Հայաստան - Արցախ

Վստա՛հ եմ` վերադարձ լինելու է

«Դուք պատկերացրէք մենք հասել ենք մի կէտի, երբ այդ ամբողջական վերադարձի հնարաւորութիւն ստեղծւել է. ի դէպ, ես դրան հաւատում եմ։ Պէտք է շնորհակալութիւն յայտնել ադրբեջանցիներին, որ կառուցում են Շուշին ու միւս բնակավայրերը, դրանք մեզ համար են կառուցում, այսպէս թէ այնպէս, վերադարձը լինելու է, որովհետեւ, կարծում եմ, դա պատմական օրինաչափութիւն է, մենք հազարամեակներով ապրել ենք այդ հատւածում եւ սետղծւած աշխարհաքաղաքական զարգացումների, ներքաղաքական հարցերի հետեւանքով կորցրեցինք, բայց համոզւած եմ, որ դա ժամանակաւոր է եւ մենք պէտք է վերադառնանք, դա կատարւելու է, ամէն հայ այդ գաղափարով պէտք է ապրի»,-Yerkir.am-ի տաղաւարում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ Վահրամ Բալայեանը։

Հարցին, թէ՝ տեղահանւած արցախցին իր ամբողջական խնդիրների մեջ այսօր ի՞նչ լրջագոյն խնդիր ունի, որին բախւում է, մեր զրուցակիցն ասաց.

«Խնդիրները բազմաթիւ են, սկսած՝ սոցիալ-հոգեբանականից միչեւ՝ քաղաքական… Բայց որպէս արցախցու, որպէս մարդու ինձ առաւել մտահոգում է այն, որ մենք չենք կարողանում բնակարանային ծրագրում այնպիսի մի կէտ աւելացնել, որով հնարաւոր լինի կոմպակտ բնակեցւած տարածքներ ստեղծել, որտեղ ապրեն արցախցիները։ Պարտադիր չէ Երեւանին մօտ լինի, կարող է լինել Լոռիում կամ Սիւնիքում, ինչու եմ Սիւնիքը շեշտում, քանի որ մենք մի աշխարհ ենք՝ բարբառի, սովորոյթների հետ կապւած եւ այլն։ Այսինքն՝ ստեղծւեն բնակավայրեր, որտեղ մարդիկ իրար մօտ ապրեն, որպէսզի ամբողջական վերադրաձի համար պայմաններ ստեղծւեն»,-ասաց Վահրամ Բալայեանը։

«Արցախը միայն արցախցունը չէ, Արցախը համայն հայութեանն է, եւ էնպէս չէ, որ Երեւանում ապրողը պէտք է ասի՝ ի՞նչ կապ ունեմ ես Արցախի հետ, այսինք՝ ինքը շատ մեծ կապ ունի Արցախի հետ, որովհետեւ իր հայրենիքն է, մեր ժողովրդի կազմաւորման օջախներից է եղել եւ կարծում եմ այդ պատասխանատւութիւնը իւրաքանչիւրս պէտք է ունենանք։ Էդ պատասխանաւութիւնն ունենալու պարագայում կարող ենք ամբողջական վերադարձը իրականութիւն դարձնել»,-ասաց Վահրամ Բալայեանը։

 Ուրեմն որեւէ մէկն առնւազն խաղաղութիւն չի ուզում

Յուլիսի 18-ին, օրւայ առաջին կէսին, նախ Ադրբեջանը յայտարարեց, թէ Փաշինեանը հրաժարւել է հանդիպել Ալիեւի հետ ու դա համարեց խաղաղութեան բանակցութիւններից հրաժարւում։ Շատ կարճ ժամանակ անց Հայաստանը հակառակը յայտարարեց, որ՝ դա Ալիեւն է հրաժարւել հանդիպումից, ոչ թէ Փաշինեանը։ Երկու ղեկավարներն էլ Մեծ Բրիտանիայում միջոցառման էին մասնակցում։

Օրւայ երկրորդ կէսին, արդէն, պարբերաբար հերքումներ էին, մէկը միւսի վրայ էր գցում։

Իրականութիւնը ո՞րն է, չգիտենք. հնարաւոր է՝ Ալիեւն է հրաժարւել, ասել է՝ մինչեւ սահմանադրութիւնը չփոխես, չենք բանակցելու։ Հնարաւոր է՝ Փաշինեանն է հրաժարւել հանդիպումից, գուցէ օրակարգը անգամ իր համար է վատը եղել։ Հնարաւոր է՝ հանդիպման «քաւորներն» են ասել հիմա ժամանակը չէ, աշխարհը սաղ խառնւել է իրար (այս երրորդը քիչ հաւանական է)։

Ստացւում է՝ հետեւեալը, Փաշինեանն իր հեծանիւ քշելն ընդմիջում է, հասնում է Լոնդոն, հանդիպում է Լիւքսեմբուրգի վարչապետին, Իսպանիայի վարչապետին, Յունաստանի վարչապետին, Շւէյցարիայի նախագահին, Լիտւայի նախագահին, Էստոնիայի վարչապետի պաշտօնակատարին, Կոսզովոյի նախագահին, Չեխիայի վարչապետին ու էլ ում ասես, քննարկում հայ-ադրբեջանական հարցեր, բայց ում հետ որ պէտք է խաղաղութեան պայմանագիր իբր կնքի, չի հանդիպում։

Կապ չունի, թէ կողմերից որ մէկը չի ուզել հանդիպի. երկու դէպքում էլ հարց է առաջանում՝ եթէ դուք ամէն օր 10 անգամ խօսում էք խաղաղութեան անհրաժեշտութիւնից, բայց իրար հրաժարւում էք հանդիպել ու մէկդ միւսի վրայ գցում մեղքը, ուրեմն որեւէ մէկն առնւազն խաղաղութիւն չի ուզում։

Խաղաղութիւն ուզողներն ամէն ինչ անում են իրար հանդիպել-քննարկելու համար։ Դուք հանրութանը, միջազգային ուժերին խաբում էք, թէ գնում էք խաղաղութիւն ստորագրելու, բայց իրար մեղադրում էք հանդիպումից թռնելու համար։ Կրկնում եմ՝ կարեւոր չէ, թէ որ կողմն է հրաժարւողը. սա նշանակում է, որ ոչ մի խաղաղութեան գործընթաց էլ չկայ, ժողովրդին դնում էք հիմարի տեղ։ Բայց՝ հայ ժողովրդին, որովհետեւ Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղութեան չի տրամադրել, այլ՝ տարածքների տեսքով նւէրներ։

Yerevan.today

Related Articles

Back to top button