Աբու Դաբի. Ի՞նչ է բանակցւել փակ դռների յետեւում, որո՞նք են ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները

«ԱԼԻՔ» – Յուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի ունեցաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցութիւնները։
ՀՀ ԱԳՆ–ն հանդիպման արդիւնքներով բաւարարւեց յայտարարել, որ կողմերը «քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգի տարբեր ասպեկտներ»։
«Հաստատւել է, որ երկկողմ բանակցութիւնները կարգաւորման գործընթացին առնչւող բոլոր հարցերի քննարկման ամենաարդիւնաւէտ ձեւաչափն են, եւ այդ հիմքի վրայ որոշւել է շարունակել արդիւնքին միտւած նման երկխօսութիւնը։
Ղեկավարները, նշելով սահմանի սահմանազատման գործընթացում արձանագրւած առաջընթացը, յանձնարարել են համապատասխան պետական յանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղութեամբ։
Կողմերը պայմանաւորւել են նաեւ շարունակել երկկողմ բանակցութիւնները եւ երկու երկրների միջեւ վստահութեան ամրապնդման միջոցառումները»,- մասնաւորապէս ասւած էր ՀՀ ԱԳՆ յայտարարութեան մէջ։
Բանակցւած թեմաների եւ կայացած հնարաւոր համաձայնութիւնների մասին ոչինչ չասող այս յայտարարութեան ֆոնին, փորձագիտական շրջանակներում սկսեց շրջանառւել տեղեկատւութիւն այն մասին, թէ Փաշինեանը ինչ է համաձայնեցրել Ալիեւի հետ հանդիպման ընթացքում:
Կայացած հնարաւոր պայմանաւորւածութեան մասին լրատւական արտահոսքը մեղմ ասած յուսադրող չէ: Դա վկայում է այն մասին, որ կողմերը Աբու Դաբիում գրեթէ վերջնականացրել են այսպէս կոչւած «խաղաղութեան համաձայնագրի» բոլոր մանրամասնութիւնները, որը գալու է վերջնականապէս գերեզմանելու հայոց պետականութիւնն ու ՀՀ ինքնիշխանութիւնը:
Ուշագրաւ եւ մտահոգիչ է յատկապէս այն հանգամանքը, որ ՀՀ իշխանական շրջանակները քար լռութիւն են պահպանում «խաղաղութեան համաձայնագրի»՝ շրջանառւող հաւանական բովանդակութեան մասին, իսկ ադրբեջանական կողմի հրապարակումները վկայում են, որ շրջանառւող մանրամասնութիւնները գրեթէ համապատասխանում են իրականութեանը, ինչպէս դա տեղի է ունեցել 2020 թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ բանակցային գործընթացի տարբեր փուլերի պարագայում:
Եւ այսպէս, ըստ շրջանառւող լուրերի՝ Աբու Դաբիում կողմերը ձեռք են բերել հետեւեալ պայմանաւորւածութիւնները.
1- Հայաստանը յետ է վերադարձնում շատ արագ անկլաւներ կոչւած տարածքները՝ Տիգրանաշէն-Քիարքին ու Տաւուշում եղած երեք գիւղերը: Մինչեւ օգոստոսի վերջ:
2- Պաշտօնապէս, արդէն ԵԱՀԿ քարտուղարութիւն ուղարկւած համատեղ նամակով, մէկ ամսւայ ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ քարտուղարութեանը տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական խաղաղութեան բանակցութիւնների աւարտի կապակցութեամբ, մտադիր են դեկտեմբերին դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Մինսկի խումբը: Սա արդէն կը լինի գրաւոր յանձնառութիւն մինչեւ պայմանագրի ստորագրումը:
3- Մինչեւ տարեվերջ Հայաստանում աւարտին է հասցւում նոր Սահմանադրութեան տեքստի մշակումն ու դեկտեմբերին սկսւում են դրա հանրային քննակումները: Նիկոլ Փաշինեանը յանձնառու է յայտարարել, որ նոր Սահմանադրութիւնը հանրաքւէի է դրւելու 2026 թ. ընտրութիւնների հետ միաժամանակ: Հանւելու է յղումը Անկախութեան հռչակագրին, յատուկ ֆիքսւելու է, որ Հայաստանը տարածքային որեւէ պահանջ չունի հարեւանների հանդէպ, սահմանադրական հիմք է ստեղծւելու ազգայնական ուժերին ու խմբերին քրէական պատասխանատւութեան ենթարկելու համար, փակւելու են ազգայնական ու ծայրայեղական որակւած բոլոր կազմակերպութիւնները, այդ թւում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Փոխւելու է նաեւ կառավարման ձեւը՝ Հայաստանը դառնալու է մաքուր նախագահական հանրապետութիւն, որ 2026 թ. խորհրդարանական ընտրութիւններում յաղթելուց յետոյ Նիկոլը հանգիստ կառավարի մինչեւ 2031 թւականը, իսկ դրանից յետոյ եւս երկու ժամկէտ՝ 10 տարի կարողանայ դառնալ ՀՀ նախագահ, փաստացի մնայ իշխանութեան մինչեւ 2041 թւականը:
4- Միջանցքի խնդրի լուծումը, որն ամենանուրբն է ադրբեջանաթուրքական եղած պահանջների մէջ, Նիկոլի աղաչանքով ու արտաքին լայն աջակցութեամբ գտնւել է այսպէս: Հայ-ադրբեջանական պայմանագրում չի լինելու որեւէ անդրադարձ «Զանգեզուրի միջանցք»-ին, որ ցասում չհրահրի: Տեքստում լինելու է ընդհանուր դրոյթ հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման մասին եւ վերջ, որ Նիկոլը հանրութեանը համոզի՝ տեսաք, չտւի միջանցքը: Փոխարէնը, ԵՄ-ի հետ Նիկոլն առաջիկայում ստորագրելու է նոր փաստաթուղթ, որով արձանագրւելու է, որ Հայաստանով անցնող հաղորդակցութեան ուղիները բացւում են ՀՀ-ԵՄ համագործացութեան ու Միջին միջանցքի համատեքստում: Կօգտագործւի յատուկ «խաղաղութեան խաչմերուկ» խաբուսիկ անունը, որ Նիկոլը հայութեանը խաբի՝ միջանցք չեմ տւել, ես ԵՄ-ի հետ եմ ստորագրել փաստաթուղթ, ոչ Ադրբեջանի կամ Թուրքիայի: Յետոյ արդէն, հիմնւելով այդ ԵՄ-Հայաստան փաստաթղթի դրոյթների վրայ, ՀՀ Կառավարութիւնը այդ հաղորդակցութեան ուղիների՝ երկաթուղի ու աւտոճանապարհներ, նաեւ Մեղրիով անցնող, տրամադրելու է ձեւական ինչ-որ մի հայ-ամերիկեան կազմակերպութեան, որի ղեկավարի դերում կը լինի ազգութեամբ հայ, որ հանրութեանը մաքուր հայերէնով համոզիչ «բացատրի», որ միջանցքը Ադրբեջանին չեն տւել, իրենց կազմակերպութիւնն է վերահսկելու ճանապարհները եւ այլն: Իրականում, դա լինելու է մաքուր ադրբեջանաթուրքական միջանցք՝ Հայաստանը կորցնելու է իր սուվերեն վերահսկողութիւնը Իրանին կապող այդ հատւածի նկատմամբ: Զուգահեռ մեծ ռումբ կը լինի այդ ամէնը՝ ցանկացած յարմար պահի ապագայում Ադրբեջանն ու Թուրքիան կը կարողանան սադրանք կազմակերպել այդ ճանապարհին՝ ասենք մեղրեցի դարբին Պօղոսը կը սպանի բեռ փոխադրող ֆուռի վարորդ Ահմեդին, ու դա հիմք կը ծառայի Ադրբեջանի համար սեփական զինւած ուժեր մտցնելու, իբր ճանապարհների «անվտանգութիւնը սեփական ուժերով ըստ պայմանագրի դրոյթի ապահովելու» համար:
5- Անկլաւների՝ յուլիս-օգոստոսին յանձնելուց, ԵՄ-ի հետ սեպտեմբեր-հոկտեմբերին նշւած փաստաթուղթը ստորագրելուց, դեկտեմբերին նոր Սահամանդրութեան տեքստը հրապարակելուց յետոյ՝ դեկտեմբերին կը յայտարարւի Հայաստան-Ադրբեջան «խաղաղութեան պայմանագրի» մօտալուտ ստորագրման մասին: Այդ ընթացքում Նիկոլի դիրքերը ներսում ամրացնելու համար կը սահմանազատեն եւս մի քանի տասնեակ կիլոմետր Տաւուշում, որ հանրութեանը Նիկոլը խաբի ասի՝ տեսէք, խաղաղութիւնը քայլ առ քայլ գալիս է ձեր տուն:
6- Վերջում, 2026 թւականի ապրիլի 24-ին հէնց Անկարայում (իմաստը հասկանում էք՝ Ցեղասպանութեան օրը հայերի համար կը դարձնեն «խաղաղութեան» հաստատման օր) Էրդողանի, Մակրոնի ու ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայութեամբ մեծ շուքով կը ստորագրւի Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագիրը: Թրամփը, Մակրոնը, Էրդողանը Ալիեւի ու Նիկոլի հետ միասին կը ներկայացւեն ու կը ստանան Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ: Թրամփին ու միւսներին դա պէտք է փառքի, իսկ Նիկոլին ողջ մնալու, ներքին ու միջազգային հեղինակութեան համար:
Ըստ գծագրւած ժամանակացոյցի՝ ապրիլի 24-ին Հայաստանի փաստացի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրելուց յետոյ, մայիսին Հայաստանում տեղի կունենայ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Երեւան կը ժամանեն տասնեակ երկրների ղեկավարներ՝ նաեւ Էրդողանն ու Ալիեւը: Մակրոնը եւ այլք:
Յետոյ արդէն նման մթնոլորտում յունիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրութիւնները, որում Նիկոլը համոզիչ յաղթանակ կը տանի: Իսկ մինչ այդ ազատութեան մէջ գտնւող մէկ լուրջ ընդդիմադիր անգամ չի թողնի: Վերջին օրերին եղածը դեռ ծաղիկներն են՝ խայտառակ ձեւով կը վռնդի Վեհափառին, կը ձերբակալի շատ շատերին:
Յ. Գ. – Որպէս դեսերտ, հայ-ադրբեջանական պայմանագրում կայ նաեւ դրոյթ, որ տեղահանւած անձինք ունեն իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու ու գոյքային հատուցման իրաւունք (սա 300 հազար ադրբեջանցիներին Ալիեւի ասած «Արեւմտեան Ադրբեջանում» վերաբնակեցնելու հիմքն է: