Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Մեր ձեւով» շարժումը Վաղարշապատի ՏԻՄ ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան կոչ է արել

«ԱԼԻՔ» – «Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրութիւններին:

Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում՝ կոչ անելով մերժել իշխող ուժին եւ նրա «արբանեակ» կուսակցութիւններին եւ ձայնը տալ իրական ընդդիմութեան թեկնածուներին:

Մասնաւորապէս շարժման անդամներից Արթուր Դանիէլեանը նշել է. «Ականատեսն ենք լինում, որ բաւականին մեծ թափով փորձ է կատարւում ներկայացնել, որ ՔՊ-ն մեծ վստահութիւն ունի Վաղարշապատում, սակայն մենք մեծ վստահութիւն ունենք, որ մեր հայրենակիցները կողմ չեն այն քաղաքական ուժին, որը դէմ է դուրս գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հետեւաբար, խնդրանք ունենք մեր հայրենակիցներին՝ իրենց քւէն տալ այն ուժերին, որոնք ասոցացւած չեն ՔՊ-ի հետ»։

Իսկ համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանեանը գրել է. «Ընտրութիւններին բարձր մասնակցելիութիւն = իշխանութեան պարտութիւն»։

Աշոտ Մարկոսեանը գրել է. «Յորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայեացքներ, ընտրութիւնների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրութիւններին եւ քւէարկել բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի օգտին՝ ներկայիս իշխանութիւններին զրկելով հետագայ ընտրութիւններին ադմինիստրատիւ ռեսուրս օգտագործելու հնարաւորութիւնից»։

Յիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը շարժման կողմից դէպի Մայր Աթոռ կազմակերպւած ուխտագնացութիւնից յետոյ նշել էր, որ «Մեր ձեւով» շարժումը Վաղարշապատի ընտրութիւններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դէմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեանը:

Related Articles

Back to top button