Հայաստան - Արցախ

Մուրադ Փափազեան. «Բաքուն՝ գերութեան մէջ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, ծառայութիւն է մատուցում ՀՀ իշխանութեանը»

Aravot.am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

Աշխարհում յայտնի աւելի քան 150 գործիչներ, այդ թւում Նոբէլեան մրցանակի դափնեկիրներ, պետութիւնների նախկին ղեկավարներ, հումանիտար գործիչներ՝ կոչ արեցին անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել Բաքւում պահւող հայ բանտարկեալներին ու գերիներին: 32 գերեվարւածների մասով գործընթացը կայացաւ, բայց 20-ից աւելի գերիներ՝ Ադրբեջանի կողմից հաստատւած, այդ թւում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները՝ ութ անձ, շարունակում են մնալ Բաքւի բանտերում. արդեօք այդ ստորագրահաւաքը որեւէ ազդեցութիւն կունենա՞յ նրանց ճակատագրի վրայ:

– Նախաձեռնութիւնը, որի մասին յիշատակեցիք, մի նախաձեռնութիւն է, որով միջազգայնացւում է հարցը եւ դրւում է հանրային հարթութեան վրայ, բայց, անշուշտ դա բաւարար չէ՝ «համոզելու» համար Իլհամ Ալիեւին, որ ինքը պէտք է ազատ արձակի հայ գերիներին: Ի դէպ, այդ պարտաւորութիւնը ամրագրւած էր դեռ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարութիւնն ազատ արձակեց գրեթէ բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին եւ այլ պահւող անձանց՝ պայման չդնելով, որ բոլոր հայ ռազմագերիներն ու այլ պահւող անձինք էլ անյապաղ ազատ արձակւեն: Այսինքն, չփոխանակեցին, իսկ սա կը նշանակի, որ Հայաստանը հասուն կառավարիչներ չունի, այլապէս այն ժամանակ գերիների եւ պահւող այլ անձանց հարցը յստակ կը դրւէր: Ինչ վերաբերւում է Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, պէտք է ասեմ, որ նրանց գերեվարութիւնը դժբախտ իրողութիւն է: Կարծում եմ, Ադրբեջանը բարոյական ճնշում է գործադրում այդ մարդկանց վրայ՝ իրենց պրոհայկական եւ պրոարցախեան դիրքորոշումների համար: Այս մարդիկ, իրենց ղեկավարման տարիներին, դէմ են գնացել Ադրբեջանի պաշտօնական կեցւածքին՝ յայտարարելով, որ Արցախը պէտք է հայկական մնայ:

Մենք՝ Սփիւռքի ներկայացուցիչներս, անշուշտ, պէտք է շարունակենք նրանց ազատ արձակելու շուրջ աշխատանքը. կայ յայտնի, հանրային աշխատանք եւ աշխատանք, որը կուլիսներում է տարւում, բայց ինձ բաւական զարմացնում է, որ Հայաստանի դիւանագիտական մեքենան չի աշխատում այս ուղղութեամբ, ջանք չի գործադրւում, որպէսզի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն ազատ արձակւեն: Հայաստանի ղեկավարութիւնն այս ուղղութեամբ միջազգային որեւէ ճնշում չի գործադրում: Կարծում եմ, որ մենք պէտք է փորձենք ճնշումներ գործադրել ՀՀ ղեկավարութեան վրայ, որպէսզի պետական մակարդակով, պետական լծակներով այս ուղղութեամբ աշխատանք տանի, ճնշում գործադրի միջազգային ընտանիքի վրայ: Մենք, օրինակ, ակտիւ աշխատանք ենք տանում Ֆրանսիայում, հաւանաբար նկատեցիք, որ 150 ստորագրեալների մէջ կան նաեւ Ֆրանսիայի ղեկավարներ, Փարիզի քաղաքապետը: Վերջինս մամուլի ասուլիսով էլ հանդէս եկաւ՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել Բաքւի բանտերում պահւող բոլոր հայ գերիներին՝ շեշտը դնելով Արցախի ութ բարձրաստիճան ղեկավարների վրայ: 

Ասում էք, որ յաւելեալ ճնշում պէտք է գործադրել միջազգային հանրութեան վրայ, որպէսզի վերջինս էլ Ադրբեջանի նախագահի վրայ ճնշում գործադրի. օրինակ, ի՞նչ պէտք է անել: Նաեւ՝ հաշւի առնելով, որ COP 29-ը հիւրընկալելու Ադրբեջանի յայտին ՄԱԿը պէտք է համաձայնութիւն տար միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դէպքում, իսկ համաձայնութիւնը տրւած է, սա կարո՞ղ է յոյս լինել, որ ներքին պայմանաւորւածութիւններ կան բոլոր գերեվարւած անձանց վերադարձնելու հարցով:

