Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլն ասում էր մէկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»

Շարադրութիւնը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջոյ պէտք է հասկանալ, թէ ԱԺ վերջին, յայտնի նիստում ի՞նչ ասաց կամ ի՞նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետութեան համար սա է կարեւոր։ Իսկ Նիկոլն ասում էր մէկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը։

«Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը

Շարադրութիւնը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջոյ պէտք է հասկանալ, թէ ԱԺ վերջին, յայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետութեան համար սա է կարեւոր։

Իսկ Նիկոլն ասում էր մէկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։

Ապրիլի 5-ին  «գցեց» Արեւմուտքը, մինչ այդ նա ջարդել էր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, աւելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհաւորելու գնալն էլ չօգնեց։ Ադրբեջանն էլ նոր պահանջներ է դնում, այսինքն՝ «խաղաղութեան պայմանագրի» թեման էլ ջրւեց։

Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգութիւնն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը։

 Ի՞նչ ասաց ՔՊն

Իրականում մի քանի հոգի են, որ փարաւոնի ստրուկի նման են՝ ընդհանուր սեկտայական մթնոլորտի մէջ։ Մնացած 80 տոկոսի մօտ արդէն կասկածի ցեցը մտել է։

 Ի՞նչ ասաց ընդդիմութիւնը

ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւններն իրենց բաւական արժանապատիւ պահեցին։ Ինքս չգիտեմ, թէ աւել ի՞նչ կարելի էր անել՝ յորդառատ ստի, կեղծիքի չդադարող տարափի տակ։ Մարդիկ երեւի, թէ արեցին առաւելագոյնը։

 Ի՞նչ հասկացաւ հասարակութիւնը

Կարծում եմ՝ քիչ բան։ Սա յուշում է՝ մարդկանց պէտք է բացատրել, մեկնաբանել, տեղ հասցնել։

 Ի՞նչ է ասում Տաւուշը

Պէտք է ճիշտ հասկանանք տաւուշեան շարժման էութիւնը։ Տաւուշեան շարժումը  արտաքին դիմադրութեան մասին չէ։ Դա ներքին դիմադրութեան շարժում է, որն արդէն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատւութեան զգացումով, ընդգծւած հեղինակութեամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թոյլ տալ, որ Տաւուշը դառնայ երգ ու պարի, նկարահանումների, խրոխտ ելոյթների, իսկ յետոյ յանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տաւուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մէջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտօնական Երեւանը յայտարարել է, որ այդ գիւղերն Ադրբեջանինն են, եւ Բաքւի յաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով եւ սպառնում են Տաւուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է,  սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տաւուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, եւ այդ խնդրի լուծումը Երեւանի կենտրոնում է։

 Ի՞նչ պէտք է անի լայն ընդդիմութիւնը

Երբ երկրի առաջին դէմքն ասում է՝ այլեւս չգիտեմ, թէ ինչ պէտք է անել, նրա դէմ շատ արագ պէտք է ձեւաւորւի այլընտրանքային ուժ, որը սեփական հասարակութեանն ասի՝ ինչ պէտք է անել։ Սա լայն ընդդիմութեան ամենակարեւոր գործն է։ Հակառակ դէպքում դառնալու ենք աղէտի սպասող զանգւած, կամ աւելի վատ՝ պասիւ մեղսակից։ Որպէսզի Երեւանի փողոցներում հարիւր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պէտք է մարդկանց ասել, թէ ինչ պէտք է անել, ինչ է հնարաւոր անել, ինչ ենք ուզում անել, որպէսզի բոլորով, առանց ընտրազանգւածային տարբերակման, փրկւենք։ Խելամտութիւնը եւ պատասխանատւութիւնը պահանջում են արագ ու ռացիոնալ քայլեր, որոնք հնարաւոր է սկսել հէնց հիմա։ Քննարկումը պէտք է հէնց սրա շուրջ լինի, ոչ թէ էմոցիոնալ կոչերի։ Իմ առաջարկները պատրաստ եմ առաջիկայում կէտերով ներկայացնել»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button