Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը ոչ թէ հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը իր նախընտրած քարտէզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճւել բոլոր այն հատւածներում, որտեղ նպատակայարմար է համարում»,- այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը։

«Հաշւի առնելով այն հանգամանքը, որ իշխանութիւնը նպատակաուղղւած ձեւով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղութիւն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով:

Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկայ, դա մի օր տեղի էր ունենալու, մանաւանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքի էական հատւածներ, սակայն դա պէտք է տեղի ունենայ միջազգային պրակտիկայի, նախադէպերի, միջազգային իրաւունքի եւ ուժի կիրառման շանտաժի բացակայութեան պայմաններում:

Բայց հարցն այն է, թէ ի՞նչ են այս գործընթացից ուզում ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանութիւնները:

Ադրբեջանը իր նախընտրած քարտէզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճւել բոլոր այն հատւածներում, որտեղ նպատակայարմար է համարում:

Երկրորդ. Ադրբեջանի առաջնային նպատակը 5.6 կամ նոյնիսկ 50 մարտական դիրքի վրայ վերահսկողութիւնը չէ, ոչ էլ նոյնիսկ 2000 ՀԱ կամ աւելին հողային բարելաւում ստանալը, նրա համար թիւ մէկ խնդիրը ՀՀ այնպիսի հատւածներում մխրճւելն է, որից յետոյ Հայաստանի պաշտպանողականութիւնն ու դիմադրողականութիւնը բոլոր առումներով կը փլւի:

Այս տեսանկիւնից Տաւուշն առաջին թիրախն է, երկրորդն արդէն Արարատը կը լինի:

Սա է նաեւ պատճառը, որ ադրբեջանցիները սահմանային ճշգրտումների դէպքում, նոյնիսկ ամենաանընդունելի քարտէզների պարագայում, Տաւուշում տարածքային փոխանակութեան չեն գնում, ինչն, ի դէպ, լրիւ տեղաւորւում է դեմարկացիայի կանոններում:

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թէ հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորութեամբ եւ բաղադրիչներով կը վերացւի:

Իսկ ի՞նչ է այս պայմաններում ուզում ՀՀ իշխանութիւնը: Միանգամից ասեմ, որ գոնէ վերեւի էշելոններում ՀՀ-ին սպասւող աղէտը ընկալում են, սակայն այս դէպքում իշխանութեան պահպանման թեման նրանց համար կեանքի ու մահի հարց է եւ դա երկարաձգելու համար զոհաբերւում է Հայաստան պետութիւնը»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button