Ճանաչենք Հայոց աշխարհը
Հարսնաձորի Դիտակէտը
Դիտանոց՝ թշնամու զօրքերի առաջխաղացումը վերահսկելու համար։ Այն Զանգեզուրում կառուցւած դիտանոցների շարքում երրորդն է։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գիւղի, իսկ յետոյ՝ Հարսնաձորի դիտանոցի զանգը, եւ վերջում արդէն Տաթեւի վանքի զանգակատունը, որի ձայնը տարածւում էր 50 կմ. շառաւղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան։ Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանւել է բոլորաշտարակը՝ կոչնակի զանգը հնում պահող իր շղթայով հանդերձ։
Գարեգին Նժդեհ
Սիւնիքը սեւ հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիօրէն երեւալ այս կամ այն ռազմագիտօրէն կարեւոր բարձունքի վրայ եւ նեղը դնել հայութիւնը: Կռւի ռազմափորձային ձեւերին դիմել ենք եւ մենք՝ օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպէս համառ կէտեր, որպէս տիրապետող դիրքեր, եւ, ամենալաւը, որպէս ռազմագիտական բանալիներ: Ահա թէ ինչու ինձ պէտք էր հրահրելով ժողովրդի սէրը դէպի իր լեռները, յաճախ կրկնել Սիւնեցուն, թէ հայրենի լեռների վրայ է իր փրկութիւնը: Ահա թէ ինչու իմ վարած անհաւասար գոյամարտի օրերին լեռնահայութեան իմ տւած պատւիրաններից մէկն այսպես էր յորդորում ժողովրդին «Տաճարներիդ մէջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ եւ պաշտիր դա, որ անւազ մնայ սէրդ դէպի հայրենի լեռները»։
Կատարօ վանք
Կատարօ վանք (Ինչպէս նաեւ Կատարավանք), հայկական հոգեւոր կառոյց, մատուռ, հիմնւել է 4-րդ դարում, ներկայիս շինութեան կառուցումն աւարտւել է 17-րդ դարում, գտնւում է Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանում, ծովի մակերեւոյթից աւելի քան 2400 մետր բարձրութեան վրայ՝ Դիզափայտ լեռան (2478) գագաթին։
Վանքը հանրապետութեան տարածքում հանդիպող ամենաբարձրադիր յուշարձանն է, ունի ուղղանկիւն հատակագիծ՝ երկթէք ծածկով։
Ինչպէս Արցախի միւս շրջանները, Հադրութի շրջանը եւս հարուստ պատմամշակութային ժառանգութիւն ունի,
այստեղ հաշւում են 400-ից աւելի պատմաճարտարապետական յուշարձաններ, որոնցից շատերը դեռեւս ուսումնասիրւած չեն։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