Հայաստան - Արցախ

Արշակ Կարապետեանը նշել է 44-օրեայ պատերազմում պարտութեան պատճառը եւ գովել Օննիկ Գասպարեանին

Ինչ է թաքնւած դրա տակ

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Արշակ Կարապետեանը «Ռադիօ Աւրորա»-ի եթերում՝ ռուս քաղաքագէտ, հրապարակախօս Դարիա Միտինայի հետ հարցազրոյցում անդրադարձել է 2020 թւականի 44-օրեայ պատերազմին եւ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած պետութեան եւ հէնց նրա՝ պատերազմ վարելու եւ պատերազմական իրավիճակում կառավարման ունակութիւններին:

Կարապետեանը նշել է, որ կանոնաւոր բանակը նրա համար է, որպէսզի ստեղծւեն պայմաններ՝ զսպելու հակառակորդին այնքան ժամանակ, մինչեւ մոբիլիզացիոն ռեզերւը կը մոբիլիզացւի, եւ ակնարկել, որ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի 20 օրն Ադրբեջանի համար այնքան էլ հեշտ չի եղել՝ «հարւածել պատին», այսինքն՝ մեր բանակը կարողացել է ապահովել պաշտպանութիւն եւ դիմադրել:

«Բայց իշխանութիւնը ձախողել է կառավարումը, չէ՞ որ պատերազմը պետութիւնն է վարում, համապատասխան կազմակերպում է իրականացնում եւ վարում: Իսկ այս իշխանութիւնը ոչինչ չի արել, ինքնամեկուսացւել է: Նրանք ամէն ինչ դրել են ԳՇ պետի վրայ եւ մի կողմ քաշւել: Իսկ ԳՇ պետը (գեներալ-գնդապետ Օննիկ Գասպարեանը։- Մ. Պ.), այո՛, գրագէտ զինւորական է, մարտական սպայ, պատրաստւած սպայ, բայց նրան մենակ են թողել՝ իր շտաբի հետ: Այսինքն, Ադրբեջանը յաղթել է այդ պատերազմում միայն շնորհիւ այն բանի, որ ունեցել է կառավարման առումով առաւելութիւն, եւ ոչ թէ մարտի դաշտում: Այո՛, եղել են պահեր ԱԹՍ-ների հետ կապւած, բայց որոշ ժամանակ անց դրան էլ էին սովորել, իսկ անօդաչուները թուրքական եւ իսրայէլական արտադրութեան էին, դրանք շատ էին, բայց բանակն արդէն կարողանում էր կռւել նաեւ այդ պայմաններում: Սակայն իշխանութիւնը ոչինչ չի արել, բացարձակ ոչինչ: Ամբողջ բեռը դրել են զինւորականութեան վրայ եւ մի կողմ քաշւել: Չի իրականացւել գրագէտ մոբիլիզացիա: Եւ այսօր էլ հէնց իշխանութիւնները պէտք է ապահովեն երկրի անվտանգութիւնը, եւ եթէ Ադրբեջանն իմանայ, որ, օրինակ, 2 կմ. վերցնելու փորձի դէպքում կորուստներ է ունենալու, 10 անգամ կը մտածի՝ վերցնե՞լ, թէ՞ չվերցնել»,- մանրամասնել է Արշակ Կարապետեանը եւ նշել, որ իր նախարար եղած ժամանակ Երասխի հատւածում մի ամիս իրադարձութիւններ են եղել, բայց Ադրբեջանին ոչինչ չի յաջողւել, երբ նրանք մէկ ամիս փորձել են առաջ գալ նախիջեւանեան հատւածում, Երասխի ուղղութեամբ՝ թէկուզ 1 մետր, որովհետեւ ապահովել են պաշտպանութիւն:

«Յստակ պահանջ էր դրւած՝ չթողնել դիրքերը, բանակը կատարել է իր խնդիրը»,- ընդգծել է ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարը եւ նշել, որ այսօրւայ բանակի հետ կապւած բազմաթիւ հարցեր կան, բայց ինքը չի ցանկանում գնահատական տալ:

Միւս կողմից՝ Կարապետեանը չի անտեսել Տաւուշի կամ հիւսիսարեւելեան սահմանագօտու հատւածում դիրքեր յանձնելու փաստը՝ նշելով, որ այնտեղ ամուր պաշտպանական գիծ ունէինք:

