Աշոտ Մելքոնեան. «1919 թւականի քարտէզով Նախիջեւանը եղել է Հայաստանի իրաւասութեան ներքոյ, իսկ 1918 թւականի քարտէզով Ադրբեջանը նոյնիսկ մայրաքաղաք չունէր»
1929 թւականին ոչ թէ սահմանազատում է եղել, այլ սահմանների ճշտման գործընթացի աւարտ, որովհետեւ 1929 թւականից յետոյ արդէն էական փոփոխութիւններ չեն եղել, իսկ հետագայում առաջացել են այդ անկլաւները, որոնք գործկոմների, այսինքն, խորհրդարանների մակարդակով չեն վաւերացւել։ Մինչեւ 1929 թւականը փոփոխութիւններ են տեղի ունեցել եւ, ցաւօք, ի վնաս Հայաստանի։
«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը՝ անդրադառնալով ԱԽՔ-ի յայտարարութեանը։
Յիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը յայտարարել էր, որ Վաշինգտոնում Սալիւանի եւ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղութեան պայմանագրի գնալու ժամանակացոյցը, եւ որ մինչեւ տարեվերջ նախատեսւում է այն ունենալ։ Աւելին, նշել էր, որ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել նաեւ, որ մինչեւ տարեվերջ սահմանազատում է տեղի ունենալու։ «1929 թւականին սահմանագծման գործընթաց եղել է, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանագծում է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնութեան գանք, որ դա ընդունում ենք որպէս հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- հանրայինի եթերում յայտարարել էր Արմէն Գրիգորեանը։
Պատմաբանը եւս մէկ անգամ շեշտեց, որ ժամանակակից պատկերացմամբ, սահմանագծում տեղի չի ունեցել 1929-ին, իսկ 1926 թւականից սկսած, քարտէզներ կան, որոնք Վարդենիսի լճերի տարածքը ներառում են Հայաստանի մէջ՝ մինչեւ 1926 թւականը, Կապանի դիմաց գտնւող երկու տասնեակից աւելի գիւղերը Խորհրդային Հայաստանի կազմում են եղել, յետոյ անցել են Ադրբեջանին։ «Չմոռանանք, որ Խորհրդային Հայաստանը ուղղակի միութենական Հանրապետութիւն չէր, այլ ԽՍՀՄ կազմի մէջ էր մտնում անդրդաշնութեան միջոցով, այսինքն, անդրկովկասեան երեք Հանրապետութիւնները մէկ Հանրապետութիւն էին եւ Հայաստանը, ցաւօք, այնտեղ վճռական ձայնի իրաւունք չունէր ու տարածքային վերաձեւումները միշտ կատարւում էին ի վնաս Հայաստանի»,- բացատրեց պատմաբանը։
Հարցին, թէ արդեօք այդ 1929 թւականը պէ՞տք է հիմք ընդունել, Մելքոնեանն ասաց․«Բազմաթիւ քարտէզներ կան, սահմանագծման իմաստն էլ հէնց այն է, թէ որ քարտէզներով, որ իրաւական հիմքի վրայ է տեղի ունենալու։ 1929 թւականի գործընթացով մենք կորցրել ենք Վարդենիսի լճերը՝ Ալ լճերը, այսինքն, Թարթառ գետի ակունքները եղել են Խորհրդային Հայաստանի տարածքում եւ Կապանից արեւելք ընկած տարածքում փոքրիկ գիւղակներ կային, ամբողջապէս Հայաստանի տարածքում էին, որոնք անցան Ադրբեջանին»։
Ինչ վերբերում է այսպէս կոչւած, անկլաւներին, պատմաբանն ասաց՝ դրանք առաջացել են Երկրորդ Աշխարհամարտից յետոյ, երբ կոլտնտեսութիւնների ղեկավարների մակարդակով նման հարցեր էին լուծւում՝ հաշւի առնելով ադրբեջանցիների խաշնարած լինելու հանգամանքը։
Դիտարկմանը, թէ արդեօք պատմութեան ինստիտուտի, արխիւը չունի՞ քարտէզներ, որ Փաշինեանը դրանք Ալիեւից էր ուզում ՄԱԿ-ի ամբիոնից, Աշոտ Մելքոնեանն արձագանգեց․«Իհարկէ, քարտէզներ մենք ունենք, ես՝ անձամբ, Ռուսաստանի գլխաւոր շտաբի խորհրդային բազմաթիւ քարտէզներ տրամադրել եմ իշխանութիւններին, նոյնը արել է Ռուբէն Գալչեանը, ուրիշ անձինք են արել, այնպէս, որ այդպիսի փաստաթղթեր ու քարտէզներ, անկասկած, կան։ Քաղաքական կամքի արդիւնքում մենք պէտք է կարողանանք սահմանագծման արդիւնքում կանգնել այնպիսի քարտէզների վրայ, որոնք, բնականաբար, մեզ համար ընդունելի են, որովհետեւ Ադրբեջանը անհեթեթութեան գիրկն է ընկել եւ 1919-20 թթ. քարտէզներից է խօսում, որոնք ամէն օր փոխւել են։ Այդ նոյն 1919 թւականի մայիս ամսի քարտէզով, օրինակ Նախիջեւանը ամբողջապէս եղել է Հայաստանի իրաւասութեան ներքոյ եւ Նախիջեւանի շէյխերը հաւատարմութեան երդում են տւել Հայաստանի այն ժամանակւայ վարչապետ Խատիսեանին, իսկ, եթէ վերցնենք 1918 թւականի քարտէզը, Ադրբեջանը նոյնիսկ մայրաքաղաք չունէր, Գեանջան էր՝ ժամանակաւոր, որովհետեւ Բաքուն գտնւում էր Ստեփան Շահումեանի, Բաքւի կոմունայի եւ ՀՅԴ զինւորական զօրամասերի հսկողութեան ներքոյ»։