Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարինէ Նալչաջեան. «Սրանք հոգեբանական պատերազմի առանձին օպերացիաներ են, գործում է ներքաշման մեխանիզմը»

«ԱԼԻՔ» – Հայաստանում տեղի ունեցողը եւ վերջին իրողութիւնները, երբ նաեւ կալանքի տակ են Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգեւորականները, հոգեբան Կարինէ Նալչաջեանը դիտարկում է հոգեբանական պատերազմի համատեքստում։

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը նախօրէին է դատապարտւել երկու տարւայ ազատազրկման. դատաւորին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջւեց այս դատաքննութիւնն աւարտին հասցնելու համար։

«Որպէսզի հասկանանք այս պրոցեսները, մենք պիտի ի սկզբանէ ընդունենք, որ գտնւում ենք հոգեբանական պատերազմի թիրախում, ու այդ հոգեբանական պատերազմ վարողների գերնպատակը մեր ոչնչացումն է, մեր պետութեան ոչնչացումն է, մեր ազգի վերացումը քաղաքակրթական թատերաբեմից։

Իսկ մենք շատ լաւ գիտենք, որ պետութեան, ազգի հիմնասիւներից մէկը հոգեւորն է, մեր եկեղեցին՝ իր սպասաւորներով։ Եթէ իրենց յաջողւի թուլացնել եկեղեցին նաեւ այսպիսի բռի միջոցներով՝ մեր հոգեւորականներին, որոնք նաեւ մեծագոյն հայրենասէրներ են, կալանաւորելով, կը վերացնեն նրանց ազդեցութիւնն ու դերակատարումը՝ հեշտացնելով իրենց գործը»,- 168․am-ի հետ զրոյցում մանրամասնել է Կարինէ Նալչաջեանը։

Ըստ նրա՝ մեր հոգեւոր կեանքին այս հարւածը նաեւ ազգի նւաստացման տեսակ է։

«Կողքից ոչնչացւում են նաեւ պետութեան ատրիբուտները։

Սրանք հոգեբանական պատերազմի առանձին գործողութիւններ են, օպերացիաներ, որոնք իրականացնելու համար, ցաւօք, միշտ գտնւում են ծառայողներ,- նշեց հոգեբանը, ապա անդրադարձաւ առանձին շրջանակներից հնչող հարցին, թէ մեր մէջ այսքան դաւաճան որտեղի՞ց,- Նայում ենք՝ դատական համակարգում, կառավարութիւնում, ինչ-որ մարդիկ այդ ծառայողի խայծը կուլ են տալիս, իսկ այդտեղ նոյնպէս օգտագործւում են հոգեբանական շատ լուրջ ներգործութիւններ․ կոգնիտիւ դիսոնանսի օրէնքներ գոյութիւն ունեն։ Գործում է ներքաշման մեխանիզմը»։

Հէնց այս համատեքստում հոգեբանը յիշեցրել է «Կրթութիւնը նորաձեւ է» շարժումը, որը նա որակել է անհեթեթութիւն, սակայն նաեւ՝ հոգեբանական պատերազմի լաւ մշակւած օպերացիա։

«Մտնում են որեւէ հաստատութիւն, կազմակերպւում է, որ մարդիկ գան-նստեն դահլիճում։ Այդ մարդկանց մէջ, ես համոզւած եմ, որ ճնշող մեծամասնութիւնը գիտի՝ ինչ է կատարւում, գիտի՝ ինչ կործանարար ուժեր են այսօր կանգնած մեր երկրի ղեկին, բայց մարդը մտածում է՝ լաւ, գնամ-նստեմ, դրանից ի՞նչ է փոխւում։ Նաեւ մտածում է՝ եթէ չնստեմ, տնօրինութիւնն ինչ-որ միջոցներ կը ձեռնարկի, աշխատանքից կը զրկւեմ եւ այլն։ Այսինքն՝ շատ կենցաղային ու մարդկայնօրէն ինչ-որ հասկանալի բաներ։

Բայց տեսէք, եթէ ինքը նստել է այնտեղ, իսկ իր ծանօթը հեռուստաէկրանին տեսնում է ու յետոյ հարցնում՝ ես գիտեմ, որ դու ընդդիմադիր հայեացքներ ունես, դու այդտեղ ի՞նչ գործ ունէիր, այդ մարդը ի՞նչ է անում․ նա հակւած է արդարացումներ որոնելու։

Նա նոյնիսկ սկսում է պաշտպանել այն, ինչը կործանարար է, եւ հէնց այս կերպ հնարաւոր է նա գնայ առաջիկայ ընտրութիւնների, սկսի դիրքորոշումները փոխել, որ՝ դէ լաւ, կարող է թուրքերի հետ համակեցութիւնն էլ լաւ լինի, ինչի՞ էք հակառակը մտածում։ Սա է ներքաշման ողբերգութիւնը, եւ ես տեսնում եմ՝ աջ ու ձախ էս մեխանիզմն օգտագործւում է»,- ամփոփել է Կարինէ Նալչաջեանը։

Զրոյցը՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button