ԱՄՆ-ը Իրանի դէմ պատերազմի ընդամէնը 11 օրում սպառել է ՀՕՊ THAAD բոլոր հրթիռների 15-20 տոկոսը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ բանակը Իրանի հետ 12-օրեայ ռազմական գործողութիւնների ընթացքում Իսրայէլի հակաօդային պաշտպանութեանն աջակցելիս THAAD (Terminal High Altitude Area Defense) հեռահար հրթիռային պաշտպանութեան համակարգի համար օգտագործել է առկայ ամբողջ զինամթերքի 15-20 տոկոսը: Այս մասին հաղորդել է Military Watch ամսագիրը։
THAAD հակահրթիռային համակարգի իւրաքանչիւր արձակման արժէքը գնահատւում է 12-15 մլն դոլար։ Իսրայէլում տեղակայւած համակարգի միջոցով ՀՕՊ գործողութիւնն արժեցել է մօտ 810 միլիոնից մինչեւ 1,215 մլրդ դոլար։
Իրան-Իսրայէլ ռազմական գործողութիւնների ինտենսիւութիւնը համեմատաբար ցածր է եղել, Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել չափաւոր արագութեամբ, որը զգալիօրէն ցածր է նրա իրական հնարաւորութիւններից, որպէսզի պահպանի արձագանգելու կարողութիւնը, եթէ Միացեալ Նահանգները լիովին մտնէր պատերազմի մէջ։
Միեւնոյն ժամանակ, THAAD համակարգն Իսրայէլում աւելի մեծ աջակցութիւն է ունեցել հակահրթիռային պաշտպանութեան այլ համակարգերի կողմից։
Եթէ Իրանը սկսէր աւելի ինտենսիւ հրթիռային յարձակումներ, այդ թւում՝ օգտագործելով աւելի շատ հրթիռներ մի քանի մարտագլխիկներով, կամ եթէ շարունակւէին ռմբակոծութիւնները 12-օրեայ հակամարտութիւնից յետոյ, Իսրայէլի THAAD համակարգի ներդրումը հակաօդային պաշտպանութեան գործողութիւններում արագ կը նւազէր։