Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ Կուբայի նախագահի հետ հանդիպման ժամանակ. «Ահրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի զոռբայութեան դէմ համաշխարհային դաշինք ձեւաւորել»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ դեկտեմբերի 4-ին ընդունել է պաշտօնական այցով Թեհրան այցելած Կուբայի նախագահ Միգէլ Դիազ-Կանէլին:

Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Իրանի եւ Կուբայի քաղաքական եւ տնտեսական հսկայ ներուժին ասել է. «Այս կարողութիւնները պէտք է օգտագործւեն դաշինք եւ կոալիցիա ձեւաւորելու այն երկրների միջեւ, որոնք նոյն դիրքորոշումն ունեն ամերիկեան եւ արեւմտեան զոռբայութեան դէմ»:

Այաթ. Խամենէին նշել է, որ կենտրոնանալով տնտեսական համագործակցութեան վրայ, այս կոալիցիան կարող է ընդհանուր եւ արդիւնաւէտ դիրքորոշում որդեգրել գլոբալ այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին է Պաղեստինի հարցը:

Անդրադառնալով պաղեստինեան հիմնախնդրին, Յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է, որ այն չի սահմանափակւում միային Գազայի ներկայ պատերազմով. «Պաղեստինի ժողովուրդը վերջին 75 տարիների ընթացքում ենթարկւել է ամէն տեսակի բռնութիւնների, խոշտանգումների եւ սպանդի, սակայն այժմ Գազայում տեղի ունեցած ողբերգութիւնն այնքան մեծ է, որ ողջ իրականութիւնը բացայայտւել է աշխարհի հանրային կարծիքի համար եւ այլեւս հնարաւոր չէ թաքցնել այն»,- ասել է նա:

Խօսելով երկկողմ յարաբերութիւնների մասին, այաթ. Խամենէին կարեւորել է բոլոր ոլորտներում դրանց ամրապնդումն ու խորացումը: Նա «յեղափոխական ազնւութիւնը», «յեղափոխական սկզբունքայնութիւնը» եւ «յեղափոխական լրջութիւնը» Կուբայի յեղափոխութեան եւ Իսլ. յեղափոխութեան ընդհանուր յատկանիշերն է համարել:

Կուբայի նախագահն էլ իր հերթին ընդգծելով, որ երկու երկրները կարող են լրացնել միմեանց տարբեր ոլորտներում, յատկապէս՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջամտողական գործողութիւնների եւ պատժամիջոցների հետ կապւած, նշել է, որ Իրանը եւ Կուբան կարող են խորացնել իրենց կապերը միջազգային համագործակցութեան ոլորտում եւ ազդեցիկ լինեն այնպիսի կարեւոր գլոբալ հարցերում, ինչպիսին է Պաղեստինը:

Related Articles

Back to top button