Ռոբերտ Քոչարեան. «Եթէ փորձեն յաղթանակը խլել մեզանից, ստանալու են յեղափոխութիւն»

Եթէ իշխող թիմը փորձի մեքենայութիւնների միջոցով լկտիաբար խլել մեր յաղթանակը, ապա ի պատասխան նրանք կը ստանան իսկական ժողովրդական յեղափոխութիւն։ Մայիսի 25-ին յայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը՝ Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում քաղաքական գործչին է դիմել մի տեղացի բնակիչ՝ նշելով, որ իշխող ուժը, որը խրւած է ընտրական կեղծիքների մէջ եւ հազիւ 10-12% աջակցութիւն է հաւաքում, փորձում է հասարակութեանը ներշնչել այն միտքը, թէ իբր չի յանձնի իշխանութիւնը նոյնիսկ պարտութեան դէպքում։ Ի պատասխան դրան՝ Քոչարեանն ընդգծել է, որ ժողովրդի կամքին դէմ գնալու իշխանութիւնների ցանկացած փորձ նրանց համար կաւարտւի կործանմամբ, քանի որ ընդդիմութիւնը խիստ վերահսկողութիւն կապահովի երկրի բոլոր 2000 ընտրատեղամասերում։



