Արցախի ՄԻՊ. «ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դէմ ատելութեան խօսքի տարածման հիմնական սկզբնաղբիւրը»

Հայաստանի Հանրապետութիւնում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշաւի ընթացքում Արցախի եւ արցախահայութեան հանդէպ սփռւող ատելութեան խօսոյթը վերջին օրերին ակնյայտ է: Քարոզարշաւի ընթացքում իշխող ուժի առաջնորդը հունից դուրս է գալիս, երբ Արցախի կորստի հետ կապւած քաղաքացիներն իրենց կարծիքն են արտայայտում: Ինչպէ՞ս է գեներացւում ատելութեան այդ խօսոյթը. «Ապառաժ»-ի հարցին պատասխանում է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը:
«Մենք բազմիցս համոզւել ենք, որ իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դէմ ատելութեան խօսքի տարածման հիմնական սկզբնաղբիւրը։ Եթէ նախկինում դա գոնէ փորձում էին քօղարկել, ապա նախընտրական այս փուլում ատելութիւնը տարածում են անթաքոյց՝ շրջանառութեան մէջ դնելով արցախցիների դէմ այն պառակտիչ թէզերը, որով այդ նոյն քաղաքական ուժի ղեկավարը եւ իր համախոհները տարիներ շարունակ թունաւորել են հայ հասարակութեանը։
Իշխանութիւնը, որը հանրային համերաշխութեան ապահովման պարտաւորութիւն ունի, ինքն է գեներացնում եւ տարածում ատելութիւն, եւ սա խստագոյն դատապարտելի եւ անընդունելի է։ Այս թիրախաւորւած խօսոյթը ոչ միայն բարոյապէս է դատապարտելի պատերազմներ, շրջափակում եւ տառապանքներ տեսած ժողովրդի նկատմամբ, այլեւ վտանգաւոր է՝ պետականութեան եւ ազգային միասնականութեան տեսանկիւնից։
Ատելութեան այդ խօսոյթը գեներացնողներին եւ այդ պառակտիչ թէզերը շրջանառողներին ես ասելիք չունեմ, նրանց հետ ամէն ինչ պարզ է։ Իմ խնդրանքը ուղղւած է ողջամիտ մարդկանց՝ լինի երեւանցի, գիւմրեցի, վանաձորցի, թէ արցախցի։ Չպէտք է թոյլ տանք, որ այս թոյնը տարածւի մեր մէջ, եւ ինչ-որ մէկի նախընտրական հաշւարկների պատճառով հայութեան տարբեր հատւածներ գժտւեն իրար հետ։ Միմեանց նկատմամբ սէրը, հոգատարութիւնն ու կարեկցանքն է այդ տարածւող թոյնի հակաթոյնը»։



