Ալիեւը չի՛ գնայ Խաղաղութեան պայմանագրի ստորագրման
Թէեւ Հայաստանի իշխանութիւնը յայտնում է պատրաստակամութիւն մէկ ամսւայ ընթացքում Ադրբեջանի հետ Խաղաղութեան պայմանագիր կնքելու մասին, ի պատասխան դրան՝ Ադրբեջանի նախագահը հայկական կողմի առաջ հերթական նախապայմանն է դնում՝ ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու վերաբերեալ, եւ առաջարկում կնքել ոչ թէ Խաղաղութեան պայմանագիր, այլ հիմնական սկզբունքների մասին մի փաստաթուղթ։
«Խաղաղութեան պայմանագրի տեքստի կամ առնւազն դրա հիմնական սկզբունքների վրայ աշխատանքը հնարաւոր կը լինի աւարտել մի քանի ամսւայ ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարաւոր տարբերակներից մէկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնութեան, նախաստորագրել դրանք, այնուհետեւ աշխատել տեքստի վրայ»,- ասել է Ալիեւը երէկ Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, անդրադառնալով Հայաստանի իշխանութեանը պարտադրւող հերթական պայմաններին, նշեց՝ Ալիեւի պահանջներն անվերջ են, քանզի չկայ Խաղաղութեան պայմանագիր կնքելու նպատակ։
«Ալիեւը չի՛ գնայ Խաղաղութեան պայմանագրի ստորագրման, որովհետեւ Ալիեւը որքան փըշտ է անում, Փաշինեանն այնքան զիջումներ է անում, դրա համար է Ալիեւն առաջարկում ստորագրել մի տեքստ՝ լղոզւած՝ առանց վերջնական յստակեցումների։ Ուշադրութեան է արժանի այն, որ հայկական կողմն ասում է, թէ մէկ ամսւայ ընթացքում պատրաստ են կնքել Խաղաղութեան պայմանագիր. խորքում ե՛ւ հայկական կողմի այս առաջարկը, ե՛ւ Ալիեւի առաջարկած նախաստորագրումը նոյն բանն են։ Մէկ ամսւայ ընթացքում կնքւած թուղթը լինելու է լղոզւած, ճղճիմ, կոնկրետութիւնից զուրկ թղթի կտոր։ Այս երկուսը նոյն բանն են ասում. Չէ՞ որ երկու կողմն էլ կարող են նշել տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու հանգամանքը, բայց չէ՞ որ Ալիեւն էլ ասում է, որ այն, ինչ Հայաստանի իշխանութիւնը համարում է Հայաստանինը՝ Ադրբեջանինն է»,- ասաց Խաչատրեանը։
Պատգամաւորի դիտարկմամբ՝ ուշադրութիւն պէտք է դարձնել այն փաստի վրայ, որ ադրբեջանական կողմն ընդհանրապէս չի խօսում, օրինակ, Ջերմուկից իր զօրքը հանելու մասին. Ջերմուկից ադրբեջանական զօրքի դուրսբերման պահանջի մասին չի խօսում նաեւ միջազգային հանրութիւն ասւածը, այն նոյն մարդիկ, որոնք Արցախում իրենց համար կարմիր գիծ էին համարում ուժի գործադրումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը վստահ է՝ Ալիեւին չհակադրւելու քաղաքականութիւնը Փաշինեանը վարելու է նաեւ Ալիեւի կողմից պահանջւող Սիւնիքի միջանցքի բացման հարցում, եւ պատահական չէ, որ իր հարցազրոյցներից մէկի ժամանակ ասաց, թէ՝ ի՞նչ իմաստ ունի Սիւնիքով 40 կմ.-անոց հատւածում որեւէ ռեժիմ սահմանել։
«Փաշինեանն իր երկարատեւ հարցազրոյցներից մէկի ժամանակ ասաց, թէե՝ 40 կմ.-ի վրայ ի՞նչ իմաստ ունի թղթեր ստորագրելը։ Դրանով ինքն Ալիեւին ասաց՝ այդ ճանապարհին կը գործի այլ իրաւասութիւն. ոչ այնպիսին, ինչպիսին գործում է հայաստանեան այլ ճանապարհների վրայ։ Ալիեւին ճանապարհ կը տան, որի վրայ կը գործի այլ ռեժիմ, բայց կասեն, թէ միջանցք չեն տւել։ Ադրբեջանն այդ պարագայում Հայաստանով անցնող վագոնները կարող է պայթեցնել, ապա մեղադրել Հայաստանին անվտանգութիւն չապահովելու համար եւ ուժով մտնել Սիւնիք»,- ասաց Խաչատրեանը։