Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամատունի Վիրաբեան. «Սա իշխանութեան կողմից հերթական քայլն է՝ ցոյց տալու, որ ցեղասպանութիւն չի եղել»

ՀՀ ԱԺ Պաշտպանութեան եւ Անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանն ապրիլի 15-ին խորհրդարանական խմբակցութիւնների ճեպազրոյցների ժամանակ վերահաստատեց «Ազատութեան» եթերում իր հնչեցրած յայտարարութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի անուններն ամբողջացնելու վերաբերեալ։

«Սա պարզ նպատակ ունի, որպէսզի իմանանք մենք 1.5 միլիոն հայրենակիցների հասցէները, տեղերը, մենք մինչեւ հիմա չունենք։ Օրինակ 1.5 միլիոնից աւելի շատ է կամ քիչ է, մինչեւ հիմա մեր երկիրն ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցէականացրել, հրեաներին դա յաջողւել է, մեզ չի՞ յաջողւում։ Սա շատ կարեւոր է նաեւ ապագայում մեր յարաբերութիւնների կառուցման համար։ Ուզում եմ ասել, որ դրանից վատ մի զգացէք»,- ասաց նա։

168.am-ի հետ զրոյցում Հայաստանի ազգային արխիւի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Ամատունի Վիրաբեանն ասաց, որ նախկինում փորձել են այդ անուններն ամբողջացնել, սակայն, ցաւօք, չի յաջողւել։

«Հայոց Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ անունները ճշտելու գործընթաց չի եղել, այդ պատճառով էլ, երբ փորձեցինք անունները ճշտել, հասկացանք, որ կարող է լինել մօտ 2-3 հարիւր հազար մարդու անուն։ Այդ պատճառով էլ գործընթացը դադարեցրեցինք։ Մեզ համար աղբիւրները մնացել էին որբերը՝ մօտ 30 հազար, որոնց ծնողները կը լինէին 60 հազար, դրան կը գումարւէր մամուլում, յուշերում եղած տւեալները։ Արեւմտեան Հայաստանում եղել են բնակավայրեր, որտեղ թուրքերը բոլորին կոտորել են, որեւէ վկայ, ականատես չի մնացել, որը կը կարողանայ հետագայում տեղեկութիւններ փոխանցել»,- նշեց Ամատունի Վիրաբեանը։

Նրա խօսքով՝ յատկապէս այսօր անհնարին է ամբողջութեամբ ճշտել ցեղասպանութեան բոլոր զոհերի անունները։

«Սա իշխանութեան կողմից հերթական քայլն է՝ ցոյց տալու, որ ցեղասպանութիւն չի եղել, ցոյց տալով, թէ՝ տեսէք, մենք պարզել ենք միայն 2-3 հարիւր հազար մարդու անուն»,- նշեց Ամատունի Վիրաբեանը։

Անդրանիկ Քոչարեանի հնչեցրած միւս դիտարկմանը, թէ «հրեաներին դա յաջողւել է, մեզ չի՞ յաջողւում»,  պատմական գիտութիւնների դոկտորը պարզաբանեց, որ  հրեաներին յաջողւել է իրենց բոլոր զոհերի անունները հաւաքել, քանի որ այդ գործընթացը սկսել են Հոլոկոստից անմիջապէս յետոյ՝ 1946 թւականից, երբ վերապրածների յիշողութիւնները թարմ էին, թարմ էին նաեւ եղած բոլոր տեղեկութիւնները։

«Իսկ մենք ե՞րբ ենք սկսել՝ Հայոց Ցեղասպանութիւնից 100 տարի յետոյ։ Հրեաները ցեղասպանութեան ենթարկւածների ուղիղ կէսի լուսանկարներն ունեն, իսկ մենք քանի՞ լուսանկար կարող ենք ունենալ. ոչ աւելի՝ քան մի քանի հազար։ Հայոց Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանում, իսկ մենք ապրել ենք Արեւելեան Հայաստանում։

Սա Թուրքիային մաքրելու գործընթաց է լինելու, որովհետեւ կասեն՝ այդ որտեղի՞ց 1.5 միլիոն զոհ, երբ ընդամէնը 2-3 հազար կամ 2-3 հարիւր հազար զոհ է եղել։ Սա լուրջ չեմ համարում, արխիւային փաստաթղթերը, յուշերը, մամուլը բաւարար չէ, որպէսզի կարողանան ցեղասպանւածների անունները ներկայացնել»,- յաւելեց Ա. Վիրաբեանը։

Դեռեւս 2005 թւականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ յանձնաժողով՝ ցեղասպանութեան փաստն ուսումնասիրելու նպատակով: Այն ժամանակ Հայաստանի իշխանութիւնները մերժել էին այն հիմնաւորմամբ, թէ նման առաջարկի ընդունումը  կը նշանակի կասկածի տակ առնել ցեղասպանութեան փաստը: Դրանից յետոյ Թուրքիայի իշխանութիւնները պարբերաբար կրկնում են իրենց առաջարկը: Անցեալ տարի ապրիլին ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը նորից կրկնել է համատեղ յանձնախումբ ստեղծելու մասին իրենց առաջարկը, համոզմունք յայտնելով, որ դա կը լինի տարածաշրջանային խաղաղութեան եւ համագործակցութեան նախաձեռնութիւն: Հնարաւո՞ր է, որ նաեւ այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Հայաստանի իշխանական պատգամաւորն իր հարցազրոյցում նման տեսակէտ հնչեցնի:

Ամատունի Վիրաբեանը նախ յիշեցրեց, որ ինքն անձամբ միշտ ասել է՝ Հայաստանի արխիւները բաց են, թուրք պատմաբանները Հայաստանի արխիւներում աշխատել են։

«Մենք օժանդակել ենք, ամէն ինչ արել ենք, որպէսզի նրանք ուսումնասիրեն, կրկնում եմ։ Յանձնաժողով ստեղծել՝ նշանակում է այսօր մի հարց քննարկել, վաղը մէկ այլ հարց, ու այդպէս տասնամեակներ կարող է քննարկւել։ Դրանով Թուրքիան խնդիր էր դրել հարցը քաղաքականութիւնից հեռացնելու եւ պատմաբանների դատին յանձնելու, իսկ ցեղասպանութիւնը դա քաղաքական խնդիր է»,- եզրափակեց Ամատունի Վիրաբեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button