Բաքւում դատում են ոչ միայն Ռուբէնին, այլեւ ողջ հայ ժողովրդին
Ռուբէն Վարդանեանի ընտանիքի յայտարարութիւնը

Այսօր (փետրւարի 17-ին, Խմբ.) տեղեկացանք, որ Ռուբէն Վարդանեանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրը եւ պապիկը, դատապարտւել է 20 տարւայ ազատազրկման։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի ընտանիքը։
«Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից կայացւած դատավճիռը սարսափելի է, բայց սպասելի։ Ռուբէնի 874 օր առաջ առանց պատճառի կալանաւորւելուց ի վեր պարզ դարձաւ, որ այս դատավարութեան արդիւնքը կանխորոշւած է։ Նրա կալանքի ընթացքում նրա դէմ առաջադրւած մեղադրանքներից ոչ մէկի համար որեւէ ապացոյց չի ներկայացւել։ Այս ընթացքում Ռուբէնը զրկւել է պատշաճ դատավարութեան, իրական, ոչ միայն պաշտօնական, իրաւաբանական ներկայացուցչութեան հասանելիութեան, միջազգային փաստաբանների հասանելիութեան եւ անկախ լրատւամիջոցների լսումներին մասնակցելու ցանկացած երաշխիքից։
Լսումները տեղի են ունեցել փակ դռների հետեւում եւ արդար դատավարութեան չափանիշներին անհամատեղելի պայմաններում, ոչ միայն միջազգային իրաւունքի, այլեւ նոյնիսկ Ադրբեջանի օրէնսդրութեան համաձայն։ Ռուբէնի՝ որպէս մարդասիրական, բարեգործ եւ սոցիալական ձեռնարկատիրոջ հեղինակութիւնը ոչնչացնելու փորձերին չնայած, քաղաքացիական հասարակութեան առաջնորդներն ու միջազգային դիտորդները մեր ընտանիքին աջակցութիւն են ցուցաբերել, որը մեզ ուժ եւ յոյս է տւել։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբէնին կամ շփւել են նրա հետ մասնագիտօրէն հասկանում են իր դէմ առաջադրւած մեղադրանքների անհեթեթութիւնն ու անհամապատասխանութիւնը։ Դատւում էին ոչ միայն Ռուբէնը եւ հայ բանտարկեալները, այլեւ ողջ հայ ժողովուրդը։
Մենք շարունակելու ենք ձգտել Ռուբէնի եւ քաղաքական դրդապատճառներով պահւող հայ բանտարկեալների ազատ արձակմանը, եւ կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպութիւններին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան խմբերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաձայն միջազգային իրաւունքի, նրանց ազատութիւնն ապահովելու եւ նրանց իրաւունքները պաշտպանելու համար։



