Գրիգոր Մուրադեան. «Ի՞նչն է գաղտնի, ինչպէ՞ս կարող է պետութեան սահմանը լինել գաղտնի»
«Երբ գաղութատիրական կայսրութիւնը փլուզւում է, այն սահմանները, որոնք վարչական էին, գաղութների միջեւ, ինքնաշխատ ձեւով դառնում են միջազգային սահմաններ։ Այս սկզբունքն Արեւմուտքը փորձել է տարածել Հարաւսլաւիայի եւ Խորհրդային Միութեան վրայ։ Ըստ իս, սա է Ալմա Աթայի հռչակագրի հիմքում դրա գաղափարը եւ իմաստը։ Բայց այդ սկզբունքը չի դարձել միջազգային իրաւունքի սկզբունք, որովհետեւ հէնց Արեւմուտքն է դա խախտել Կոզովոյի անկախութեամբ։ Չնայած իրենք կարող են պատճառաբանել, թէ դա բացառիկ դէպք էր, նմանը չունեցող, եւ դա չի խախտում ընդհանուր սկզբունքը: Իրենք սիրում են այս սխոլաստիկ, դատարկ վէճերը։ Այդ տեսանկիւնից չստացւեց գաղութատիրական կայսրութիւններից դուրս այդ սկզբունքն արմատաւորել՝ որպէս միջազգային իրաւունքի համընդհանուր սկզբունք, որը բոլոր երկրների կողմից ճանաչւած է»,- Սաթիկ Սէյրանեանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ արդարադատութեան նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադեանը՝ անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրին:
Նրա խօսքով՝ Ռուսաստանը, ընդունելով այդ սկզբունքը, Ալմա Աթայի հռչակագրով իր հաւատարմութիւնն է յայտնել՝ որպէս ԽՍՀՄ շարունակող, ոչ թէ իրաւայաջորդ, միջազգային իրաւասուբիեկտայնութիւնը շարունակող։
«Այդպէս է ընկալւում Ռուսաստանը։ Մենք ենք իրաւայաջորդը ԽՍՀՄ-ի, Ռուսաստանը չէ, միջազգային իրաւունքի տեսանկիւնից նա շարունակողն է։ ՌԴ-ն յայտնելով իր հաւատարմութիւնն այս սկզբունքին, կտրուկ խախտել է այն նոյն Ուկրաինայում՝ պայմանական ասած։ Նոյն միջինասիական պետութիւններն են այս սկզբունքը խախտել, սահմանային վէճերով բախումների պարագայում։ Այսինքն՝ եթէ դա լինէր այդպիսի սկզբունք, որը ճանաչւած կը լինէր առնւազն այս տարածաշրջանում կամ ԽՍՀՄ նախկին տարածքում, այդ սկզբունքը կը լինէր անխախտելի։ Այս սկզբունքին յղումը, եթէ դա սրանց համար համադարման է, միջազգային իրաւունքի տեսանկիւնից չարմատաւորւեց»,- ասաց Գրիգոր Մուրադեանը։
Վերջինս նշեց՝ այդ սկզբունքը գաղութատիրական կայսրութիւնների ժամանակ արմատաւորւեց եւ կիրառւեց, բայց յետխորհրդային ու յետհարաւսլաւիական տարածքում Արեւմուտքը, որ առաջ էր մղում այդ սկզբունքն իր շահերից ելնելով, չարմատաւորւեց։ Հետեւաբար՝ Ալմա Աթայի հռչակագիրն այդ իմաստով հռչակագրային փաստաթուղթ է։
«Իհարկէ, կայ հիմնարար սկզբունք, սահմանների անխախտելիութեան, տարածքային ամբողջականութեան, բայց եթէ մենք խօսում ենք վիճելի սահմանների մասին, այդ սկզբունքը չի բացառում վիճելի սահմանները եւ ամենակարեւորը՝ չի բացառում ինքնորոշման իրաւունքը։
Հարց եմ տալիս՝ Ադրբեջանն ինչպէ՞ս է անկախացել ԽՍՀՄ-ից, չնայած այնտեղ կար հիմնական պետութեան՝ մայր պետութեան համաձայնութիւնը, բայց եթէ չլինէր էլ, չէ՞ որ նա ինքնորոշման իրաւունքի հիման վրայ է անկախացել։ Այդ նոյն իրաւունքը նաեւ կիրառելի է ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ, իսկ բացառիկ դէպքերում լեգիտիմացնում է նրանց անջատումը մայր պետութիւնից։ Շատերն ասում են, որ կայ հակասութիւն երկու սկզբունքների միջեւ, բայց որեւէ հակասութիւն չկայ։ Անջատումը բացառիկ դէպք է, մեր խնդիրն էր՝ հիմնաւորել, եւ մենք հիմնաւորում էինք, որ այո՛, սա այդ դէպքն է։ Վառ օրինակ է Կոզովոն, դէ, ուրեմն Կոզովոն լեգիտիմ կազմաւորում չէ, պետութիւն չէ եւ ճանաչումը չի որոշում՝ պետութի՞ւն ես, թէ՞ ոչ»,- նշեց միջազգային եւ սահմանադրական իրաւունքի մասնագէտը։
Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, Գրիգոր Մուրադեանը նկատեց՝ այն վերաբերում է գոյութիւն ունեցող սահմաններին։
«Այսինքն՝ այս դէպքերում ի՞նչ սակարկելու մասին է խօսքը, կան գոյութիւն ունեցող սահմաններ։ Եթէ անգամ իրենց տրամաբանութեան մէջ գործենք, խօսքը գոյութիւն ունեցող սահմանների մասին է, ՀԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ սահմանների։ Վարչական սահմանը դառնում է պետական սահման։ Թէեւ այդ հռչակագիրը վաւերացւել է, բայց այդ անխախտելիութեան մասին յիշատակւում է նախաբանում, որովհետեւ նորմատիւ մասում այլ բաների մասին է խօսքը. այդ թւում՝ ատոմային զէնքի հետ կապւած վերահսկողութեան, ԽՍՀՄ-ի վերջնական փլուզման եւ այլն։ Այսինքն՝ դա պրիամբուլա է, հռչկագրային դրոյթներ են, որոնք կարող են կիրառւել մեկնաբանելիս։ Ընդորում, ամենկարեւորը՝ այնտեղ յիշատակւում է նաեւ ազգերի ինքնորոշման իրաւունքը, որի հիման վրայ, սա յատուկ շեշտում եմ չհասկացողների համար, ԱՊՀ երկրները կառուցում են իրենց փոխյարաբերութիւնները։ Բայց մնանք իրենց տրամաբանութեան տիրոյթում, եթէ տրամաբանութիւն կայ։ ՀԽՍՀ սահմանը այլեւս պետական սահման է, այդ դէպքում ի՞նչն ենք ճշտում, ի՞նչն ենք վիճարկում, ճշտւած չե՞ն»,- տարակուսեց իրաւագէտը։
Ըստ նրա՝ դա կատարեալ անհեթեթութիւն է, որովհետեւ եթէ խօսքը ՀԽՍՀ վարչական սահմանը նկարագրող փաստաթղթերի, քարտէզների մասին է, ինչպէ՞ս կարող են դրանք գաղտնի պահւել:
«Մեր սահմանը գաղտնի՞ք է։ Չեմ ուզում անդրադառնամ այդ արտայայտութիւններին, եթէ կադաստրի թուղթ չունենք, ուրեմն՝ պետութիւն չենք։ Լաւ, անդրադառնամ. եթէ պետութիւնը չունի յստակ տարածք, յստակ սահմաններով, դա ուրեմն պետութիւն չէ, բա ի՞նչ Կառավարութեան, Ազգային ժողովի մասին է խօսքը, այսինքն՝ պետութիւն չենք, այսինքն՝ ինքն էլ չկայ, առնւազն լեգիտիմ չէ, չգիտեմ, ինչ-որ կազմաւորում է՝ ապօրինի, եթէ մենք պետութիւն չենք։ Ուրեմն մեր բոլոր պետական ինստիտուտներն ապօրինի՞ կազմաւորումներ են, հարց է՝ ո՞ւմ տարածքում։ Չէ՞ որ հնարաւոր չէ: Առանց տարածքի՝ աշխարհագրութիւն գոյութիւն չունի, էլ չեմ խօսում իրաւունքի մասին։ Մենք կա՛մ գործ ունենք պետութիւնների հետ, կա՛մ փաստացի չճանաչւած պետութիւնների հետ, կա՛մ միջազգային այլ կազմաւորումների հետ, եւ այլն։ Այսինքն՝ մենք չպետութի՞ւն ենք, եթէ կադաստրի թուղթ չունենք։ Ես իսկապէս այս թեմային չեմ ուզում անդրադառնամ, բայց սա նաեւ հակասում է Ալմա Աթայի հռչակագրին, որում ասւում է, նորից յատուկ իրենց համար կրկնում եմ, գոյութիւն ունեցող սահմանները դառնում են միջազգային սահմաններ։ Եթէ կադաստրի թուղթ չունենք, բա այդ դէպքում ինչո՞ւ են յղում անում Ալմա Աթայի հռչակագրին եւ դա դարձնում համադարման բոլոր հարցերի լուծման համար։ Եթէ անգամ Ադրբեջանն ընդունի, տեսականօրէն, պատկերացրէք՝ ընդունեց, դա նշանակում է, որ ՀԽՍՀ վարչական սահմանը, որի ճշգրիտ ուրւագիծը մենք չենք կարող չունենալ, կամ եթէ կան որոշակի անորոշութիւններ ինչ-որ հատւածներում, հասկանալի եւ տրամաբանական է։ Բայց ինչպէ՞ս կարող է Հայաստանը պատկերացում չունենալ, թէ ինչպէս է անցնում իր վարչական ՀԽՍՀ սահմանը։ Ուրեմն՝ ՀԽՍՀ սահմանը դարձել է միջազգային սահման, կադաստրի թուղթ ունենք, ըստ իրենց՝ Ալմա Աթայի հռչակագրով։ Բա այդ դէպքում ինչի՞ մասին է խօսքը»,- ասաց Գրիգոր Մուրադեանը։
