Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «ՌԴ-ի մէկ ապտակը բաւական էր. ՀՀ իշխանութիւնները երեւի հասկացան, որ կրակի հետ են խաղում»

Միայն այն փաստը, որ Հայաստանի դեսպանը հրաւիրւում է ՌԴ ԱԳՆ եւ նոտա է փոխանցւում, այլեւս դրանից յետոյ կարելի էր ուղղակի սիրաշահել Փաշինեանին, բայց դա ոչինչ չի նշանակում. մէկ ապտակը բաւական էր: Այս մասին սեպտեմբերի 12-ին, «News.am»-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրւայ այն յայտարարութեանը, որ իրենք ՀՀ իշխանութիւնների հետ խնդիր չունեն:

«Դիւանագիտութեան մէջ այս անգրագէտների դէպքում է, որ որեւէ կերպ չեն հասկանում: Դիւանագիտութեան մէջ կան հրապարակային ասւող եւ չասւող, մէկ ձեռքի կամ հոնքի շարժումով ինչ-որ բան հասկացւող քայլեր»,- ասաց Մանուկեանը:

Դիտարկմանը, որ հայկական կողմը կարծես՝ իր խօսոյթից յետ է կանգնել, Մանուկեանն ասաց. «Երեւի հասկացան, որ կրակի հետ շատ են խաղում, դէ Փաշինեանի կէսգիշերային պաշտօնազրկումներից յետոյ դժւար է շատ հարցերում նրան մեկնաբանելը: Կարծում եմ՝ այդ խեղճուկրակութիւնը իր խօսքում շատ բանի մասին է խօսում: Ուղղակի աննորմալութիւն է, Փաշինեանի կինը գնում է Ուկրաինա, տարբեր մակարդակներով հանդիպումներ է ունենում, քաղաքականացւած ժեստեր է կատարում ու քաղաքականացւած վայրեր է այցելում, ու ասում են՝ դա քաղաքականութեան հետ կապ չունի: Անհնար է որեւէ կերպ մեկնաբանել»:

Անդրադառնալով նրան, որ Փաշինեանը չի շնորհաւորել Սամուէլ Շահրամանեանին՝ Արցախի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ ափսոսանք է յայտնել, որ Արայիկ Յարութիւնեանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտօնից, Գեղամ Մանուկեանն արձագանգեց.

«Գլուխը՝ քարը: Ափսոսանք յայտնեց, որ Արայիկ Յարութիւնեանը պաշտօնին չէ՞, թէ՞ ստեղծւած իրավիճակի հետ կապւած: Նա ուղղակի զրկւեց Արցախում իր կամքն ու պարտադրանքները թելադրելու միջնորդաւորւած ադրբեջանա-թուրքական պայմանները թելադրելու մեքենարարից եւ թերեւս տողատակում այդ ափսոսանքն էր:

Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հետ, երբ ժամանակին Արայիկ Յարութիւնեանի երդմնակալութիւնից յետոյ Շուշիում, տրճիկ տւող մարդը առնւազն պէտք է պատասխանատւութիւնն իր վրայ վերցնէր եւ շնորհաւորէր Արցախի նորընտիր նախագահին: Քանի որ այսօրւայ Հայաստանի իշխանութիւնը շարժւում է ադրբեջանա-թուրքական տանդեմի պահանջներով եւ սպառնալիքներով, դրա շրջանակում ամբողջութեամբ տեղաւորւում է Փաշինեանի այդ գաւառական խուսանաւումը, որ երէկ փորձում էր արդարանալ, թէ ինչու Սամուէլ Շահրամանեանին չի շնորհաւորել»:

Անդրադառնալով Փաշինեանի այն խօսքին, թէ ՀՀ իշխանութիւնները ուղիղ երկխօսութեան մէջ են Արցախի իշխանութիւնների հետ, Մանուկեանն ասաց. «Ստախօս մարդու խօսքեր են, դժւար է հաւատալ, մէկ կամ երկու անգամ չէ: Նոյն երէկ Ռուսաստանի նկատմամբ այդ խունջիկ գալը, երբ 10 օր շարունակ Հայաստանի իշխանական բոլոր մակարդակներով հակառուսական մի անհաւատալի արշաւ էին ծաւալում, դրանից յետոյ որեւէ բան պէտք չէ լուրջ ընդունել»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button