները պէտք է անցկացւեն ռազմական դրութիւնը վերացնելուց ոչ ուշ, քան 100 օր յետոյ։

Յուշագրի միւս դրոյթները սահմանում են՝

Ուկրաինայի չէզոքութիւնը եւ ռազմական դաշինքներին միանալու նրա հրաժարումը, այլ պետութիւնների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործունէութեան արգելք, երկրի ոչ միջուկային կարգավիճակի եւ Ուկրաինայի զինւած ուժերում առաւելագոյն թւով զօրքերի ամրագրում, Ռուսաստանի դէմ պատժամիջոցների վերացում եւ մի շարք այլ կէտեր:

Related Articles

Back to top button