Տիգրան Աբրահամեան. «ՀՀ-ի շուրջ ստեղծւած իրադրութիւնը մտահոգում է Իրանին, նրանք պատրաստ են ՀՀ-ի հետ ռազմական համագործակցութեան»
Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սիւնիքի հետ կապւած թեման թերեւս առանցքայինն էր: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«Ընդորում` քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք Սիւնիքի թեման Արցախի հետ մի հարթութիւնում են դիտարկում` ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ քաղաքական` իր ողջ հետեւանքներով:
Եւ պատահական չէ, որ Արցախի Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւել, ընկալւում է նաեւ որպէս իրանական շահերին հասցւած հսկայական վնաս:
Նոյն տրամաբանութեամբ, կարծիք կայ, որ ինչ քայլեր էլ Հայաստանն ու Իրանն իրականացնեն Սիւնիքի անվտանգութեան եւ կայունութեան համար, քանի Արցախն ադրբեջանցիների ձեռքում է, Սիւնիքն ու Իրանն անընդհատ անվտանգային սպառնալիքների ներքոյ են լինելու:
Իրանցիների հետ շփումներում, ելոյթներում ես, իհարկէ, նաեւ յիշեցնում էի, որ Ադրբեջանի` նաեւ 44-օրեայ պատերազմից յետոյ մեծաքանակ սպառազինութեան գնումներն ու բանակում իրականացւող թուրքական ռեֆորմները, Արցախի հարաւային հատւածներում ռազմական ենթակառուցւածքներ ստեղծելը, իր մասշտաբայնութեամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ նրանց միջոցով անկայունութեան ձգտող արտատարածաշրջային ուժերը բացառապէս Սիւնիքի վրայ չեն կենտրոնացած եւ հիմնական հարւածը կարող է կենտրոնացւել Իրանի ուղղութեամբ:
Հայաստանի ու յատկապէս Սիւնիքի շուրջ ստեղծւած ռազմաքաղաքական իրադրութիւնն անչափ մտահոգում է Իրանին եւ նրանք այդ ռիսկերի չէզոքացման ուղղութեամբ պատրաստ են Հայաստանի հետ խորը համագործակցութեան տարբեր ձեւաչափերի, առաջին հերթին` ռազմական:
Թէ այս ռազմական գործակցութիւնն ինչ է ենթադրում եւ որքանով է դրանով հետաքրքրւած, շահագրւած ՀՀ իշխանութիւնը, սա հարցի լրիւ այլ հարթութիւն է, որովհետեւ խնդիրը շատ բազմաշերտ է»,- գրել է նա: