APRI Armenia-ի գիտաշխատողի յօդւածը irdiplomacy-ում. «Բաքւի տարածած «Արեւմտեան Ադրբեջան» պատրանքը «Զանգեզուրի միջանցք» նախագծի երակարաժամկէտ նպատակներից մէկն է»
Ալիեւա-սիոնիստական նոր նպատակներն Արցախում
«ԱԼԻՔ» – Միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեանը irdiplomacy-ում հրապարակած յօդւածում անդրադարձել է վերջին չորս տարիների ընթացքում Կովկասում Իսրայէլի ներկայութեան ընդլայնմանը, յատկապէս, Ադրբեջանի կողմից Արցախի գրաււած տարածքներում՝ Իրանի հետ սահմանի հարեւանութեամբ:
Պատմական գիտութիւնների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատողը կարեւորել է նաեւ այն փաստը, որ վերջին շրջանում իրավիճակը բալանսաւորելու նպատակով Հնդկաստանը դարձել է Հայաստանի հիմնական զէնք մատակարարողը։ Մելքոնեանի կարծիքով՝ իրադարձութիւններին անմիջականօրէն եւ անուղղակի ներգրաււած նոր դերակատարների առկայութեամբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջեւ նոր նպատակներ են դնում։ Սրանք այն նպատակներն են, որոնք ազդելու հնարաւորութիւն ունեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան վրայ։
Արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ամբիոնի դասախօսն արձանագրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն առանցքային նախագծերից է, որը նախատեսում է ուղիղ կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Հայաստանի տարածքով, եւ պաշտօնապէս արձանագրւել է 2021 թւականին Բաքւի եւ Անկարայի միջեւ Շուշիի հռչակագրով։
«Իր ստեղծման 30 տարիների ընթացքում Ադրբեջանը կառուցել է իր պետական ինքնութիւնը Հայաստանի հանդէպ թշնամանքի եւ ատելութեան հիման վրայ։ Այս համատեքստում Ղարաբաղի հարցը միայն խնդիրներից մէկն էր։ Թուրքիան, որը Ադրբեջանի գլխաւոր դաշնակիցն է, Բաքւի ռազմավարական գծի երաշխաւորողն է։ Անկարան էր, որ կազմակերպեց Հայաստանի շրջափակումը, որը շարունակւում է մինչ օրս, կամ նա էր, որ հրաժարւեց կարգաւորել յարաբերութիւնները (Հայաստանի հետ), քանի դեռ Երեւանը չի լուծել Ադրբեջանի հետ իր խնդիրները՝ յանձնելով Լեռնային Ղարաբաղը։ Այս կէտը Անկարայի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հիմնական նախապայմանն էր»,- գրել է յօդւածագիրը։
Յօդւածի մէկ այլ հատւածում Մելքոնեանը նշել է, որ 3 տարի է անցել 2020 թւականի 3-րդ Արցախեանից: «Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս դուրս բերեց իր Զինւած ուժերը Լեռնային Ղարաբաղից, ոչ մի աջակցութիւն չցուցաբերելով այս տարածաշրջանի բնակչութեանը (Բաքւի վերջին վայրագութիւնների ժամանակ) եւ շարունակեց բանակցութիւններ վարել Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման երազանքով: Բաքուն շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, որոնք Երեւանը կատարել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում, ներառեալ Լեռնային Ղարաբաղը»,- յաւելել է փորձագէտը։
«Խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւնների գործընթացում Բաքուն պնդում է, որ այս փաստաթուղթը պէտք է ներառի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը՝ 86600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին խօսելով փորձագէտը արձանագրել է, որ Բաքուն ինքը հրաժարւում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ «Սա Բաքւի նպատակների առանցքային ցուցանիշն է»,- գրում է նա։
Մէկ այլ հատւածում վերլուծաբանն արձանագրել է. «Սակայն այս ամիս Ալիեւը եւս մէկ անգամ յայտարարեց. «Ադրբեջանը պէտք է ազատ մուտք ստանայ դէպի Նախիջեւան: Առանց մաքսային վճարումների, ստուգումների եւ սահմանապահութեան ընթացակարգերի»: Այսինքն՝ Ալիեւը խօսում է միջանցքի մասին՝ չօգտագործելով «միջանցք» բառակապակցութիւնը։ Ուստի, ըստ էութեան, ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն հրաժարւել իրենց ծաւալապաշտական մտադրութիւններից, այդ թւում՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, քանի որ հիմնական նպատակն աւելի գլոբալ է»։
Բաքուն շարունակում է ակտիւօրէն տարածել «Արեւմտեան Ադրբեջանի» պատրանքի մասին իր նարատիւը։ Ըստ որի՝ այսօրւայ Հայաստանը «Արեւմտեան Ադրբեջանն» է։ Սերգէյ Մելքոնեանը յիշեցնելով պահանջարկի ստեղծման եւ զարգացման մեխանիզմների մասին յաւելել է. «Սոցիալական ասպարէզում այս նարատիւի կառուցումը տեղի է ունենում հետեւեալ կերպ. նախ՝ պետական ալիքները Հայաստանի տարածքում կատարւող իրադարձութիւններն են լուսաբանում լուրերի բաժնում, յատկապէս եղանակի տեսութեան բաժնում՝ «Արեւմտեան Ադրբեջան» վերնագրով, իսկ Հայաստանի տեղանունները նշւում են միայն թուրքերէն անուններով: Իսկ պաշտօնական յայտարարութիւններում դրանք օգտագործւում են այդ տարածքների մասին նշումներ անելիս: Երկրորդ՝ այդ տարածքների համար համապատասխան ենթակառուցւածք է պատրաստւում «Արեւմտեան Ադրբեջանի հասարակութեան» տեսքով, որն ունի նախագահի (Ալիեւի) անմիջական աջակցութիւնը։ Ահա թէ ինչպէս է սոցիալական ասպարէզում զարգացման նոր պահանջարկ գոյացւում»։
APRI Armenia-ի գիտաշխատողը վերջում նշել է. «Ուստի, չնայած կարճաժամկէտ հեռանկարում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը իրականացւելու հնարաւորութիւններ ունի, այնուամենայնիւ այս գաղափարը կապւած է «Արեւմտեան Ադրբեջանի» երկարաժամկէտ տեսլականի զարգացման հետ։ Հետեւաբար, Երեւանի եւ Բաքւի միջեւ ցանկացած պայմանաւորւածութիւն կը յանգեցնի ոչ թէ խաղաղութեան, այլ նոր պատերազմների: Բաքւի եւ Անկարայի էքսպանսիոնիզմը հնարաւոր է զսպել միայն ուժերի հաւասարակշռութիւն հաստատելով։ Ուստի Հայաստանի կողմից պաշտպանական նպատակներով սպառազինութեան գնումներին բուռն են արձագանգում Թուրքիան եւ Ադրբեջանը: Սակայն տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու միակ ճանապարհը Բաքւի ու Անկարայի էքսպանսիոնիստական ծրագրերի չէզոքացումն է»։