ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Պետութիւնների ներքին խնդիրների լուծումը միայն երկխօսութիւնն է»

«ԱԼԻՔ» – Կիրակի՝ յունւարի 11-ին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Թեհրան ժամանած Օմանի ԱԳ նախարար Բադր Աբու Սաիդիի հանդիպանը յաջորդած մամլոյ ասուլիսի ժամանակ նշել է, որ երկրների ինքնիշխանութիւնը միջազգային օրէնքի վրայ հիմնւած իրաւունք է, որը ենթադրում է, որ պետութիւնների ներքին խնդիրները լուծելի են միայն երկխօսութեան եւ միմեանց ձայնը լսելու միջոցով: «Այս դէպքում պէտք է ասել, որ որեւէ երկիր չունի իրաւունք միւս պետութեան ներքին խնդիրներին խառնւելու հարցում»,- նշել է ԱԳ նախարարը:

Իրանի դիւանագիտական ապարատի բարձրաստիճան պաշտօնեան անդրադառնալով Իրանի եւ Օմանի միջեւ բարիդրացիական կապերին նշել է, որ երկու երկրների միջեւ նկատւում է ռազմավարական նշանակութեամբ կապերը խորացնելու կամք, յատկապէս, տնտեսական ոլորտում: Արաղչին յաւելել է. «Թեհրանը եւ Մասկատը համակարծիք են տարածաշրջանային կայունութեանն ուղղւած ջանքերի գնահատման առումով, յատկապէս, փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած յարաբերութիւնները միւս հարեւան երկրների վրայ տարածելու առումով»:

ԱԳ նախարարը յաւելելով, որ օմանցի իր գործընկերոջ հետ կառուցողական քննարկում է ունեցել Պաղեստնի հարցի վերաբերեալ, յատկապէս, Իսրայէլի ռեժիմի կողմից հրադադարի խախտման բազմաթիւ դէպքերի, ինչպէս նաեւ Լիբանանի եւ Սիրիայի զարգացումների մասին, նշել է. «Իմ օմանցի գործընկերոջն են փոխանցել Լիբանան կատարած այցի վերաբերեալ ամփոփ զեկոյցը, որի ընթացքում քննարկւել են տարածաշրջանի կայունութեանն ողղւած լուրջ հարցեր»:

Նա նշել է նաեւ, որ Արեւմտեան Ասիայի զարգացումների շուրջ երկու երկրների ԱԳ նախարարների քննարկումներն ու դիրքորոշումը խօսում է Թեհրանի եւ Մասկատի համընդհանուր հայեացքների մերձեցման շուրջ:

Անդրադառնալով Եմէնի զարգացումներին Արաղչին նշել է, որ Օմանն ու Իրանը Եմէնի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան իրաւունքի հարցում նոյն կարծիքին են եւ ընդգծել. «Երկու երկրները Եմէնի հարցում բնիկ ժողովրդի իրաւունքները առաջնային համարելով համակարծիք են՝ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմամբ հնարաւոր է հասնել բազմակողմ հնարաւորութիւնների, յատկապէս, կայունութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանքի հարցում»: Կողմերն այս հարցում անընդունելի են համարում Եմէնի մասնատմանն ուղղւած բոլոր ծրագրերը, որոնք անկասկած չեն ծառայում տարածաշրջանի կայունացմանն ուղղւած ծրագրերին:

ԱԳ նախարար Արաղչին եւս մէկ անգամ շեշտել է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտութեան մասին եւ կարեւորել կողմերի կամքը կապւած տնտեսական համատեղ յանձնաժողովի ստեղծմանն ուղղւած աշխատանքներին ու նախագծերին:

Related Articles

Back to top button