ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դէմ Իսրայէլի կործանիչների գործողութիւններում Բաքւի դերակատարութիւնը փաստւած է

Իսրայէլական կործանիչների Իրանի տարածք մուտք գործելու հիմնական ուղիներից մէկը եղել է Ադրբեջանի Հանրապետութեան օդային տարածքը

«ԱԼԻՔ» – Թրամփի կանաչ լոյսով ԱՄՆ-ը ներքաշւեց Իրանի դէմ Իսրայէլի սանձազերծած պատերազմի մէջ: Այսպիսով Իսրայէլն ու Վաշինգտոնը տարածաշրջանը հասցրեցին աղետի եզրին՝ նպատակ ունենալով ոչնչացնել Իրանի համար կենսականօրէն կարեւոր ենթակառուցւածքները։ Միեւնոյն ժամանակ, Իրանի առաջադէմ հրթիռներն Իսրայէլի պաշտպանական վահանը դարձրին անարդիւնաւէտ եւ սրեցին անապահովութեան զգացումը իսրայէլական հասարակութեան մօտ։ Այս ճգնաժամը Նեթանիահուի եւ ամերիկա-իսրայէլական լաբիի վտանգաւոր խաղի արդիւնքն էր, որոնք Մերձաւոր Արեւելքի շահերը զոհաբերեցին անձնական նկրտումների համար։

Իսրայէլի գրոհներն Իրանի վրայ եւ Իրանի պատասխան հրթիռային համազարկն Իսրայէլի դէմ՝ տեւեց 12 օր։ Այս ընթացքում բազմաթիւ վկայութիւններ կան առ այն, որ պաշտօնական Բաքուն Իսրայէլի յարձակումները չդատապարտելուց բացի, իր օդային տարածքն է տրամադրել սիոնիստական ռեժիմի կործանիչներին ու անօդաչուներին՝ Իրանի դէմ գործողութիւններ իրականացնելու համար:

Միեւնոյն տարածաշրջանում, բայց համատեղ սահմաններ չունեցող երկու երկրների հակամարտութեան հարցը չէր կարող ռազմական փորձագէտների ուշադրութիւնից վրիպել:

Այս կապակցութեամբ X-ում հրապարակւած գրառումների շարքում առաւել ուշագրաւ փաստեր են ներկայացւել soheil2n օգտատիրոջ էջում, որին յղում տալով դոկտ. Էհսան Մովահեդիանը հակիրճ կերպով ներկայացրել է 12-օրեայ պատերազմում Բաքւի դերակատարութիւնը փաստող հատւածները, ինչը ներկայացնում ենք նոյնութեամբ: 

«Թեհրանի եւ Քարաջի ուղղութեամբ յարձակումների հիմնական մասն իրականացւել է Կասպից ծովի ուղղութեամբ՝ իսրայէլական կործանիչների Ադրբեջանի տարածքով անցնելուց յետոյ։ Իսկ Թաւրիզի եւ նրա շրջակայքի վրայ յարձակումներն իրականացւել են Իրաքի հիւսիսից Իրան մուտք գործելով։

Խոռամաբադի եւ Քերմանշահի վրայ յարձակումները հիմնականում իրականացւել են Իրաքի տարածքից՝ սահմանին մօտ լինելու պատճառով։

Եւ վերջապէս, Սպահանի, Նաթանզի, Արաքի եւ շրջակայ տարածքների վրայ յարձակումներն իրականացւել են թուլացած օդային պաշտպանութեան միջանցքով Իրան մուտք գործելով։

Մենք գիտենք, որ կործանիչները գտնւում էին Սպահանի մօտ (եւ, հետեւաբար, Իրանի ներսում), քանի որ նրանք օգտագործել են կարճ հեռահարութեան Spice-1000 ռումբեր (453 kg-ԽՄԲ.)»։

Յիշեցնենք, որ ի պատասխան՝ Իրանը հարիւրաւոր հրթիռներ արձակեց Իսրայէլում գտնւող թիրախների ուղղութեամբ: Հրթիռներ, որոնց մեծ մասը Իսրայէլի պաշտպանական համակարգերը չկարողացան որսալ՝ պատճառելով մեծ վնասներ։

Այս ընթացքում ռմբակոծւեցին միջուկային օբիեկտներ, մի շարք կառավարական շէնքեր ու կենտրոններ, ինչպէս նաեւ Իրանի տարբեր քաղաքներում գտնւող բազմաթիւ բնակելի թաղամասեր, որի հետեւանքով զոհւեցին տասնեակ բարձրաստիճան զինւորականներ ու միջուկային գիտնականներ, ինչպէս նաեւ բազմաթիւ քաղաքացիական անձինք, այդ թւում 30 երեխայ։

Related Articles

Back to top button