Հայաստան - Արցախ

Ադրբեջանը ձեւախեղում է Արցախի պետական համալսարանի շէնքը

«ԱԼԻՔ» – Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ, 2023 թւականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծւեց «Ղարաբաղի համալսարանը», որը պէտք է գործի 2024 թւականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական համալսարանի շէնքում: Ներկայումս Արցախի Պետական համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շէնքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացւել է շէնքի ամբողջ երեսպատումը, որն արւել էր շէնքի վերջին վերանորոգման ժամանակ: Այդ մասին յայտնում է «Monument watch»-ը:

«Գլխաւոր ճակատից արդէն իսկ հեռացւել է հայերէն «Արցախի Պետական համալսարան» գրութիւնը: Հաւանական է, կը հեռացւի նաեւ քիչ աւելի ներքեւ գտնւող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրութիւնը:

Արցախի Պետական համալսարանը հիմնադրւել է 1969 թւականին եւ սկզբնապէս եղել է «Բաքէի Վ. Լենինի անւան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճիւղը», իսկ 1973 թւականին՝ ստացել ինքնուրոյն կարգավիճակ եւ վերանւանւել Ստեփանակերտի Պետական մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շէնքը Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցւել էր, ամրակայւել, կառուցւել էին նոր մասնաշէնքեր:

Նախքան Արցախի ամբողջական բռնազաւթումը՝ համալսարանն ունէր 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող եւ 200 դասախօս: Համալսարանի գրադարանն ուներ աւելի քան 100 հազար կտոր գրականութիւն, հրատարակչութիւն, որտեղ հրատարակւում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդէս», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրւած Արցախեան առաջին պատերազմում զոհւած 75 ուսանողների յիշատակին կանգնեցւած յուշարձանը:

Արցախի ամբողջական օկուպացիայից եւ հայաթափումից յետոյ դադարեց Արցախի Պետական համալսարանի գործունէութիւնը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգութիւնը: Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչութիւնից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պէտք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մէկը յատկացւելու է նրանց որպէս հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածւող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին յարող տարածքները՝ բնակելի եւ մասնաւոր տները քանդւում են:

Related Articles

Back to top button