Արցախի ԱԺ. Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացւած բանաձեւը
Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի եւ Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացւած բանաձեւը, որով առաջարկւում է պաշտօնապէս ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացւած էթնիկ զտումները, պատասխանատւութիւն պահանջել Ադրբեջանից ռազմական յանցագործութիւնների համար եւ պաշտպանել արցախցիների՝ անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքը։
Կարեւորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացւած այս բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թւականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան եւ ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անյապաղ գործողութիւններ ձեռնարկել՝
. ապահովելու Արցախի բռնի տեղահանւած ժողովրդի սեփական հայրենիք ազատ եւ անվտանգ վերադառնալու հիմնարար իրաւունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքոյ,
. պատժամիջոցներ կիրառել ռազմական յանցագործութիւնների համար մեղաւոր ադրբեջանական պաշտօնեաների նկատմամբ,
. հումանիտար աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանւած արցախցիների հումանիտար խնդիրները հասցէագրելու համար,
. կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրւող ռազմական աջակցութիւնը
. քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահւող հայ ռազմագերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման եւ Արցախում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ։
Լիայոյս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացւած բանաձեւը պաշտօնապէս կընդունւի Ներկայացուցիչների պալատի կողմից, եւ դրանում ներկայացւած դրոյթները կարտայայտւեն ԱՄՆ գործադիրի կողմից վարւող քաղաքականութեան մէջ՝ նպաստելով Հարաւային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղութեան հաստատմանը։
ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունց
ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեան
ԱՀ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամ Կարէն Բեքարեան
Յիշեցնենք, որ յունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրես էր ներկայացւել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձեւ: