Ինչպէս է Ամանորը նշւել Հայաստանում
ԱՐՄԷՆ ԱՍԱՏՐԵԱՆ
Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի գիտաշխատող
Նոր տարւայ առաջին օրը, որ հայերն անւանել են Ամանոր (ամ՝ «տարի» եւ «նոր» բառերից) կամ Նաւասարդ (հնդիրանական նաւա՝ «նոր» եւ «սարդ»՝ տարի), վաղնջական ժամանակներից ձեւաւորւած մի տօն է՝ կապւած գալիքի բարեբեր ակնկալութեան հետ: Այն երբեմն անւանւում է նաեւ կաղանդ, տարեգլուխ, նորաբեր, ամանորաբեր եւ այլն:
Հայոց աշխարհում Ամանորը սկզբնապէս տօնւել է մարտի 21-ին, որը հին տոմարով համապատասխանել է գարնան առաջին օրւան, հետեւապէս բնութեան զարթօնքին, երբ ցերեկը վերջապէս յաղթում է գիշերին, լոյսը՝ խաւարին, որը մեր նախնիների պատկերացմամբ ընդունւում էր որպէս բարութեան յաղթանակը չարի նկատմամբ: Այդ օրը հայոց դիցարանում վիշապաքաղ Վահագնի (ռազմի եւ հզօրութեան աստւած) ծննդեան օրն էր:
Հնում Ամանորը տօնւել է հնդեւրոպական լեզւաընտանիքի լեզուներով խօսող մի շարք երկրներում: Իրանում զրադաշտականութեան հետեւորդները հաւատում էին, որ իւրաքանչիւր ամիս եւ օր ունի իր հովանաւորը: Ընդորում, տարին սկսւում էր գարնանային օրահաւասարով, որը գտնւում էր բարութեան եւ արդարութեան աստծոյ՝ Ահուրա Մազդայի հովանու ներքոյ: Հարկ է նշել, որ այդ հնագոյն ամանորեայ տօնակատարութիւնը հետագայում մուսուլմանական Նոռուզի հիմք դարձաւ:
Բնական է, որ Հայոց Նոր տարին նշւել է արիական միւս ժողովուրդների հետ միաժամանակ, քանի որ նոյնական էր աշխարհընկալումը: Հայոց նախահօր՝ Հայկի հետնորդները ընդունել են բնութեան պարբերականութիւնը՝ գարուն, ամառ, աշուն ու ձմեռ, որոնք նոյնացւել են ծնունդի, հասունութեան, ծերութեան եւ մահւան հետ: Բնութիւնը ծնւում էր, ապրում եւ մեռնում աստւածների ու մարդկանց նման: Այնպէս որ, բոլորովին էլ պատահական չէ մեռնող եւ յառնող աստւածների՝ իրանական Ահուրա-Մազդայի, յունական Ադոնիսի, սլաւոնական Եարիլայի եւ հայկական Արայի մասին առասպելների նմանութիւնը: Այդ աստւածները ծնւում էին բնութեան զարթօնքի հետ, հասունանում եւ առնականանում՝ ամառային առատութեան, ծերանում աշնանային տերեւաթափի եւ մահանում ձմեռային սառնամանիքների հետ, որպէսզի գարնանային ծաղկունքի հետ նորից յառնեն եւ ճառագեն մարդկութեանը լուսեղէն ջերմութիւն: Հին արիացիները նոր տարւայ սկիզբը համարում էին մարտի 21-ը՝ կենդանակերպ տարւայ առաջին օրը: Նոյնիսկ ուշ շրջանի գրչագրերն են հաւաստում, որ միջնադարում էլ ժողովուրդը մշտապէս գարնանամուտը համարել է տարեսկիզբ: Ազարիա Ջուղայեցին 1616 թ. եւ Վարդան Կարբեցին 1707 թ. տոմարներ կազմելիս նոր տարին համարել են մարտի 21-ը:
Ամանորը տօնւել է ամբողջ Հայաստանում: Գլխաւոր տօնակատարութիւնները սկզբնապէս կատարւել են Բագրեւանդ գաւառի Բագաւան քաղաքում եւ ապա շարունակւել Աշտիշատում, Նպատ լեռան մօտ, Ձիրաւի դաշտում եւ այլուր: Տօնակատարութիւնը սկսւել է վաղ առաւօտից, երբ ծխացել են բոլոր տների ծխանները: Մարդիկ ծխանի ծխով շնորհակալ էին լինում աստւածներին, գլխաւորապէս Ամանորի աստծուն՝ Վանատուրին, այդ տարւայ տան ծուխ ու կրակը կենդանի պահելու համար (այստեղից է խօսքը, թէ՝ միշտ թող ծխայ, անպակաս լինի տանդ կրակի ծուխը).