«30 տարի Ադրբեջանը փորձել է գրոհել եւ դիրքեր վերցնել, բայց դա նրանց չի յաջողւել»,- շեշտել է նա՝ յաւելելով, որ Նիկոլ Փաշինեանի ասած՝ յստակեցւած սահմանն Ադրբեջանին հետ չի պահելու, եւ բարենպաստ պայմանների դէպքում գնալու է համապատասխան քայլերի, եւ խաղաղութեան պայմանագիրը եւս անվտանգութիւն չի ապահովելու, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը յստակ ցոյց են տալիս՝ պատրաստւում են պատերազմի:

Արշակ Կարապետեանի յայտարարութիւններին անդրադառնանք առանձին-առանձին:

Գերագոյն հրամանատար Փաշինեանի կառավարման անկարողութիւնը՝ 44-օրեայ պատերազմի պարտութեան պատճառ

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Արշակ Կարապետեանը ռուս քաղաքագէտ, հրապարակախօս Դարեայ Միտինային տւած հարցազրոյցում, ըստ էութեան, թւարկում է 44-օրեայ պատերազմում ՀՀ պարտութեան հիմնական պատճառները՝ կառավարման համակարգի ձախողում, մոբիլիզացիոն գործընթացի ձախողում, Փաշինեանի՝ պատերազմական պայմաններում կառավարելու անկարողութիւն։ Այստեղ կարո՞ղ ենք նաեւ դիտաւորութիւն տեսնել, կամ, ինչպէս ռազմական կամ քաղաքական որոշ փորձագէտներ են ասում՝ գործ ենք ունեցել կազմակերպւած անկազմակերպւածութեան հետ:

Այսինքն, պատերազմի ժամանակ որոշումները յաճախ ընդունւել են «ոտքի վրայ» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենեակում՝ մի քանի մարդկանց մօտ, որոնց մի մասը բանակից, ռազմական որոշումներից բան չէր հասկանում: Մինչդեռ, ըստ մասնագէտների, նման որոշումները պէտք է ընդունւեն ՊԲ հրամանատարական կէտի ծառայողական պարտականութիւններ կատարող զօրատեսակների, ծառայութիւնների ներկայութեամբ: Այլ կերպ ասած՝ համապատասխան վայրում՝ մարտական կառավարման կէտում, եւ ամենակարեւորը՝ ընդհանուր օպերատիւ պլանաւորման օղակում, որտեղ կայ շտաբ, հրամանատար, կան շտաբի բոլոր զօրատեսակները, ծառայութիւնները, որոնք էլ իրենց առաջարկութիւնները կանեն: Այսինքն, պատերազմի ժամանակ երկիրն ու բանակը ղեկավարւել է «ոտքի վրայ»: Եւ սա աւելի ուշ արձանագրել էր նաեւ Ադրբեջանը:

Մասնաւորապէս, 2021 թւականի յունիսին ադրբեջանական CBC հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը նշել էր՝ պատերազմի արդէն 7-րդ օրը զգացւում էր, որ «հայկական ռազմական ղեկավարութիւնը կորցրել է զինւած ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տւել»: Նշենք, որ ինչ-որ պահի Ադրբեջանի ԳՇ կառավարումն իրենց վրայ էին վերցրել թուրքական գեներալները:

Իսկ 2021-ին Զաքիր Հասանովը պնդել էր հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզօր պայքարը (ՌԷՊ), ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրւել համապատասխան համակարգերը:

«Խնդիր դրւած չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարւել, այլ հարց է ծագել, որ տւեալ սպառազինութեան տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետեւ հակառակորդը շատ հզօր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունէին ամենաժամանակակից ռուսական արտադրութեան ՌԷՊ համակարգերը»,- ասել էր նա:

Աւելի ուշ ադրբեջանցի ռազմական փորձագէտ Ռամիլ Մամեդլին ադրբեջանական լրատւամիջոցներից մէկի հետ զրոյցում ադրբեջանական բանակի բարեփոխումների համատեքստում խօսել էր իրենց հրետանային ստորաբաժանումների եւ ականանետային մարտկոցների վերափոխման եւ որակի բարձրացման մասին, այնուհետեւ նշել, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ հայկական հրետանին բաւականին արդիւնաւէտ եւ յաջող է կիրառւել:

Այն, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ որոշ հատւածներում Ադրբեջանի համար հեշտ չի եղել, անգամ Ադրբեջանի նախագահն է տարբեր հարցազրոյցներում ընդունել:

