Մամիջանեանը՝ ԵՄ աջակցութեան մասին. «Ի՞նչ հիբրիդային պատերազմ. սա քարտ բլանշ է Փաշինեանին՝ բռնաճնշումների համար»

«ԱԼԻՔ» – «Շատ տարբեր դիտակէտերից է կարելի վերլուծել այս գործընթացը. առաջինը, այո, սա ուղիղ ներգործութիւն է ներպետական գործերին՝ ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանութեան մէջ»: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ այս մասին դեկտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ–ն 15 մլն եւրոյի աջակցութիւն է տրամադրելու Հայաստանին ընտրութիւնների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցութիւն, եթէ իրենք արտաքին ազդեցութիւն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետութիւնում ընտրութիւնները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, նկատի ունեմ Փաշինեանին, ապա այո, այդ տրամաբանութեան մէջ առկայ է Հայաստանում արտաքին ներգործութիւն։ Ցանկացած այլ տրամաբանութիւն ես չեմ հասկանում։
Փաշինեանի թիմակիցները շատ յաճախ են խօսում հիբրիդային պատերազմի, արտաքին ներգործութեան եւ այլնի մասին։ Հայաստանում կայ շուրջ 50 քաղբանտարկեալ, որոնց անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապւած, բայց նշւածներից ոչ մէկի նկատմամբ նման յօդւած յարուցած չկայ։ Նոյնիսկ այն մարդկանց հանդէպ, ով հիմա ապօրինաբար, որպէս քաղբանտարկեալ, շինծու յօդւածով անազատութեան մէջ են, նոյնիսկ իրենց համար կարւել են այլ յօդւածներ։
Փաշինեանը այդպէս էլ չի հասկանում, որ ինքը այլեւս ծախու խմբագիր չի, ինքը չի կարող հանդէս գալ օդում կախւած լուրերով։ Եթէ Հայաստանում առկայ են, բացի իրենցից, իհարկէ, արտաքին երկրների գործակալներ, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգը, քննչականը, ԱԱԾ-ն եւ ես չեմ հասկանում այդ օդի մէջ անիմաստ կրակելու տրամաբանութիւնը»,- յայտարարել է Մամիջանեանը:
Նա նկատել է նաեւ, որ իր համար անհասկանալի է, որ եւրոպացի գործընկերները մի ռեժիմի, որը քաղբանտարկեալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ է իրականացնում, դատական համակարգն է ուզուրպացրել, մի հատ էլ իրենց քաջալերում են յաւելեալ ֆինանսաւորումով. «Ընդ որում, մէկ կէտ էլ է զարմանալի, երկար տարիներ անդադար խօսւում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսաւորման մասին, հլը որ խոստումների մակարդակով, որովհետեւ չի հրապարակւել, թէ ուր է գնացել այդ 250 կամ 225 միլիոնը, բայց կը տեսնէք հեսա այդ 15 միլիոնը շատ արագ կը գայ, որովհետեւ դա Փաշինեանի իշխանութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է։
Ես վայրկեան անգամ չեմ կարող պատկերացնել, թէ ինչ են անելու այդ գումարը։ Սա էական է ոչ միայն փողի ուղղակի ներգործութեան տեսանկիւնից, այլ նաեւ ակնյայտ է դարձնում այն փաստը, որ հետագայում Փաշինեանը ինչ ուզի՝ անելու է այլախոհների նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, եւ դա փաթեթաւորելու է, որ արտաքին ներգործութիւն եւ այլն։
Եթէ նկատի ունեն, որ օտարերկրեայ ներգործութիւնը դա ադրբեջանական կամ թուրքական ներգործութիւնն է, որը յաճախ իրականացւում է հէնց իշխանութիւն կոչւածի կողմից, դրա հետ համաձայն եմ, բայց խիստ կասկածում եմ, որ Արարատ Միրզոյեանը գնացել էր փող խնդրեր Եւրոպական Միութիւնից իրենց դէմ պայքարելու համար։
Սա էական է երկու բաղադրիչով, առաջին որ գումարի տեսքով ֆինանսական ներգործութիւն է իրականացւում Հայաստանում ընտրական գործընթացներին, եւ երկրորդ հարթութիւն, սա ակնյայտ քարտ բլանշ է, որով իրականացւելու են բոլոր բռնաճնշումները»,- ընդգծել է Մամիջանեանը։



