Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «ՔՊ-ի ուզածն այն է, որ արցախցիները լքեն Հայաստանը, չկայ արցախցի, չկայ Արցախի հարց»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը ոչ թէ եղել է թշնամական, այլ հիմա էլ է թշնամական, որովհետեւ բարեկամ երկիրը հարեւանի տարածքում օկուպացիոն զօրքեր չէր պահի եւ տարածք չէր օկուպացնի։ Այս մասին, նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին ունեցած ելոյթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Հայաստանի իշխանութիւնները չեն ցանկանում խօսել էթնիկ զտման, այսինքն ցեղասպանութեան ենթարկւած Արցախահայերի իրենց բնօրրան վերադառնալու իրաւունքի մասին։ Նրանք այդ հարցը համարում են փակւած, վկան Եւրասիայի խորհրդարանական վեհաժողովում ՔՊ-ական պատգամաւորների քւէարկութիւնն է։ Նրանք դա հիմնաւորում են այն կեղծ փաստարկներով, որ եթէ մենք պահանջենք արցախցիների վերադարձը, Ադրբեջանն էլ կը պահանջի չակերտաւոր «արեւմտեան ադրբեջանցիների» չակերտաւոր վերադարձը։ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը շարունակում է պահանջել եւ նոյնիսկ խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանութիւններին խօսել այդ, այսպէս կոչւած, համայնքի ներկայացուցիչների հետ։  Դէ ակնյայտ է, որ Հայաստանն էլ չի խօսում, որովհետեւ կարող է իրավիճակը լարւի, ինչպէս սպառնում է Ադրբեջանը»,-ասաց նա։

Պատգամաւորը նկատեց. «Նիկոլ Փաշինեանի եւ քաղաքական մեծամասնութիւնը յայտարարում է, որ արցախցիները պէտք է տնաւորւեն Հայաստանում, սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանութիւնները ապահովելու համար արցախահայերի արժանապատիւ կեանքը Հայաստանում։ Ես պարբերաբար հանդիպում եմ թէ՛ արցախցիների, թէ՛ Արցախի իշխանութիւնների հետ։

Վերջերս խնդրանք եմ ստացել վառելիքաքսուկային նիւթերի պայթիւնից տուժած ընտանիքներից, 100 ստորագրութիւն։ 200-ից աւել զոհ է եղել, կայ վերաքննիչ  դատարանի որոշում, որ այդ զոհերը պատերազմական գործողութիւնների հետեւանքով են եղել, դա դժբախտ պատահար չի եղել։

Մարդիկ չունեն որեւէ կարգավիճակ, որեւէ աջակցութիւն Հայաստանի Հանրապետութեան բիւջէից չեն ստացել։ Հիմա այդ մարդիկ ինչպէ՞ս պէտք է ապրեն։ Միւսները ինչպէ՞ս պէտք է ապրեն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ բնակապահովման ծրագիրը ձախողւել է, բոլորս հասկանում ենք, որ աշխատանքով ապահովման ծրագիրը ձախողւել է, վկան միջնից շատ աւելի բարձր գործազրկութիւնը։ Բա ինչպէ՞ս ապրեն, ինչպէ՞ս տուն դնեն այստեղ»,- յայտարարեց Արթուր Խաչատրեանը։

Նա անդրադարձաւ նաեւ Եւրոպայի խորհրդի շրջանակներում գործող ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ պայքարի Եւրոպական յանձնաժողովի վերջերս հրապարակած եզրակացութեանը. «Մարդիկ նշում են, որ Հայաստանը չի կատարել իրենց ռեկոմենդացիան եւ բաւարար չափով չի պայքարում արցախցիների դէմ խտրականութիւնը մեղմելու եւ արցախցիների ինտեգրումը հայաստանեան հասարակութիւնում ապահովելու համար։ Վերադարձի իրաւունքը չէք պահանջում, սոցիալական հարցերը չէք լուծում, մարգինալացնում էք այդ մարդկանց, չէք օգնում, որ ինտեգրւեն Հայաստանի հասարակութեանը, բա ձեր ուզածը ի՞նչ է։ Պատասխանը գալիս է ինքնաբերաբար, որ արցախցիները լքեն Հայաստանի Հանրապետութիւնը, չկայ արցախցիներ, չկայ Արցախի հարց»։ Հաղորդել է News.am-ը:

Related Articles

Back to top button