ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքւում պահւող հայ ռազմագերիներին: Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA)։
Յանձնաժողովը 44 կողմ եւ 7 «դէմ» ձայներով կողմ է քւէարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխութիւն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիւանագիտական ծառայութեան մասին օրէնք)։
Փոփոխությոիւնը, որին աջակցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ յանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցութեամբ։
«Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտօնապէս յայտնել եմ իմ դիրքորոշումը, եւ կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական եւ անարդարացիօրէն պահւող, խոշտանգումների ու բռնութիւնների ենթարկւող հայերի ազատ արձակման համար»,- նշել է Շերմանը։
ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարեանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից փախստականների անվտանգ վերադարձը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղութեան նախապայմաններ են, որոնք ենթակայ չեն քննարկման, այլ ոչ թէ Բաքւի ձեռքին գտնւող յաղթաթղթեր, որոնք նրան թոյլ են տալիս հասնել Հայաստանի կողմից հերթական միակողմանի զիջումներին։