Վերջինս յատուկ շեշտեց՝ ճշգրտումներ կարող են լինել, եթէ ՀԽՍՀ տարածքից որեւէ, անգամ չնչին 1 սմ. զիջում չի կարող լինել մէկ այլ պետութեան՝ առանց հանրաքւէի:
«Որեւէ սմ ՀՀ տարածքից զիջումը պահանջում է հանրաքւէ, այստեղ այլընտրանք չկայ։ Տեսէք, դրանով իրենք իրենց ծուղակն են ընկնում. եթէ ՀՀ սահմանները պարզ չեն, ապա Ալմա Աթայի հռչակագրի մասին խօսք լինել չի կարող, եւ Հայաստանն էլ պետութիւն չէ։ Ադրբեջանն այսօր խուսափում է Ալմա Աթայի հռչակագրից, որովհետեւ ուզում են աւելին։ Եւ ըստ ամենայնի, այդ միտումն է գերիշխում նաեւ մեր իշխանութիւնների մօտ: Հակառակ դէպքում ինչո՞ւ այդ քարտէզները հրապարակւած չեն կամ հրապարակային չեն։ Կարո՞ղ ենք այդ քարտէզներին հասանելիութիւն ունենալ, թէ՞ ոչ, ի՞նչն է գաղտնի, ինչպէ՞ս կարող է պետութեան սահմանը լինել գաղտնի։ Իրենց իսկ տրամաբանութեան մէջ իրենք յայտնւել են ծուղակում, որովհետեւ ՀԽՍՀ սահմանը եթէ Ալմա Աթայի հռչակագրով եւ միջազգային իրաւունքի ուժով աւտոմատ միջազգային սահման է, այստեղ էլ ի՞նչ խնդիր կայ։ Մենք ունենք ՀՀ յստակ տարածք, առանձին հատւածներում ճշգրտման ենթակայ, ինչը շատ բնական պրոցես է, բազում պետութիւններ տասնամեակներով ճշգրտում են իրենց սահմանները։ Սա ոչ պատերազմի առիթ կը լինի, ոչ էլ որեւէ բանի»,- ասաց արդարադատութեան նախարարի նախկին առաջին տեղակալը:
Նրա խօսքով՝ այս իշխանութիւններն այնքան են իջեցրել մեր սուբիեկտայնութեան նշաձողը, որ պատերազմի եւ խաղաղութեան հարցերը, ցաւօք, մեզանից կախւած չեն:
«Ինչ վերաբերում է բառակոյտին, որն այս իշխանութիւնը շռայլում է, եթէ Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի անկախացման ժամանակ սահմանների միջազգային ճանաչման նորմատիւ հիմք է միջազգային իրաւունքի սկզբունքի ուժով, ինչպէ՞ս Հայաստանը կարող է լինել ճանաչւած պետութիւն, եթէ լեգիտիմ սահման չունի։ Չի կարող լինել ճանաչւած պետութիւն, կամ կը լինի այն սահմաններով, որ ճանաչում են այդ պետութիւնները։ Օրինակ՝ այսօր Ղրիմը ոչ մէկը չի ճանաչում Ռուսաստանի մաս, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը սահման չունի։ Բայց մենք այդ խնդիրը չունենք։ Ըստ իմ տեղեկութիւնների՝ մենք ԽՍՀՄ դարաշրջանում ունեցել ենք ադմինիստրատիւ, վարչական սահմանների որոշման գործընթաց։ Եթէ ունեցել ենք, ապա չի կարող այլեւս խնդիր լինել։ Եթէ կայ այդ խնդիրը, դա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վէճ է։ Բայց ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը չունի լեգիտիմ սահման, եթէ չունի, ինչի՞ համար ենք յղում անում Ալմա Աթայի հռչակագրին։ Ուրեմն՝ պէտք է վաւերացման ենթակայ երկկողմ պայմանագրով, ի դէպ, ոչ թէ Կառավարութեան անդամի որոշմամբ, այլ երկկողմ պայմանագրով, մեր սահմանները որոշւեն»,- եզրափակեց Գրիգոր Մուրադեանը: