
«ԱԼԻՔ» – Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X-ի իր օգտահաշւում Թրամփի վերջին սպառնալիքներին պատասխանելիս, ընդգծել է, որ բանակցութիւններ չեն լինի ԱՄՆ-ի հետ, քանի որ Թրամփը Ամերիկայի զինւորներին զոհաբերեց Իսրայէլի իշխանութեան երազանքների համար, իսկ այժմ իր ինքնասիրութեան համար է պատրաստ նրանց զոհաստղան ուղեկցել:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Ալի Լարիջանին նշել է. «Թրամփն իր անհեթեթ գործողութիւններով եւ ինքնագլուխ՝ «ԱՄՆ-ը առաջնահերթութիւն է» կարգախօսը վերածեց «Իսրայելն է առաջնահերթութիւն»-ի: Նա Ամերիկայի զինւորներին զոհաբերեց Իսրայէլի շահերի համար, եւ նոր կեղծիքներով կրկին Ամերիկայի զինւորներին ու նրանց ընտանիքներին զոհաբերում է իր անձնական ինքնասիրութեան համար»:
Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը յաւելել է. «Այսօր Իրանի ժողովուրդը միայն պաշտպանւում է: Իրանի ԶՈՒ-ն յարձակումն սկսող կողմը չի եղել»:
ԻՍՆԱ-ն նշել է նաեւ, որ Ալ-Ջազիրան վկայակոչելով Wall Street Journal-ի հաղորդումները, պնդել է, որ Իրանի Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարը նոր փորձեր է ձեռնարկել Վաշինգտոնի հետ բանակցութիւնները վերականգնելու գծով:



