Հայաստան - Արցախ

103 տարի առաջ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպէս Հայաստանի մաս

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետութիւնում հաստատւում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի յեղափոխական կոմիտէի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհաւորական ուղերձ է յղել, որտեղ յայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Յեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրւանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վէճերը յայտարարւում են վերացւած: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարւում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան մասը»:

Խորհրդային Ադրբեջանի Յեղկոմի վերոնշեալ որոշումը, ստորագրւած Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի եւ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսէյնովի կողմից, 1920 թ. դեկտեմբերի 7-ին տպագրւել է Երեւանում լոյս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերէն թարգմանութեամբ:

Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատւածի լուսապատճէնը.

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիւ 1920 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաեւ հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ որոշակիօրէն խմբագրել է Ադրբեջանի Յեղկոմի ընդամէնը մէկ օր առաջ՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Նարիմանովը, մասնաւորապէս, յայտարարել է, որ «…Զանգեզուրի եւ Նախիջեւանի գաւառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատաւոր գիւղացիութեանը տրւում է ինքնորոշման լիարժէք իրաւունք…»:

Յաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրւել է Բաքւում լոյս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատւածի լուսապատճէնը.

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Յեղկոմի նախագահի 1920 թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկեանը 1921 թ. յունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով յայտնել է, որ «Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Դեկրետը հրապարակւել է Երեւանում լոյս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. յունիսի 19-ի համարում:

Ահա «Խորհրդային Հայաստան» թերթի բնօրինակ էջի համապատասխան հատւածի լուսապատճէնը.

Նոյն թւականի յունիսի 22-ին փաստաթուղթը տպագրւել է նաեւ Բաքւում լոյս տեսնող «Бакинский рабочий» (Բաքւի բանւոր) ռուսալեզու թերթում: Ահա այն.

Եւ այսպէս, երկու ինքնիշխան պետութիւններ՝ Խորհրդային Հայաստանը եւ Խորհրդային Ադրբեջանը, վէճ ունէին կոնկրետ տարածքի հետ կապւած: Վէճը լուծելու նպատակով տւեալ երկրների իշխանութեամբ օժտւած մարմիններն իրենց իրաւասութեան սահմաններում վէճի առարկայի վերաբերեալ ընդունել են իրաւական ակտեր, որոնք հրապարակւել են ժամանակի պաշտօնական մամուլում: Արդիւնքում կարգաւորւել է 1918 թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանա-արցախեան հակամարտութիւնը:

Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը ճանաչել է որպէս Հայաստանի մաս:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
քաղաքագէտ

Related Articles

Back to top button