Հայաստան - Արցախ

Լիլիթ Գալստեան. «Լռութիւնը շատ էր, բառերը՝ քիչ»

«Ընկերներիս հետ Սասնաշէնում էի՝ Արագածի բարձրադիր փէշերին փռւած սասունցիաբնակ գիւղում։ Դիմացն Արարատը՝ մեր իմաստուն լեռը, մշուշի մէջ թաղւած, ճեղքւած-փեղեկւած սրտով, ճերմակագագաթ․․․»,- գրում է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«Աշնանային արեւոտ օրւայ մէջ, խաղաղ թւացող երկնքի տակ, մեր վիրաւոր հայրենիքն է, սիրել-փարւելու, նրանից ներողութիւն խնդրելու ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Սասնաշէնից վեր ու Սասնաշէնից վար սասունցիաբնակ ուրիշ գիւղեր էլ կան, ու բոլոր գիւղերի առջեւ տարին երեք հարիւր վաթսուհինգ օր ու արդէն մէկ դար եւ աւելի Արարատն է, մեր Սրբազան լեռը։ Բիբլիական Արարատը միշտ է այնտեղ եղել, Նոյից էլ առաջ, բայց սասունցիների համար այն ուրիշ նշան է, դարից մի քիչ էլ երկար ձգւող նշան։

Սասնոյ Կոշակ գիւղում ծնւած իմ Ֆայաթ/Ստեփան/ պապն ու փշուտցի Ուստեան տատը, որ յետոյ աշնակցի պիտի դառնային, շատերի նման հատելով Արաքսն ու դեգերելով Արեւելեան Հայաստանի մի քանի ծաղկուն ու բերրի բնակավայրերում, եկել ու հաստատւել էին ծաղկած քարերի, ամռան տապից ցամաքող ջրերի ու մողեսաշատ ձորերի երկրում, հայեացքներն ու միտքը՝ Արարատին, սահմանին մօտ․ ամէն օր ապրելով ու հաւատալով ՏՈՒՆ-ԵՐԳԻՐ վերադառնալու երազանքին։

Մինչեւ վաթսունականները, շատերի նման, մերոնք էլ են ժամանկաւոր հիւղակներում ապրել․․․ իրենց տունը, հողն ու ջուրը Սասունն էր, իրենց սիրտն էր Սասունում․․․

Այսօր, Արագածի բարձրադիր փէշին, Սասնաշէն գիւղում, խաղաղ թւացող երկնքի տակ, սասունցիների ու թալինցիների երրորդ կամ չորրորդ սերունդը/Գեղամը, Թադէոսը, Ագնէսը, Տարօնը․․․/ աղ ու հաց էր կիսում Թալինում ու գիւղերում հաստատւած Արցախցի մեր եղբայրների հետ․․․

Լռութիւնը շատ էր, բառերը՝ քիչ․․․

Աչքերում չքողարկւող ցաւ ու քարացած արցունք։

Մենք իրար հասկանում էինք անխօսք․․․

Եւ, բառերից անդին, ամենակարեւորը՝ ԵՐԳԻՐ ու ԱՐՑԱԽ վերադառնալու կամքը երբեք չի մեռնի, քանի ունենք հաւատ, իղձ ու արժանապատւութիւն։

Մենք՝ մեր տեսակը, հաստատ ունի․․․»։

04.12.2023
Yerkir.am

Related Articles

Back to top button