Յարգելի ընթերցող, պատմական աւելի քան մէկդարեայ ողբերգութիւնները, որոնց բոլորս ծանօթանում էինք լոկ դասագրքերում ու պատմական վէպերում, ահա, այսօր, ազգովի վերապրում ենք առարկայօրէն՝ մեր առօրեայում թերթւող չարագուշակ էջերի ընդմիջից։
Կրկնակի եւ երիցս ցաւալի իրողութիւնն այն է, որ այսօրւայ ողբերգութիւնների ականատեսն ենք՝ 20-րդ դարավերջում (դարձեալ ազգովի) յաղթանակած ազատագրական պայքարի եւ բազում զոհողութիւնների արդիւնքում վերանւաճաց Անկախութեան 3-րդ տասնամեակի ժամանակաշրջաններում…
Ահաեւ՝ ականատեսը դարձանք ու դեռ ցաւ ի սիրտ շարունակում ենք ականատեսը լինել նոյն փառապանց յաղթանակի լուսապսակ՝ ԱՐՑԱԽԻ ըստ ամենայնի շրջափակմանը, էթնիկ զտմանը, ցեղասպանութեանն ու բոլոր ներքին, թէ՛ արտաքին թշնամիների նպատակադրած ՀԱՅԱԹԱՓՄԱՆԸ։
Աշխարհագրա-քաղաքական անխուսափելի եւ միաժամանակ վայրի ու դաժան օրինաչափութիւնների նմանատիպ շարունակման դէպքում, յատկապէս, երբ միեւնոյն «օրինաչափութիւնների» արդիւնքում մեր Երկիր-Հայաստանում ձեւակերպւեց դրածոյ իշխանախումբ, ապա սպասելի եւ անխուսափելի է լինելու նոյն թշնամիների բուն վերջնանպատակը, այն է՝ Հայկական Պետականութեան եւ Հայոց Հայրենիքի հրէական, Անգլօսաքսոնական ու ըստ էութեան թուրքական ոճով ապամոնտաժումը։ Իսկ սրա կենսագործման մեկնարկը տրւել էր ճարտարօրէն գծագրւած ու նախագծւած՝ դեռեւս 2018-ի առերեւոյթ ժողովրդական, բայց հիմքում աղանդաւորական ու գայթակղիչ հնչեղութեամբ՝ թաւշեայ յեղաշրջումով…։
Յարգելի ընթերցող, բոլորիս ապշած հայեացքի ներքոյ, վերջին 5-6 տարիներում պատահած վերոնշեալ ողբերգութիւնների հետեւանքով այսօր իսկ փաստ է, որ նոյն հայրենազրկւած ու բռնագաղթւած Արցախահայերը հազարաւորներով արդէն իսկ լքել են իրենց «հարազատ գաղթօջախ» Հայաստանը։ Վիճակագրական հաւաստի թւերը խօսում են աւելի քան 20 հազար արտագաղթողի մասին, իսկ ժողովրդավա՜ր ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եւրոմիութեան երկրների դեսպանատների առջեւ օրնիբուն ծւարող ու վիզայի սպասող հերթագրւածների շարասիւնը աւելի սարսափելի տեսք է հաղորդում նոյն դեսպանատների կողմից կոկորդ պատռելով յորջորջւող՝ «ժողովրդավարութեան փարոս Հայաստանին»…
***
Սփիւռքահայութեան (ներառեալ հինաւուրց ու Հայաստանամերձ իրանահայերիս) առաւելաբար ազգային գաղափարախօսութեանը հետեւող խաւերին, հասարակական, կրթամշակութային ու յատկապէս քաղաքական կառոյցներին դիմելիս, Հայաստանի մեր քոյր-եղբայրներն ու մանաւանդ պետական-կառավարական շրջանակները դեռեւս սովետական ժամանակներից ցայսօր, բարձրաձայն յայտնում էին, որ արտերկրում ապրելով հանդերձ, հայապահպանման վիթխարի ճիգ ու ջանք է իրականացւել…, իսկ նոյն Սփիւռքի ազգային կառոյցները խնդրոյ առարկայ հայապահպանումը ամենայն համոզւածութեամբ բնութագրում էին որպէս ոչ-ինքնանպատակ հասկացութիւն։ Ըստ նոյն կառոյցների՝ հայապահպանութիւնը իմաստաւորւում եւ արժեւորւում է այն ժամանակ, երբ նոյն սփիւռքեան միջավայրում ապրող հայի մտասեւեռումն ու նպատակակէտը հանդիսանում է Մայր Հայաստանն ու հայի հարազատ բնօրրանի կայացում-զարգացում-հզօրացումը…։
Ու այս օրերին յատկապէս, արտերկրի եւ Սփիւռքի հայութիւնը նոյնչափ եւ որոշ պարագաներում աւելին՝ ցաւում-տառապում է իր հայրենի օջախի ամենադոյզն ձախողումից ու հարազատ բնօրրանի նկատմամբ անվտանգային սպառնալիքների առկայութիւնը համարում է իր իսկ եթէ ոչ անմիջական ու ֆիզիկական, այլ աւելի խոցելի եւ ինչ-որ տեղ աւելի զգայուն՝ հոգե-մտաւոր ապրումների քայքայիչ սպառնալիքը։
Ահաւասիկ, կրկին անգամ ազգային եւ հաստատապէս պետական-հայրենական, պատմական ու առհասարակ քաղաքակրթական համազգային արժանապատւութեանը սպառնացող որեւիցէ վտանգի այլեւս աններելի անտեսումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն հայապահպանման ինքնանպատակայնացումն ու իմաստազրկումը…։
ԱՄՓՈՓՈՒՄ
Իւրաքանչիւր հայի (նոյնիսկ Վիլիամ Սարոյեանական բնութագրմամբ՝ աշխարհում մնացած գէթ միակ հայի) համար, այսօր առաւել քան երբեւէ ահազանգային, ինչու ոչ նաեւ կենաց-մահու հիմնախնդիր պէտք է լինի իր յաւերժական հայրենիքի՝ Հայաստանի պետականութեան, ինքնիշխանութեան դէմ ցցւող որեւէ հողային-տարածքային, ռազմաքաղաքական, ժողովրդագրական եւ մարդկային-իրաւական ներուժ ու ներգործուն որեւիցէ սպառնալիք՝ լինի դա ներքին, թէ՛ արտաքին ճակատից…։
Յոյժ կարեւորն ու անյետաձգելին, սակայն, գիտակցելն ու խուսափելն է՝ դանակը ոսկորին հասնելուց յետոյ միայն (չասելու համար արդէն իսկ հասած) կողմնորոշւելուց՝ ծանրակշիռ սպառնալիքներն ու իրական վտանգները յաղթականօրէն դիմագրաւելու համար…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու