ԵՄ 7 երկիր դէմ է ռուսական ակտիւների բռնագրաւմանը

«ԱԼԻՔ» – Եւրոպական յանձնաժողովի կողմից Ուկրաինայի համար «ռեպարացիոն վարկի» անւան տակ ռուսական ակտիւների բռնագրաւման ծրագրին դէմ արտայայտւող ԵՄ երկրների թիւը հասել է եօթի, եւ այս որոշումն իրականացնելու ցանկացած փորձ լուրջ պառակտում կառաջացնի Եւրոպական Միութեան ներսում: Հաղորդում է News.am-ը՝ Բրիւսէլում գործող Euractiv պորտալին յղումով:
Նշւում է, որ Բելգիային, Հունգարիային եւ Սլովակիային, որոնք սկզբում դէմ էին նախագծին, այժմ միացել են Իտալիան, Բուլղարիան, Մալթան եւ Չեխիան: Euractiv-ը պնդում է, որ վերջին չորս երկրները դէմ են Եւրայանձնաժողովի ծրագրին իրենց կառավարութիւնների դիրքորոշումների պատճառով, որոնք ակտիւօրէն աջակցում են Թրամփի վարչակազմին, որը կարծում է, որ ռուսական ակտիւների բռնագրաւումը կարող է խաթարել Ուկրաինայում արագ կարգաւորման հեռանկարները:
Պորտալի տւեալներով՝ Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան պէտք է որոշի՝ հրաժարւի՞ ծրագրից, թէ՞ շարունակի առաջ մղել այն հինգշաբթի օրը Բրիւսէլում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում՝ նշելով, որ երկու տարբերակներն էլ լուրջ քաղաքական վնաս կը պատճառեն ԵՄ-ին եւ կը սպառնան այն քաղաքականապէս բաժանել։