– Մենք լուրջ աշխատանք պէտք է տանենք միջազգային հանրութեան հետ. COP 29-ը դեռ մէկ տարի յետոյ է եւ յստակ պայման պէտք է լինի միջազգային հանրութեան կողմից, որ այն տեղի կունենայ Ադրբեջանում, եթէ բոլոր գերիներն ազատ արձակւեն: Մենք այդ աշխատանքը տանում ենք. մի քանի օր առաջ էլ Փարիզի քաղաքապետի մօտ հիւրընկալւել էինք, որտեղ նաեւ բաւական բարձրաստիճան այրեր կային ու մեր աշխատանքի ուղղութիւնը հէնց դա էր՝ COP 29-ը չի կարող տեղի ունենալ Ադրբեջանում, եթէ հայ գերիները դեռ ադրբեջանական բանտերում են: Բայց նաեւ ԵՄ-ն, որը լաւ կապեր ունի Ադրբեջանի հետ, որովհետեւ այդ երկրից գազ է գնում, ԵՄ անդամ մի շարք երկրներ եւ հաստատութիւններ եւս պէտք է Ադրբեջանի վրայ ճնշումներ գործադրեն: Իսկ դրա համար հայկական համայնքների, Սփիւռքի աշխատանքն է հարկաւոր: Մէկ բան յստակ է՝ ակտիւ աշխատանքը պէտք է շարունակել միջազգային հանրութեան հետ՝ թէ՛ հանրային ձեւով, թէ՛ կուլիսներում, որպէսզի Ալիեւը հասկանայ, որ այլ տարբերակ ինքը չունի, քան գերեվարւած բոլոր անձանց վերադարձնելն է, այդ թւում նաեւ Արցախի բարձրաստիճան պաշտօնեաներին: 

Փաստեցիք, որ հայկական դիւանագիտութիւնն այդ ուղղութեամբ չի աշխատում, այսինքն, պետական մակարդակով խնդիր դրւած չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերութիւնից ազատելու մասով, եթէ դա պետութիւնը չի անում, Սփիւռքն այլ ի՞նչ լծակներ ունի միջազգային հանրութեան վրայ ճնշում գործադրելու:

– Գիտէք, պետութիւնը ծախեց Արցախը, բայց մենք Սփիւռքը՝ կը շարունակենք մեր պայքարը, որպէսզի միջազգային ընտանիքը չմոռանայ Արցախը: Օրինակներից մէկն էլ Ֆրանսիայի նախագահի եւ դիւանագիտական կառոյցների յայտարարութիւններն են՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն ապահովելու մասին: Սա առաջին քայլն է եւ եթէ նոյնիսկ Հայաստանի ղեկավարութիւնն այս գծի վրայ չէ, մենք պէտք է ամէն ինչ անենք, որ այլ պետութիւններ, դիւանագիտական կառոյցներ, ազդեցիկ անհատներ առաջ տանեն այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը պէտք է կարողանայ ապահով ձեւով վերադառնալ Արցախ: Սա շատ կարեւոր հարց է: Գիտէք, որ ՀՀ կառավարութիւնը եւ Սփիւռքը նոյն գծի վրայ չեն մի շարք հարցերի շուրջ, բայց ռազմագերիների հարցը կարեւոր հարց է եւ մենք, այդ թւում` նաեւ Սփիւռքը, պէտք է ճնշում գործադրի ՀՀ կառավարութեան վրայ, որպէսզի նախ իրենց պարտականութիւնը կատարեն, երկրորդ, մեր կապերով եւ ազդեցութեամբ, պէտք է աշխատանք տանենք այդ ուղղութեամբ: Ու եթէ ՀՀ կառավարութիւնը հրաժարւում է այդ աշխատանքից, դա չի նշանակում, որ Սփիւռքը եւս պէտք է հրաժարւի: Սա, իհարկէ, ցաւալի երեւոյթ է եւ անընդունելի, բայց ունենք այն, ինչ ունենք:

Ձեր կարծիքով, ձեր գնահատականներով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն՝ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը:

– Բաքուն այդ մարդկանց պահելով, կարծում եմ, շատ բան չի շահում, մանաւանդ, որ Արցախը պարտւեց, Հայաստանի իշխանութիւնը յայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Հայաստանի ղեկավարները պատրաստ են առանց բանակցութիւնների ստորագրել Ադրբեջանի կողմից գրւած խաղաղութեան պայմանագիրը: Միակ տրամաբանական բացատրութիւնն այս իրավիճակի, ըստ իս, այն է, որ Բաքուն՝ գերութեան մէջ պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, ծառայութիւն է մատուցում ՀՀ իշխանութեանը: Քանզի, այդ մարդիկ, յատկապէս Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, վերադառնալով Հայաստան, ենթադրում եմ, որ կարող են խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինեանի իշխանութեան համար:

Զրոյցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button