Հայաստան - Արցախ

Շարժման ժամկէտները եւ արդիւնքները. երբ եւ ինչ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կեանքը, բայց փոփոխութիւն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռւի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, յոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թէ կռիւն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռւել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինել փոփոխութիւնների։

Վրացիները մարտի սկզբից խոշոր ակցիաների մէջ են, եւ միայն երէկ են արձանագրել ամենամարդաշատ երթը՝ 50 հազար։ Մենք ուզում ենք մի օր մի 60 հազարով հաւաքւենք ու բոլոր հարցերը լուծւեն հէնց այդ օրը։ Մենք հո վրացի չենք, մենք զբաղւած ենք, զահլա չունենք։

Հրեաները 1 տարի է՝ փողոցներում մի քանի հարիւր հազարանոց հանրահաւաքների են դատաիրաւական բարեփոխումների դէմ։ Չեն յոգնում, չեն նւնւում, ընթացքում ազգային համաձայնութեան կառավարութիւն են ստեղծում ու պատերազմում։

Մեր եւ ժամանակի մասին մեր այլասերւած պատկերացումները մեզ միշտ բերում են անյաջողութիւնների։ Պատահական չէ, որ մեզ մի պահ թւաց, թէ արդէն Արցախի հարցը լուծել ենք ու կարող ենք ապրել՝ ոնց կուզենք, մի շերտի տալ անզուսպ հարստանալու ինդուլգենցիա ու մսխել ամէն ինչ։

Ի վերջոյ, մենք պէտք է մեր ներսում՝ ե՛ւ հարթակը, ե՛ւ հրապարակը, որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել յաջողութեան, եւ պատրա՞ստ ենք այդ յաջողութեան համար մի քանի օրից աւել պայքարել։ Սա է յաջողութեան երկու հիմնական գործօններից մէկը (միւսի մասին՝ յետոյ)։

Ի վերջոյ, մեր պատմութիւնը մեզ պէտք է յուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պէտք է հասկացրած լինէին։ Իսկ յաջողութեան համար ժամանակ է պէտք։ Ընդորում հէնց տրամադրաւես երկարաժամկէտ պրոցեսի՝ հոգեբանօրէն եւ մենեջմենթի առումով, յաջողութիւնը կը գայ շատ աւելի շուտ։

Related Articles

Back to top button