Օ՜ տայր ինձ զծուխն ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի:
Ամանորի տօնակատարութիւնները միշտ ուղեկցւել են թմբուկների զարկերով, փանդիռների նւագակցութեամբ եւ փողահարութեամբ: Գլխաւոր տօնակատարութիւնը թագաւորի, արքունիքի եւ զօրքի ներկայութեամբ կատարւել է Բագաւանի Վանատուր աստծոյ գլխաւոր մեհեանի (բագին) մօտ, իսկ քրիստոնէական ժամանակներում նոյն մեհեանի տեղում կառուցւած Ս. Յովհաննէս վանքում: Վանատուրը (բառացի նշանակում է հիւրընկալ, օթեւան տւող, հիւրասիրող) նաեւ հին հայկական դիցարանի հիւրասիրութեան աստւածն էր: Ժողովուրդը իր գալիքի իղձերն ու երազանքները, յաջողութիւնների գրաւականը կապում էր Վանատուրի բարերարութեան հետ: Հետագայում, շարժական տոմարի փոփոխմամբ, Ամանորը տեղափոխւել է ուշ ամառ՝ Նաւասարդի (օգոստոս) 11-ը: Ըստ տոմարագէտների՝ նշւել է աշնանամուտին՝ օգոստոսի կէսերին: Մովսէս Խորենացու վկայութեամբ, այս տօնը սահմանել էր Հայոց Վաղարշ արքան: Նաւասարդեան տօների մասին յիշատակութիւններ ունեն նաեւ Փաւստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը եւ շատ ուրիշներ:
Ամանորի այդ տօնախմբութիւնը, որը տեւել է մի քանի օր, ազգային միասնութեան մեծ խորհուրդ է պարունակել: Այդ օրերին տեղի են ունեցել Նաւասարդեան խաղեր, զանազան մրցութիւններ, խրախճանքի հանդէսներ, թատերական ներկայացումներ, կատարւել են ծիսական երգեր, պարեր եւ այլն: Այդ օրերից մէկը կոչւել է «գինարբուքի օր», երբ մարդիկ խմել են քաղցր հիւթեր եւ թեթեւ խմիչքներ:
Ամանորեայ ուտելիքը տարբեր գաւառներում գրեթէ նոյնն է եղել, որը բնորոշել է տօնասեղանների միասնական ազգային բնոյթը: Այդ սննդատեսակների մէջ առաջինը եղել է հայկական կլորհատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Եւ նոր տարւայ սեղանին դրւել է հէնց այդ ցորենից պատրաստւած հացը, որպէսզի հայոց հեթանոս աստւածները բարեբեր դարձնեն նոր տարին: Այդ է պատճառը, որ մինչեւ այսօր էլ օգոստոսին հայկական շատ գիւղերում դեռեւս տօնւում է «բերքի տօնը»:
Հայոց Կիլիկիայում ամանորեայ գլխաւոր տօնախմբութիւնները կատարւել են Ամանոսեան լեռների ստորոտում (Մարաշ քաղաքի մօտ): Հարկ է նշել, որ ամանորեայ ողջ ծիսակարգը համընդհանուր է եղել ամբողջ պատմական Հայաստանի համար.
Հանճարդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ,
Ալ վերածնէ փլատակներեն, եւ փառագոշ Քնարդ առ:
Հետագայում, երբ 1582 թ. Հռոմի Գրիգոր 13-րդ պապը տոմարական նոր բարեփոխումներ է կատարել, համաշխարհային օրացոյցում յունւարը ընդունւել է որպէս տարւայ առաջին ամիս, իսկ տարւայ առաջին օրը՝ նոր տարի, նւիրւած հռոմէական Եանուս աստծուն: Յունւար ամսւայ մասին պահպանւել է հետեւեալ աւանդութիւնը. վէճ է եղել, թէ տարւայ առաջին ամիսը սկսել Եանուսից, թէ Մարսից: Եանուսը համարւել է խաղաղութեան, իսկ Մարսը՝ պատերազմի աստւած: Վիճաբանութիւնը աւարտւել է նրանով, որ մեծամասնութեամբ որոշւել է նոր տարւայ առաջին ամիսը սկսել Եանուսից (յունւար), այն ակնկալութեամբ, որ ամբողջ տարին խաղաղ լինի: Հայաստանում պետականութեան բացակայութեան պայմաններում, Հայոց եկեղեցին պաշտօնապէս 18-րդ դարում Սիմէոն Երեւանցի կաթողիկոսի հրահանգով յունւարի 1-ը ընդունել է որպէս նոր տարւայ առաջին օր:
Ամանորը նոր ակնկալիքների, յոյզերի, խոհերի եւ բարեմաղթութիւնների խորհրդանիշն է՝ մեր համազգային գեղեցիկ տօներից մէկը: Եւ այժմ, երբ մօտենում է հերթական Ամանորը, մեր ժողովրդին մաղթում ենք խաղաղ գոյակցութիւն, ստեղծագործ միտք եւ բերքառատութիւն: Թող հայ ժողովրդի համար Ամանորը սկսւի որպէս «Առաւօտ լուսօ, Արեգակն արդար…»:
Akunq.net