Մասնաւորապէս, 2021-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահն «Ազգային պաշտպանութիւն» ամսագրին տւած հարցազրոյցում ասել էր, որ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչեւ վերջ»:

«Ես, իհարկէ, կը նշէի Սոլթանլի եւ Ամիրւարլի բնակավայրերի վերցնելը: Ինչո՞ւ: Այնտեղ շատ հզօր պաշտպանութիւն կար: Մի քանի օր մեզնից պահանջւեց ակտիւ մարտական գործողութիւններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրութիւնը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչեւ վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մէկի մօտ չպէտք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսեւորել է հաստատակամութիւն: Ոչ մի դէպքում չպէտք է թերագնահատել հակառակորդին»,- ասել էր Ալիեւը:

Չմոռանանք, որ Քարվաճառը, Ակնան առանց կրակոցի են յանձնւել Ադրբեջանին, այստեղ ոչ մի միլիմետր հայկական կողմը չի կորցրել, եւ իրապէս մարտի դաշտում բուն ռազմական գործողութիւնների ժամանակ հայկական կողմն աւելի քիչ տարածք է կորցրել, քան դրանից յետոյ՝ առանց կրակոցի: Դեռ մի կողմ դնենք այն, որ մարտի դաշտում կորուստներն էլ կարող էին չլինել, եթէ բանակին կռւելու համար համապատասխան պայմաններ ստեղծւէին՝ մարդկային ռեսուրսի համալրումից՝ մինչեւ զինամթերքի ճիշտ ժամանակին մատակարարում:

Այսինքն, ինչպէս 2023 թւականի յունիսին յայտարարել է ԳՇ նախկին պետ Օննիկ Գասպարեանը՝ «ոչ արդիւնաւէտ կազմակերպւեց զինւած ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով եւ զինամթերքով անխափան ու կանոնաւոր ապահովումները, ինչի հետեւանքով լիարժէք հնարաւորութիւն չտւեց հրթիռների եւ զինամթերքի ծախսը, ինչպէս նաեւ սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Նիկոլ Փաշինեանը, այո, ձախողել է նաեւ մոբիլիզացիոն գործընթացը: 2020 թւականի սեպտեմբերի 27-ին նախ յայտարարւել էր համընդհանուր զօրահաւաք, այնուհետեւ՝ մասնակի:

Աւելին, բազմաթիւ անձինք, ովքեր ունէին որոշակի կամ կոնկրետ մասնագիտութիւն, պատրաստւածութիւն, չընդգրկւեցին մոբիլիզացիայի մէջ: Կամ անձինք, ովքեր ունէին որոշակի պատրաստւածութիւն եւ կարող էին որոշակի, այսպէս ասած, պաշտօններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկւեց մեկնել՝ որպէս կամաւոր զինւոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստւել է որոշակի գործառոյթներ իրականացնելու համար, նրան որպէս զինւոր օգտագործելը, ինչը որոշ դէպքերում կատարւեց, աբսուրդ էր:

Մինչդեռ, մասնագէտների գնահատմամբ, եթէ պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկէ, գաղտնի են եւ չեն կարող բացայայտւել), ստեղծւէին համապատասխան ուժերը, ի վերջոյ, 44-45 օրը բաւականին մեծ ժամանակ է, որ ձեւաւորւէին մարտունակ զօրամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մէջ եւ կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամաւորական խմբերը:

Այն, որ զօրահաւաքի հետ կապւած խնդիրներ են եղել, 2023 թւականի օգոստոսի 1-ին 44-օրեայ պատերազմի Քննիչ յանձնաժողովում արձանագրել էր նաեւ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանը, սակայն չէր մանրամասնել այն հարցաքննութեան բաց մասում, այն թողնելով դռնփակ հատւածին:

Իսկ Արշակ Կարապետեանի՝ 44-օրեայ պատերազմին առնչւող յայտարարութեանը, որ ձախողւել է Փաշինեանի իշխանութեան կառավարման համակարգը, որ իշխանութիւնն ինքնամեկուսացւել է եւ ամբողջ բեռը եւ պատասխանատւութիւնը պատերազմը վարելու թողել այդ ժամանակ ԳՇ պետ Օննիկ Գասպարեանի վրայ, դիտարկենք նաեւ այլ տեսանկիւնից: Այո, Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմի ժամանակ ձախողւել է՝ որպէս երկրի ղեկավար եւ գերագոյն հրամանատար:

Այո, շատ յաճախ պատերազմի օրերին եւ 2020 թւականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ յայտարարութեան նախնական տարբերակի հրապարակումից յետոյ ԳՇ պետն ու Պաշտպանութեան նախարարն է ռուսական կողմի հետ փորձել բանակցել տարբեր հարցերի շուրջ եւ ձեռք բերել պայմանաւորւածութիւններ: Բայց սա Նիկոլ Փաշինեանին չի ազատում գլխաւոր բանակցողը լինելուց, եւ այն, որ, ըստ Արշակ Կարապետեանի, ամէն ինչ թողնւել է ԳՇ պետի վրայ, սա եւս չի նշանակում, որ պարտութեան միակ պատասխանատուն բանակն է: Մյուս կողմից՝ մի փոքր վերապահում կայ, որ իշխանութիւններն ամբողջովին մեկուսացել են եւ ԳՇ-ին մենակ են թողել: Եթէ այդպէս էլ լինէր, եթէ ԳՇ-ին եւ բանակին չխանգարէին, գուցէ 44-օրեայ պատերազմի ելքն այլ լինէր, առնւազն չէինք պարտւի այն արդիւնքով, ինչով պարտւեցինք:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետեանին, ապա 44-օրեայ պատերազմի ժամանակ նա եղել է Նիկոլ Փաշինեանի խորհրդականը, եւ, ըստ էութեան, ներսից է տեսել կառավարման խնդիրները:

Ի դէպ, 2020 թ. սեպտեմբերի 2-29-ը ներառեալ Փաշինեանն արձակուրդ էր տրամադրել իր գեներալ խորհրդականին, եւ յայտնի չէ՝ սեպտեմբերի 25-ին, երբ Փաշինեանը տեղեկութիւն է ստացել՝ պատերազմ է լինելու, արդեօ՞ք յետ է կանչել Արշակ Կարապետեանին, եւ ամբողջ պատերազմի ընթացքում ի՞նչ խորհուրդներ է տւել 10 տարի ռազմական հետախուզութիւնը ղեկավարած Արշակ Կարապետեանը Նիկոլ Փաշինեանին:

168.am-ը ուղիղ եւ յօդւածի տեսքով ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարին մի շարք հարցեր է ուղղել, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին: Բացի նշւածներից, յայտնի չէ՝ 44-օրեայ պատերազմում տեսնելով Փաշինեանի կառավարման անկարողութիւնը, պատերազմից յետոյ նրա միանձնեայ որոշմամբ Սիւնիքից զօրքը յետ քաշելու փաստը, 2021 թւականի փետրւարի 25-ին ՀՀ զինւած ուժերի յայտարարութիւնը՝ Օննիկ Գասպարեանի ղեկավարութեամբ, որ «ՀՀ վարչապետը եւ կառավարութիւնն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկւատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում, գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», 2021 թւականի ադրբեջանական առաջխաղացումները եւ կրակել-չկրակելու հետ կապւած խնդիրները, ինչո՞ւ է Արշակ Կարապետեանը համաձայնել 2021 թւականի օգոստոսին ստանձնել ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնը, երբ Նիկոլ Փաշինեանը յստակ դրել էր իր առջեւ՝ պէտք է առաջ տանի իր քաղաքական օրակարգը, այն է՝ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա: Յանուն բանակի վերականգնմա՞ն է համաձայնել այդ գործընթացը թոյլ չտալու, ինչը չի յաջողւել, որովհետեւ նման քաղաքական կամք չի ունեցել Նիկոլ Փաշինեանը, իսկ իրեն էլ մօտ 3 ամսից ազատել են պաշտօնից:

Ի դէպ, չի բացառւում, որ այդ ազատման մէջ դերակատարում է ունեցել Կարապետեանի ռուսական ուղղւածութիւնը կամ Արեւմուտքից ոչ ուղիղ նման ակնարկ է եղել: Գուցէ մի օր այս համատեքստում փաստեր ի յայտ գան: Գուցէ նաեւ այլ պատճառնե՞ր կան:

Երասխում 2021 թւականին Ադրբեջանը փորձել է առաջխաղացո՞ւմ ապահովել

Ինչ վերաբերում է Կարապետեանի յայտարարութեանը, որ 2021-ին, երբ դեռ ինքը պաշտպանութեան նախարար էր, Ադրբեջանը փորձել է նախիջեւանեան թեւում՝ Երասխի հատւածում, առաջխաղացում ապահովել եւ մէկ ամիս լարւած է պահել, իսկապէս, սեպտեմբերից հոկտեմբեր տարբեր սադրանքներ են եղել այդ ուղղութեամբ:

Մասնաւորապէս, 2021 թւականի սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն էր տարածել. «Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից եւ դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնաւորապէս՝ Երասխի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով մահացու հրազէային վիրաւորում է ստացել ՀՀ ՊՆ N զօրամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնւած, կրտսեր սերժանտ Գեղամ Լիովայի Սահակեանը»:

Պաշտպանական գերատեսչութիւնը նաեւ յստակ զգուշացրել էր. «Պաշտպանութեան նախարարութիւնը խստիւ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողութիւնները եւ նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնայ։ Իրադրութեան սրման ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ»:

Այնուհետեւ Երասխի հատւածում հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակւած կրակոցից հրազենային վիրաւորում էր ստացել ՀՀ ՊՆ N զօրամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրեանը:

Իսկ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էր բացել Հայաստանի Հանրապետութեան Արարատի մարզի, մասնաւորապէս՝ Երասխ գիւղի, եւ այդ հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով այրւել են գիւղի բնակիչներից մէկի անասնագոմը եւ խոտի դեզերը։ ՀՀ ԶՈւ անձնակազմի եւ քաղաքացիական բնակչութեան շրջանում տուժածներ չէին եղել: Միաժամանակ, նոյն ժամանակահատւածում ադրբեջանական կողմը յայտնել էր՝ «զինւոր է սպանւել հայ դիպուկահարի կրակոցից»:

Այսինքն, իրապէս, մէկ ամիս լարւած է եղել Երասխի հատւածում: Իսկ 2021 թւականի նոյեմբերի 15-ին Կարապետեանին Փաշինեանը որոշել էր ազատել:

Արդէն 2022 թւականի մարտին Փաշինեանը սկսեց խօսել Երասխից զօրքի յետքաշման մասին:

«Մենք հանդէս ենք եկել նաեւ տեղային յետքաշումների առաջարկներով եւ այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանգին: Մասնաւորապէս, Երասխի հատւածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք յետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք յետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կը լուծենք վերջին մէկուկէս տարւայ ամենաթէժ կէտերից մէկի հարցը: Ինչպէս ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանգին»,- Կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել էր նա: Եւ սա այն դէպքում, որ Երասխի հատւածում հայկական կողմը գերակայ դիրքերում է,անգամ, երբ 2018 թւականին ապրիլ-մայիս ամսին միջդիրքային հատւածում Ադրբեջանն առաջ էր եկել, ինչը կարող էինք մենք անել: Բայց հաշւի առնելով, որ Փաշինեանը քանդեց կամ թուլացրեց Տաւուշի հատւածում՝ հիւսիսարեւելեան պաշտպանական գիծը, յաջորդը կարող է լինել նաեւ այս ուղղութիւնը, յատկապէս, երբ Տիգրանաշէնի յանձնման հարց կայ:

Իսկ այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան գործնականում չեն պատրաստւում խաղաղութեան, ապացուցում է Ալիեւ-Էրդողան վերջին հանդիպումը Թուրքիայում եւ դրա օրակարգը՝ Ադրբեջան-Թուրքիա համագործակցութեան ամրապնդում պաշտպանական եւ ռազմարդիւնաբերութեան ոլորտում, Երեւան-Բաքու խաղաղութեան պայմանագիր:

Ադրբեջանական կայքերից մէկն Ադրբեջան-Թուրքիա ռազմական ամուր համագործակցութիւնը եւ դրա ընդլայնման անհրաժեշտութիւնը պայմանաւորել էր «ՀՀ-ում ռեւանշիստական տրամադրութիւնների աճով»՝ յղում անելով Իլհամ Ալիեւի վերջերս արած յայտարարութեանը՝ «մենք տեսնում ենք, որ նման գաղափարներ գոյութիւն ունեն, եւ ոչ միայն ընդդիմութեան շրջանում, այլ իշխող թիմում»:

Գուցէ բանակո՞ւմ էլ կան նման տրամադրութիւններ, որոնք չեն երեւում, գուցէ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը հոգու խորքում չի՞ կիսում Փաշինեանի քաղաքական օրակարգը, կամ ամբողջապէս չի կիսում եւ դեռ մնում է այն կարծիքին, որ՝ «թշնամին օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները….»:

168.am

Related Articles

Back to top button